Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Փառատոն» որը կոչ է ու պայքարի ձև

20:59, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2013 թ.
    
    

«Նարեկացի» արվեստի միությունը հունիսի 15-22-ը կազմակերպում է «Նարեկացի արվեստների փառատոն», նպատակը` ներկայացնել իրական հայ մշակույթը և այդ մշակույթը քարոզող, Հայաստանում ապրող ու ստեղծագործող հայ արվեստագետներին: Այդ մասին է պատմում միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը:

- «Նարեկացի» արվեստի միությունը այսօրվա մշակութային դաշտում այն փոքր լույսն է, որի շուրջ համախմբվողները տարեց-տարի շատանում են: Ո՞րն է ձեր միության հիմնախնդիրը, և ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

- «Նարեկացի» արվեստի միության առաքելությունը միշտ եղել է ծառայել մեր ազգին, մեր մշակույթին և աշխատել այն հավատքով, որով որ ստեղծվել է. այսինքն հավատարիմ մնանք սուրբ Գրիգոր Նարեկացու անվանը, որը որդեգրել ենք, որպեսզի միշտ Տիրոջ օրհնությունն ու կապը մեզ հետ լինի: Աշխատենք այնպես, որ վերևից նայեն և հպարտանան. մեր անունը մեզ պարտավորեցնում է աշխատել` մաքուր, հավատով, նվիրված և զոհողությամբ: Մեր նպատակն է ներկայացնել մեր հոգևոր արժեքները, նպաստել ազգային մշակույթի զարգացմանը, ստեզծել դաշտ, որտեղ արվեստը կարողանա ազատ շնչել: Արդեն իննը տարվա պատմություն ունենք` 2004-ից Երևանում, 2006-ից Շուշիում, այդ տարիները շատ բան են փաստում մեր գործունեության մասին` լինի ցուցահանդեսներ, համերգներ, հրատարակություններ, շնորհանդեսներ և այլն:

-Պատրաստվում եք անցկացնել փառատոն, որն իր նախադեպը չի ունեցել: Կպաատմեք փառատոնի մասին. ո՞րն է նպատակը և խորհուրդը:

-Նպատակը մեկն է` ներկայացնել հայկական մշակույթը բարձր մակարդակի վրա, համագործակցելով ամենալավ արվեստագետների հետ: Լինելու են համերգներ և ցուցահանդեսներ, որը անցկացվելու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնը ունի նաև գործնական ուղղվածություն, մեր միությունը իր վրա է վերցրել կազմակերպչական խնդիրները, և լավագույն արվեստագետներին համախմբելու գործը իսկ «Մելոս» կազմակերպությունը զբաղվելու է իրավաբանական, հարկային, հաշվապահական և նմանատիպ այլ հարցերով: Փառատոնի շրջանակներում ներկայացնելու ենք` հոգևոր, ժողովրդական, ազգային, հեղինակային, արդի երաժշտություն. այն բոլոր ոճերը, որ գոյություն ունեն մեր մշակույթում և դա պիտի ներկայացվի միայն հայ արվեստագետներով, մանավանդ այն արվեստագետները, որոնք ապրում են Հայաստանում:

-Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրել մասնակիցներին:

-Վերջին տասը տարիների ընթացքում «Նարեկացի» արվեստի միությունը պատիվ է ունեցել համագործակցել այնպիսի արվեստագետների հետ, ովքեր միշտ բարձր մակարդակով են ներկայացրել հայ մշակույթը: Օրինակ «Լույս» վոկալ հնգյակը և «Օշական» եռյակը, Կամերային երգչախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը` իր երաժիշտների հետ, Վահան Արծրունին, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, ինչպես նաև Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլը և դաշնակահար Լուսինե Գրիգորյանը, նաև «Նարեկացի» ժողնվագարանների համույթը: Տարբեր ժանրերում ներկայացնելու ենք և’ հայ մշակույթը, և’ հայ արվեստագետին: Ներկայացվելու է նաև գեղանկարչություն և լուսանկարչություն:

-Դուք այս փառատոնում հանդես եք գալու, որպես անհատ ստեղծագործող, որը քչերը գիտեն, լուսանկարչությամբ եք զբաղվու՞մ:

- Առաջին անգամ եմ այդ դերում ներկայանալու. իմ լուսանկարչությունը յուրահատուկ ոճ ունի, ես այն կոչել եմ «ֆոտոաուրա»` ֆոտո և աուրա բառերից, որովհետև իր մեջ կա գեղարվեստական շունչ, էներգիա, շարժում…Չեմ ուզում խոսել որովհետև դա բառերով ներկայացնելու չէ, պետք է ուղակի տեսնել: ՈՒրախ կլինեմ, որ մարդիկ այցելեն փառատոնին:

-Կարո՞ղ ենք ասել, որ այս փառատոնը գալիս է ապացուցելու, որ այսօր Հայաստանում միայն շոուբիզնեսի «աստղիկները» չեն, որոնք անընդհատ քարոզվում են հեռուստա-ռադիո եթերներում, այլ ավելի բարձր արժեքներ էլ կան:

-Մեր փառատոնը իր էությամբ կոչ է, և պայքար այդ ամեն ինչի դեմ:

-Ձեր գործունեության ճանապարհը դժբախտաբար այնքան էլ հարթ չէ Հայաստանում. Ի՞նչն է ձեզ պահում, ո՞րն է պահող օղակը:

-Այդ ամենի մեջ կա նախախնամություն. առաքելություն, երբ մարդը զգում է, և գիտակցում, որ ինքը ստեղծված է ծառայելու որպես քրիստոնիա, որպես հայ և որպես մշակույթի ծառա…դա ինքնին արդեն նշանակում է դժվարին ճանապարհ: Միայն ես չէ, որ դժվարությունների և փորձությունների առջև եմ, ճիշտ է իմ պարագայում, դաժան և անարդար, բայց մենք բոլորս, որպես ժողովուրդ և ազգ փորձության մեջ ենք…ուրիշ ժողովուրդներն էլ, բայց մենք մի քիչ ավելի…Այդ փորձությունների միջոցով շատ բաներ բացահայտվում և ակնհայտ են դառնում, դրանց շնորհին ես ինքս շատ բան եմ սովորել: Այլ խոսքով, չարի և բարու պայքար է. կարևորը, որ մենք դա տեսնենք և հասկանանք: Նրանք ովքեր կարողանում են պայքարել, հավատում են արդարությանը` մնում են, և իրենց առաքելությունը ավելի հստակ ու պարզ է դառնում:

-Ի՞նչն է փոխվել այսօր մեր մարդկային որակներում:

-Գիտեք, մարդը իր էությամբ կրում է և’ չ արը, և’ բարին. բոլորս անխտիր… հարցը այն է թե ու՞մ ես կերակրում, եթե հոգուն տալիս ես մաքուրը, բարին, վեհը ինքը այդպես է առաջնորդվում և ծառայում: Եթե մարդը դառնում է ծառա փողին` չարին, սատանան սկսում է գործել նրա մեջ: Աստված մեզ տվել է խոհեմություն, ուշիմություն, որ ընտրություն անենք, մնում է, որ մենք ճիշտ ընտրենք:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7107 | 0 | 0
Facebook