Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեռ բրոնզեդարյան օրենքներ են գործում

10:01, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2013 թ.
    

Դեռ բրոնզեդարյան օրենքներ են գործում


    

Սաթենիկ Ազատյան


    

Վիգեն Ավետիս-արվեստագետը չնայած ապրելով դրսում, բայց շնչառությունը պահած հետևում է հայրենիքում կատարվող յուրաքանչյուր քայլին, և ելնելով իր մարդկային տեսակից, արագ արձագանքում է որևէ անարդարությանը և անհրաժեշտության դեպքում հայտնվում է պայքարի կենտրոնում…


    

-Ձեր հերթական այցն է հայրենիք և կարծեք թե վերջնակա՞ն, ու արդեն կիզակետում եք…

-Հայրենիքը, դա հավերժական հասկացողություն է… Երբ արդեն ֆիզիկապես չեմ լինի, հոսով եմ, որ իմ աճյունն էլ կշարունակի օգնել իմ հայրենիքին. օգնել` ազատությանը, խանգարել` զավթիչներին:

- Նկատի ունեք հոգի՞դ:

-Չէ, աճյունը, որովհետև մարդու ոսկորները շատ կարևոր են հողի համար. հողի մեջ իրենք շարունակում են աշխատել, ապրել և ապրեցնել: Եթե ուշադրություն դարձնենք կաթոլիկ եկեղեցուն, այնտեղ շատ մեծ երկրպագություն կա դեպի մասունքները, հայերի մոտ էլ կար այդ սովորությունը, թագավորների մասունքները ձեռքից ձեռք էին անցնում, որովհետև գիտեին, որ դրա մեջ ուժ կա ու այն հզորություն է տալիս երկրին, հողին և ոգուն: Հուսով եմ այն կյանքում էլ կշարունակեմ այն գործը, ինչը, որ այս կյանքում եմ անում (ժպտում է), ճիշտ է քանդակներ չեմ անի…Ես իմ հողի զավակն եմ, հիմա այստեղ եմ, և մաքսիմում իմ ներկայությամբ եմ ապահովում իմ երկրի կառուցումը, եթե երկրից դուրս եմ, էլի նույն բանն եմ անում ուղղակի ուրիշ պետությունից, և էլի նույն կանեմ, երբ, որ չեմ լինի ֆիզիկապես:

- Դուք այն քիչ մարդկանցից եք, որ միանգամից արձագանքում եք տեղի ունեցող որևէ երևույթների: Ձեր մարդկային տեսա՞կն է այդպիսին, թե՞ պատասխանատվության մեծ զգացումը:

-Գուցե դա իմ ընտրությունն է. յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ, իր ուժերը կենտրոնացնել անձնական խնդիրների վրա, ընտանիքի, համայնքի, թե ավելի գլոբալ հարցերի` պետության, մարդկության, երկրագնդի … Աստված ինչքան քեզ սիրում է, այնքան ծանրաբեռնում է, դա ուղիղ համեմատական է: Աստծո կողմից սիրված և ընդունված մարդը, որպիսին ես ձգտում եմ լինել ավելի ու ավելի ծանրություններ պիտի վերցնի իր ուսերին: Հիսուս Քրիստոսը վերցրեց իր խաչը և դեպի խաչելություն տարավ, որով փրկություն բերեց մարդկությանը. Աստծո Որդին, որ կարող էր Աստծո սերը և հրաշքները իրականացներ հանուն իր անձի փառքի. վերցրեց մահվան խաչը: Սրանք օրինակներ են, որից ավելի փոքր, ավելի փոքր ներդրումներ պետք է անենք յուրաքանչյուրս: Հիսուս Քրիստոսը իմ եղբայրն է, ուսուցիչս, և իմ ընկերը. ես նրա թողած պատվիրաններով եմ վստահ և սուրբ հոգով, որ առաջնորդում է ինձ:

-Չնայած դրսում եք ապրում, բայց ձեր ձեռքը Հայաստանի զարկերակի վրա է, ու ոչ առողջ վիճակը միշտ սուր եք զգում: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:

-Գիտեք, սա ուղիղ համեմատական է ընտանիքի հոր հետ, որ նա շատ լավ ընկեր է ընկերական շրջապատում, բայց իր ընտանիքը բարձիթողի է արել: Եթե ուզում ես լիարժեք մարդ համարվել առաջին հերթին պետք է հոգաս քո ընտանիքի, քո երկրի, ազգիդ խնդիրները: Ինձ համար դա սկզբունքային խնդիր է, եթե ես չսիրեմ իմ ազգը, օտարին ինչպե՞ս կարող եմ սիրել: Օտարին ներկայանում եմ իմ ընտանիքով, նրանք ճանաչում են ոչ թե Վիգեն Ավետիսին, այլ ճանաչում են հայոց աշխարհը, հայ մարդու հարգանքը դեպի հայ մարդը. ես ներկայանում եմ իմ ամբողջ մշակութային գանձարանով, որ ինձ հետ տանում եմ այնտեղ, որտեղ լինում եմ: Հետևաբար օտարը ինչպե՞ս կարող է ինձ ընդունել, եթե ես այդքան հոգացավ ներկայացնում եմ իմ մշակույթը, բայց այսօրվա մեր պետության կայացմանը չեմ մասնակցում…կարծում եմ այն, ինչ, որ այսօր անում եմ բնական է, և ոչ մի արտառոց բան չկա:

-Եվրոպական մի շարք հայաշատ վայրերում, նաև Իտալիայում, որը դուք եք հիմնել գործում է «Հայկական վերածնունդ» միությունը: Ո՞րն է այդ միության նպատակն ու առաքելությունը:

-Հենց անվան մեջ է իր առաքելությունը «վերածնունդ» . հայ հոգիները, ովքեր, որ ստիպված թողեցին Հայաստանը այս վերջին տարիներին, և նրանք, որ մահապուրծ եղան թուրքական յաթաղանից, կորցնելով ամեն ինչ, հիմա վերջին կորստի առջև են կանգնած. նախ, հայկական արմատներն են կորցնում և նաև կապն են կորցնում մայր հայրենիք մազապուրծ եղած այս կտորից, որը կոչվում է Արևելյան Հայաստան: Այդ փոքրիկ հողակտորը, որը հրաշքով փրկել ու պահել ենք, մեր ամրագրված հայրենիքն է, իսկ չամրագրված հայրենիքը` Արևմտյան Հայաստանում է: Մենք համախմբում ենք այնպիսի հայրենասերների, որոնք դեռ չեն ուզում կտրվել այս փոքրիկ հողակտորից` հայրենիքից: Սա է «Հայկական վերածնունդ» միության նպատակը, որը ստեղծվել է եվրոպական տարբեր երկրներում, ամերիկյան եվ ասիական քաղաքներում, որոնք փորձում են սատար կանգնել հայաստանյան այսօրվա գործընթացին, և իրենց ներդրումը ունենալ տարբեր հարցերում, և’ ցեղասպանության, և’ մյուս բոլոր այլ հարցերում:

- Երկու տարի Շուշիում բավական դժվարություններ հաղթահարելով, պայքարելով ադրբեջանական իշխանությունների դեմ, անցկացրեցիք քանդակի միջազգային սիմպոզիում դրսից հրավիրված բավական ճանաչված արվեստագետների մասնակցությամբ: Եվ մտադրություն ու պայմանավորվածություն կար, որ պետք է լինի ամենամյա, բայց այս տարի ցավոք այն տեղի չունեցավ: Ինչու՞: Որևէ՞ հիմնավոր պատճառ կար:

- Կարող եմ բանալ ձևով պատասխանել. մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, բայց ես չեմ ուզում բանալ ասեմ, քանի որ ամեն ինչի մեջ միստիկա գոյություն ունի: Ես ավելի հակված եմ այդ միստիկան ընկալել և ձախողումը մեկնաբանել որպես պաշտպանություն, որովհետև ցանկությունը մի բան է, նրան հասնելու ձգտումը այլ. դա էներգիան է, որ դնում ես իրականացման համար, և սպասելիքները այդ ամեն ինչից: Մի խոսքով այդ մեխանիզմը, որ պետք է աշխատի քո մտքում, դա քո կառույցն է, բայց ապագայում գոյություն ունի մի իրավիճակ, որը կախված չի քո ծրագրերից, ապագան ունի իր տեսքը: Մենք ուզում ենք այդ ապագայի տեսքը նմանացնել այն իրավիճակին, որը մենք պատկերացրել ենք: Գոյություն ունի տարածություն. ես ունեմ հարթություն, ծրագիրը ունի իր հարթությունը, բայց այդ ամենը տարածության մեջ է պտտվում: Հրաշալի է, երբ այդ հարթությունները միանում են իրար և ապագայում դառնում իրականություն, սա իդեալական վիճակն է: Բայց կան տարբեր խնդիրներ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Եթե այս տարի չստացվեց, ասեմ, որ ես դժբախտ եմ, բարկացած եմ և այլն… բայց ինչով էի համոզված, եթե սիմպոզիումը այս տարի իրականանար, ամեն ինչ հաջող կընթանար, որովհետև քանդակ անելը նաև ֆիզիկական վտանգներ է պարունակում, քանի որ գործ ունես տարբեր սղոցների և գործիքների հետ: Երբեմն անհաջողությունները պետք է տեսնել որպես պաշտպանութուն, միգուցե նաև փորձանքներից ազատում, ինչու պետք է վստահ լինեմ, որ չստացվեց, ուրեմն ամեն ինչը վատ է. հակված եմ հակառակը մտածելուն: Բայց ես վստահ եմ, որ այն, ինչը արել եմ այս երկու տարի, իր արձագանքն ունեցավ ամբողջ աշխարհում.Ադրբեջանը գազազած է իմ ծրագրից, իմ երկիրը ընդունում է դեռ այնպես, ինչպես ընդունում է, չի հասկանում ինչ կատարվեց այդ երկու տարիներին, միգուցե իրենց էլ ժամանակ էր պետք` նախարարներին կամ պաշտոնյաներին, որ կարողանային հասկանալ: Ծրագիրը ազնիվ էր, արդար էր, և իր հետևանքները թողեց Արցախի պատմության վրա, Հայաստանի, Իտալիայի պատմության վրա. մի խոսքով, պետք է նաև ժամանակ տալ, որպեսզի կարողանան գնահատել այդ արժեքները: Ես ժամանակ եմ տալիս:

- Զարմանալի է, բայց աշխարհի բոլոր հայերը միայն մի գաղափարի շուրջ. ցեղասպանության ճանաչման հարցում կարող են համախմբված լինել, մնացած այլ հարցերում համախմբումը շատ դժվար է: Ինչու՞:

- Կարծում եմ հարցադրումը սխալ է … ցեղասպանություն բառը այդպես հեշտությամբ չի կարելի օգտագործել, որովհետև դա վերք է, որն արդեն հարյուր տարի է անցել, բայց դեռ չի փակվում, իսկ կփակվի այն ժամանակ, երբ որ հատուցում կստանանք …ես ցեղասպանված ընտանիքի թոռնիկ եմ, համոզված եմ դուք էլ, և շատ շատերը: Ազգիս մեծամասնությունը ցեղասպանության վերքերը դեռ կրում են իրենց վրա: Դա ոչ թե միաբանում է հայերին, դա այն վերքն է, որ չի փակվի, միգուցե կսպիանա միայն այն ժամանակ, որ կհատուցվի, որ աշխարհի բոլոր երկրները և առաջին հերթին հանցավոր ենիչերները որոնք, որ կատարեցին այդ հրեշավոր ծրագիրը, դա կլինեն և գերմանացիները և ֆրանսիացիները և բոլոր նրանք ովքեր դավաճանեցին և ձայն չհանեցին, երբ մորթում էին հայերին, և միայն նրա համար, որ հայ էին և առաջին քրիստոնեաներն էին: Դա գաղափար չի, դա էություն է: Դա դու ես: Պետք է հասկանալ, որ դա թեմա չի, որի շուրջ պետք է համախմբվել: Դա էություն է:

-Նման երկրորդ էությունը ո՞րն է:


    

-Երկրորդ էությունը, դա Արցախի խնդիրն է: Այսինքն այնտեղ, որտեղ արյուն է թափվել: Համախմբվում են այն ժամանակ, երբ որ անելանելի է դառնում իրականությունը: Օրինակ, Արցախի խնդիրը, թող փորձեն մի կտոր հող տալ Ադրբեջանին կամ մի ուրիշ պետության, էլի պատերազմը կվերսկսվի, անկախ նրանից, թե ովքեր են գալու պաշտպանելու, եվրոպացիները, ամերիկացիերը, թե ռուսները:

- Առաջ ասում էինք` մե’ր երկիրը, հիմա` ա’յս երկիրը: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:

- Որովհետև, օտարացրին երկիրը երկրի տերերից. տերերին քշեցին դուրս, իսկ թալանչիները այսօր ասում են մեր ծածկած շուկան, մեր մոլիբդենի հանքերը, այսինքն նրանց համար դա ոչ թե մեր երկիրն է, այլ այս երկրում նրանք ունեն հանքեր, այս երկրում ունեն Երևան սիթիներ, նույն բանը ունեն նաև ուրիշ երկրներում, ասելով` այս երկրում ունենք այսինչ սեփականությունը: Այսինքն սեփականությունները այնքան են կարևորվել Հայաստանում, որ դարձել է արդեն ոչ թե իմ երկիր, իմ ժողովրդ. այլ այս երկրում ունեմ սեփականություն: Եթե քաղաքական գործիչները, պատգամավորները այդ մականունավոր օլիգարխներն են, ապա նրանց համար այս երկիրն է: Օրինակ մեդիան պատկանում է նրանց, հեռուստատեսությունն ու թերթերն ևս, հետևաբար իրենք թելադրում են մտածելու իրենց ձևը, իրենց խոսքը և դա դառնում է իրականություն: Մեր երկրիը դառնում է այս երկիրը…

- Ասում են, որ մենք հայերս արդեն ծերացած ազգ ենք: Համաձա՞յն եք:

- Ոչ: Մենք ծերցած ազգ չենք, երբեք չենք եղել, եթե մենք նայենք մեր անցած պատմությանը, այդքան ստեղծագործ և ժամանակակից ազգ ես չեմ տեսել: Եվ այն պայմաններում որում ստեղծագործում են հայերը` լինի Հայաստանում կամ դրսում չունենալով ոչինչ, և ոչ մի օգնություն, երբեմն քայլեր են անում, որ առաջ է երիտասարդ բոլոր պետությունների ապրելակերպից, մտածելաձևից. պահպանելով ազգային մշակույթը, առաջ են անցնում, դա շատ կաևոր է: Այսօր փորձում են ժամանակակից ներկայացնել այն, ինչը ազգային դեմք չունի, այստեղից է սխալը սկսվում: Ազգային դեմքն է հենց ժամանակակիցը, եթե դու ժամանակակաից արվեստագետ ես, ու քո ստեղծագործության մեջ չկան քո ազգային արմատները, ուրեմն դա ոչնչություն է, դա ոչ մեկին պետք չէ: Եթե քո ընտանիքին պետք չէ, օտարին առավելևս պետք չէ: Սա է իրականությունը, և մեր ազգը ամենաժամանակակից և երիտասարդ և ստեղծագործ ազգն է:

- Եվ ո՞րն է ազգի հարատևման գաղտնիքը:

- Մշակույթը: Եթե խոսքը գնում է ազգի մասին, ա’յո, ազգային մշակույթը: Եթե կորցնենք ազգային մշակույթը, կկորցնենք նաև մեր ինքնությունը, հետևաբար մյուս հարցերը չեն առաջանա: Մշակույթը: Այո:

- Համամիտ ե՞ք, որ անկախությունը վիճակ է, որ մարդը մշտապես ունենում է իր մեջ:

- Երկու պայքար գոյություն ունի` չարի և բարու: Չարը մի բան է անում` քեզ զրկում է քո անկախությունից, բարին` գնում է տանջանքների, բայց պահում է իր անկախությունը: Այս երկուսի ընդհարումն է, չարի և բարու, սատանայի և Աստծո, Հիսուսի… Հիսուսը ասում է ազատ պետք է լինենք, սատանան ասում է չէ, ձեր հոգին պետք է ծախեք ինձ, անազատ լինեք, բայց ունենաք նյութական բարիքներ: Երկու հազար տարի է, որ այս երկու` չարի և բարու, սևի և սպիտակի պայքարն է, և ընտրությունը մնացելէ մարդուն:

- Չե՞ք կարծում, որ այսօրվա մեր իրավիճակը այդ անկախության և ազատության զարթոնքն է մարդկանց մեջ:

- Գիտեք ինչ, որքան որ զարթոնք է, այնքան էլ բթացում է, այսինքն ինչքան շատ ես զարթնում, այնքան շատ են ուզում քեզ բթացնել. այդ հարաբերությունը միասին է աճում: Դեռ մենք պարտվում ենք: Հայաստանի անկախ հանրապետությունը պարտվող դերում է, այսինքն ունի քաղաքացիներ որոնք բթացվում են ավելի շատ, քան արթնանում . մեր երկրի ղեկավարները պետք է կարողանան հասկանալ, որ ազատ ստեղծագործ ժողովրդով կարող են ուժեղ լինել: Բայց պայքարը ցավոք դեռ թուլացման պրոցեսի մեջ է գնում. գործում է` մտածող մասին հեռացնենք, որ մեզ չխանգարեն թալանել պետությունը կարգախոսը. դա գրեթե բռոնզեդարյան մոտեցում է, եթե կլանում խանգարողներ կան, բերեք աչքերը հանենք, որ չտեսնի ինչ է կատարվում կողքը…դեռ այս են անում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7847 | 1 | 0
Facebook