Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեներալ Սեդրակ Սարոյանին գրանցեցին որպես պատգամավորի թեկնածու, թեեւ Հակոբ Հակոբյանը դեմ էր դրան

01:05, ուրբաթ, 30 մարտի, 2012 թ.
Գեներալ Սեդրակ Սարոյանին գրանցեցին որպես պատգամավորի թեկնածու, թեեւ Հակոբ Հակոբյանը դեմ էր դրան

ՀՀԿ-ի կողմից թիվ 19 ընտրատարածքում առաջադրված գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը (գեներալ Սեյրան) թիվ 19 ԸԸՀ-ի կողմից գրանցվել է պատգամավորի թեկնածու, թեեւ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը պնդում էր, որ նրան չպետք է թեկնածու գրանցեն:

Որպես պատճառ Հ. Հակոբյանը նշում էր այն հանգամանքը, որ Սեդրակ Սարոյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, իսկ դա օրենսդրության պահանջն է` պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

Այդուհանդերձ ընտրատարածքային հանձնաժողովն իր այսօրվա նիստում եւ Սեդրակ Սարոյանին, եւ մյուս 4 թեկնածուներին գրանցել է առանց քվեարկության, քանի որ հանձնաժողովում թեկնածուներից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ առարկություն չի եղել:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանն ավելի վաղ դիմել էր ԿԸՀ, որ Սեդրակ Սարոյանին չգրանցեն որպես թեկնածու, քանի որ վերջին 5 տարում մշտապես Հայաստանում բբնակվելու վերաբերյալ նրա ներկայացրած տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը:

ԿԸՀ-ն այդ դիմումը վերահասցեագրել էր թիվ 19 ԸԸՀ եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Վարչությունից ԸԸՀ գրություն է ուղարկվել, որ տեղեկաքն օրինական է, որի հիման վրա ԸԸՀ-ն մերժել է Հակոբ Հակոբյանի դիմումը:

Հակոբ Հակոբյանը ԿԸՀ-ին ուղղված իր դիմումում նշել էր, որ խախտվել է սահմանադրական իրավունքը, եւ եթե Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել` պատճառաբանելով, որ նա վերջին հինգ տարում չի ապրել Հայաստանում, ապա ինչո՞ւ են գրանցել թիվ 19 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Սեդրակ Սարոյանին: Հակոբ Հակոբյանը հայտնել է, որ ինքը փաստացի տվյալներ ունի, որ վերջին 5 տարում Սեդրակ Սարոյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այդ հարցում նրան օգնել են Ուկրաինայի եւ Մոսկվայի իր կողմնակիցները եւ որպես ապացույց` համապատասխան փաստաթղթեր են վերցրել` ներկայացնելու իշխանությանը, որ «եթե իշխանությունները չհասկանա, ապա գոնե հասարակությունը կիմանա»:

«Խաչատուր Սուքիասյանի դեպքը նախադեպ է, իսկ նախադեպային ինստիտուտը Հայաստանում գործում է, մենք վերցնում ենք այդ նախադեպը եւ ասում ենք, որ եթե դա տարածվում է Խաչիկ Սուքիասյանի վրա, ապա պետք է մյուս թեկնածուների վրա էլ տարածվի»,- նշել էր նա` շեշտելով, որ կամ Խաչատուր Սուքիասյանին էլ գրանցեն, կամ էլ երկուսին էլ մերժեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4366 | 0 | 0
Facebook