Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մազերիս բույրը (16+)

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:34, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2013 թ.
     Առավոտյան արևի շողերը լուսավորեցին սենյակն ու բացելով կիսաքուն աչքերս որոնող հայացքս սառեց քեզ կողքիս չգտնելու գիտակցումից: Էլի չկայիր, քեզանից հերթական անգամ մնաց երկտող` "Կզանգեմ": Միշտ նույնն է, ամեն անգամվա կրկնությամբ ես այդ անգամ ևս հավատացել էի նախորդ գիշերվա կեղծ ու սուտ խոսքերիդ, դու ամեն անգամ անգիր արած ինչ-որ կծկտուր խոստումներով ինձ գիրկդ էիր առնում, անկուշտ կարոտով երկար մազերս առնում ձեռքերիդ մեջ ու ժամերով ինձ գրկած ինչպես դու էիր ասում "Հարբում նրանց բույրից": Մեկ մեկ ես մտածում էի, որ քեզ ինձ մոտ միայն նրանց բույրի հանդեպ քո թուլությունն էր բերում, այլ ոչ թե կարոտը կամ առավել ևս սերը: Քո սիրո մեջ ես վստահ չէի, իմ սիրո հարցում կասկածներ չունեի ու դու դա գիտեիր, օգտվում էիր, գալիս ժամերով խոսում, պատմում, բարկանում, ծիծաղում ու ժամեր անց օրերով անհետանում, թողնելով միայնության զգացումն ու քո տաք մարմնից հետո սառած անկողինը:
     Վերջին անգամ, երբ եկար...գրկեցիր, կարոտած մարմինս առար քո տաք ափերի մեջ ու արձակելով մազերս ամբողջ դեմքդ մտցրիր դրանց մեջ ու սկսեցիր անհագ կարոտով հոտոտել դրանք: Իսկ ես երջանիկ էի, թեկուզ միայն նրա համար, որ ունեմ այդ մազերը, որ դրանք ունեին այն բույրը, որն ամեն անգամ քեզ ինձ մոտ էր բերում, մի ավել գիշեր կողքիս էիր լուսացնում: Դու միշտ ասում էիր, որ կողքիս հանգստություն ես գտնում, որ միայն գլուխդ ծնկներիս դրած մոռանում ես աշխարհի անցուդարձն ու վայելում պահը, զգում մազերիս բույրն ու թակում երկնքի դռները: Իսկ ես, ես քո կողքին երկինք ու երկիր էի մոռանում, ուրանում Աստծուն, երազում կանգնեցնել ժամանակն ու անիծում եկող առավոտը, քանզի առավոտները միշտ քեզ խլում էին ինձնից ու նույնիսկ մազերիս բույրը քեզ չէր պահում ինձ մոտ, կողքիս: Հաջորդ առավոտն էլ բացառություն չէր ու քեզանից նորից մնացին համբույրներ, ականջիս շշնջած սուտ սիրո խոստումներ ու հերթական "կզանգեմ"-ով թուղթը մի մարող հույսով, որ իրոք կզանգես":
     Օրերն անցնում էին, քեզանից զանգ չկար, կար միայն "Կզանգեմ"-ով թուղթը, կար մազերիս կանչող բույրն ու թրթռացող հույսը:
     Իսկ ես գիտեյի` գալու է այս օրը: Դու վաղուց արդեն չես զանգում, մազերիս բույրը էլ չի՞ այրում: Պայմանավորվել եմ` վաղը մազերս կկտրեմ: Քեզ կանչող վերջին հույսի հետ մի փունջ կանեմ ու թե ուզես որպես հուշ քեզ նվեր կուղարկեմ:
Աղբյուրը` SinEDerellA's Blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7241 | 3 | 0
Facebook