Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տերևը միայն աշնան սկզբում էր սիրունիկ, գունավոր ...

00:01, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2013 թ.

Սև ու սպիտակ փետուրների հավասար բաշխվածություն ունեցող մի ագռավ կանգնել էր էլէկտրականության լարին ու հանգիստ օրորվում էր աշնանային քամուց: Մի սիրունիկ, գունավոր տերև պտտվում-պտտվում, գալիս կպչում էր խեղճին, ու նա, ջղայնությունի՞ց, թե` սառը քամուց, չգիտեմ, փքվում-կատաղում էր, մի երկու ոտք այս ու այն կողմ էր գնում: Տերևն աներեսի նման նորից էր գալիս, այս անգամ, սակայն ուրիշն էր լինում, պարզվում է: Դե բայց ագռավն էլ հո նրանց չէ՞ր ճանաչում դեմք առ դեմք, կարծում էր` նույն տերևն է, ու դրանից ավելի էր կատաղում…

Նստած թերթ էիր կարդում, կամ, ինչպես ինձ թվաց, ձևացնում էիր, թե կարդում ես: Բայց ես հո գիտեմ, որ դու երբեք քաղաքականությամբ չես հետաքրքրվել: Հիմա այնպես ես խորացրել քո այդ նյարդայնացած ու դժգոհ հայացքը թերթի մեջ, ասես լուրջ կերպով մտահոգված ես Սիրիայի ու Եգիպտոսի հետագա ճակատագրով: Ես մոտենում եմ, հաշտության եզրեր եմ փնտրում, փորձում եմ թեկուզ անիմաստ, բայց մի որևէ խոսակցություն սկսել.

-Ընկերուհիս` Աննան էր զանգել, ասում էր` հավաքվում են իրենց տանը, հրավիրում էր…

-Ես զբաղված եմ, գործի եմ այդ օրը…

«Առանց իմանալու` որ օրը… Լավ…»

Դե ասա` ես ո՞ր գույնի տերևը դառնամ, որ մոտ թողնես:

Խոսի´ր, թող չլինի´ այս բառաշատ ու մեղադրանքաշատ լռությունը, որի մեջ, վստահ եմ, մտքիդ մեջ քեզ կշտամբում ես, բայց սառը քամին, երևի, թույլ չի տալիս հավանել տերևների ցանկալի ջերմությունը: Հիմա քամի է, ես մուտքի դուռն եմ փնտրում. փակ է: Ուզում եմ սպանել լռությունը, իսկ դու նրան անընդհատ արհեստական շնչառություն ես տալիս: Դե, սիրելի´ս, արի զբաղվենք մի «սուրբ» գործով` սերասպանությամբ, մենքասպանությամբ ու տերևասպանությամբ: Դու ինձ սպանիր, ես` քեզ: Զբաղվենք հայացքների, կարոտի, կյանքի սպանությամբ. պարզապես չխոսենք, երկա՜ր – երկար, չխոսենք մի ժամ, լավ` մի օր, մի աշուն, մինչև տերևը գույնը կորցնի ու չորությունից առաջին քամուց փշրվի, գնա հավասրվի հազար տարվա փոշի դարձած նախկին տերևներին, ու թող հարատևի՜ մեր մենքասպանությունը...

Ագռավը մի քիչ մոտեցել էր, այլևս լարին չէր, չէր օրորվում . այդ միայնակ օրորը երևի ձանձրացնում է, չգիտեմ: Դանդաղ ու մտազբաղ քայլում էր կտուրին` աչքի պոչով հետևելով կտուրին մնացած մի կիսաչոր, անգույն ու փշրկան տերևի: Տերևն այլևս չէր թռչում, քամի չկար...

«Քեզ ի՞նչ եղավ, մի անգամ էլ ասա, որ Աննան զանգել որ, որ հրավիրում էր...»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10902 | 2 | 0
Facebook