Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արվեստը զգացմունքների գիտություն է

13:14, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2013 թ.

Սաթենիկ Ազատյան


    

Վալմարը աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է և այդ իմաստով ժամանակակից հայ կերպարվեստի յուրօրինակ դրոշակակիրը:

Արվեստագիտության դոկտոր Լեվոն Չուգասզյան


    

-Մենք մեզ համարում ենք հարուստ մշակույթի կրողներ. ինչպիսի՞ արժեքներ ենք մենք ժառանգել և արդյո՞ ք փոխվել են մեր բարոյական չափանիշները:

-Այո, մենք հարուստ մշակույթի ժառանգներ ենք. մենք ունեցել ենք հրաշալի ճարտարապետություն, եկեղեցիներ, մանրանկարչություն, հրաշալի նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ… մեր մշակույթը հզոր է: Փոքր ազգերը, օրինակ, մենք, մեր քանակի առումով մեր մշակութային դաշտը համեմատած ուրիշ ազգերի հետ մի քանի անգամ բարձր է: Իսկ բարոյական չափանիշները ընկալման առումով միշտ պետք է նայել ժամանակի մեջ, եթե հիսուն տարի առաջ մի բանը կարող էր բավարարել այդ ժամանակահատվածի համար, այսօր կարող է նույնը չլինել: Այսինքն ցանկացած բարոյական արժեք պետք է նայել տվյալ ժամանակաշրջանի մեջ:

-Ինչպե՞ս եք տեսնում արվեստագետ-հասարակություն կապը:

-Մենք ունենք արվեստասեր հասարակություն, կապը նորմալ է: Ես իմ շուրջը ունեմ Վալմար սիրողներ, իմ արվեստով հետաքրքրվողներ, մյուսն էլ իր արվեստը սիրողներ ունի: Հարաբերական առումով մեր արվեստասեր հասարակությունը ընկալունակությամբ ավելի բարձր է, քան շատ այլ ժողովուրդներ: Ցանկացած երկիր, ժողովուրդ իր մշակույթով է արժեք ներկայացնում: Արվեստը զգացմունքների գիտություն է և կրթում է մարդու հոգեկան աշխարհը: Արվեստագետը միշտ առջևում է` ինքն է թելադրում հասարակությանը արժեքների ընկալման չափանիշը:

-Իսկ քաղաքական դաշտում արվեստագետի, մտավորականի ներկայությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

-Բոլոր ժամանակներում էլ արվեստագետները իրենց աշխարհն են ունեցել ու իրենց աշխարհում են ապրել: Եթե կա մեկը, ով քաղաքական դաշտում կարող է իրեն առաջնորդ համարել, թող համարի կամ թող մասնակցի: Բայց ես մտածում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով…օրինակ, վաղը քաղաքական գործիչներից մեկը վրձինը վերցնի ձեռքն ու սկսի նկարել, կլինի ինքնուս, չէ՞: Ես էլ ինքնուս եմ քաղաքական դաշտում: Ավելի լավ է, թող ամեն մարդ իր գործն անի:

- «Արվեստագետին պետք չէ անսահման ազատություն, նրան պետք է հող իր ոտքերի տակ»: Ինչպե՞ս կբացատրեք կամ արդյո՞ք համաձայն եք Մ. Սարյանի այս մտքին:

-Միանգամայն համաձայն եմ, իմաստուն է այն առումով, որովհետև արվեստագետը պետք է լիցքավորվի, պետք է ուժ ունենա: Սարի վրա կանգնած մարդը ուրիշ է, հողի վրա կանգնածը ուրիշ: Աշխարհի ամենալավ տեղը քո հայրենիքն է: Ես շատ երկրներում եմ եղել, նույնիսկ մնալու հրավերներ եմ ստացել, բայց ինձ համար, այն հողը որի վրա կանգնած եմ, նրանից եմ էներգիա ստանում, նա է իմաստավորում իմ պայքարը:

-Ի՞նչն է ձեզ որպես նկարչի, ներկայումս ավելի շատ անհանգստացնում` պատերազմի վտա՞նգը, թ՞ե մարդու օտարացումը մարդուց, բնությունից և ընդհանրապես:

-Պատերազմի վտանգ չկա, չի էլ կարող լինել, այդ ժամանակներում չենք ապրում: Կուզեի, որ մարդիկ իրենց հոգևոր դաշտով, իրենց անկեղծությունով, իրենք իրենց նման լինելով հանդերձ, չգիտեմ, մարդկային հատկություններ ասեմ, զգացական աշխարհ, թե հենման կետ . այ դա ավելի շատ լիներ: Վերջիվերջո տարին մեկ անգամ ցուցահանդես անելու նպատակս ոչ միայն հաշվետվությունն է, թե ինչ եմ արել, այլ նաև հասարակությունից ստացող էներգիան: Աշխարհի ամենաթանկ բանը` մարդկային ջերմությունն է, եթե մարդկային ջերմությունը որևէ մեկի մոտ պակասում է, ապա նա շատ հարցերում կաղում է և ամեն ինչ իմաստազրկվում է:

-Ո՞րն է ձեր ստեղծագործական խնդիրը:

-Ամեն մի նկարիչ, իհարկե, պետք է ունենա իր խնդիրը: Արվեստում և ընդհանրապես մարդկային հարաբերություններում, երբ մարդը նման է ինքն իրեն, ոչ մեկի նման չէ, դա գալիս է ներաշխարհի հարստությունից և ուժից: Արտաքին աշխարհից ստացած իմպուլսները հարստացնում են ներաշխարհդ, և միտքն այնքան է հասունանում, որ ծնունդը անխուսափելի է դառնում` վերարտադրում ես մաքրվելով: Ինքդ պետք է հավատաս քեզ և արածդ գործին, որ դիմացինն էլ հավատա: Բոլոր խնդիրներն ու պատասխանները ես փնտրում եմ իմ մեջ: Միշտ պիտի ունենաս խնդիր, ես երբեք չեմ բավարարվել գտածով. նույն նոտայի վրա աշխատել չեմ սիրում, հետաքրքիր չէ: Զգացական աշխարհի ընկալումը ներաշխարհումդ պիտի արթուն լինի, որ միշտ կարողանաս լիցքավորվել, ունենաս քո խնդիրը, և վերարտադրելու ցանկությունը:

-Իսկ ի՞նչ կասեք գույների, նկարչի ներկապնակի մասին: Հավանաբար դա նրա փիլիսոփայությու՞նն է ու հավատա մքը՞:

-Գույնը գալիս է տվյալ մարդու բնավորությունից, զգացումներից… Հակոբ Հակոբյանը ուրիշ տեսակ է նկարում, Սարյանը` ուրիշ, շատ տարբեր են նկարում, բայց երկուսն էլ մեծ են: Օրինակ, եթե ցանկացած արվեստագետի տասը նկար նայեք, կարող եք ասել, թե այդ մարդը ինչ բնավորություն ունի. տեսնելով ինչ գունային կոլորիտ է իր մոտ, ինչ էմոցիաներ են, ինչ խնդիրներ է դրված, և այլն: Ինչ էլ, որ նկարես, ինչ որ մի տեղ քեզ ես նկարում, եթե անկեղծ ես հոգուդ և սրտիդ առջև: Իմ բոլոր նկարներում էլ Վալմարն է, չի կարող ուրիշ բան լինել: Կայացած արվեստագետը արդեն ունի իր խնդիրը և իր գունային կոլորիտը: Գունային կոլորիտի մեջ շատ կարևոր է, թե, որ տարիքում ես: Երիտասարդությունը, երազները ավելի կապույտ են, հետո գալիս է կապտա-կանաչ, կանաչա-դեղնավուն և նարնջագույն. Ինչպես պտուղն է հասունանում բնության մեջ: Ինչքան մարդը մեծանում է, խոսքս նկարչի մասին է, նրա գունային ընկալումը գնում է դեպի տաք գույներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7637 | 0 | 0
Facebook