2004 թվականից սկսած` Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց ի վեր, ջավախքահայությունը ապրում է սարսափի մթնոլորտում:Վրացական իշխանության անհանդուրժողական վերաբերմունքը Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ ուղեկցվում է ծայրահեղ հակահայկական գործողություններով, որոնց զոհն է դարձել նաև ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը: 2008 թվականի հուլիսի 21-ին վրաց ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները ներխուժում են Չախալյանի տուն: Այնտեղ հայտնաբերելով իրենց իսկ կողմից տեղադրված զենքն ու զինամթերքը ձերբակալում են Չախալյանին, նրա հորն ու կրտսեր եղբորը: Չախալյանի հայրն ու եղբայրը ազատ են արձակվում որոշակի գումարի դիմաց: Վրացական դատարանը` օգտագործելով պատրվակը, իրականացնում է իր առջև դրված նպատակը, և Չախալյանին առաջադրելով կեղծ մեղադրանքներ, դատապարտում նրան 10 տարվա ազատազրկման: Իրականում Չախալյանը դատապարտվեց ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար, այսինքն` բացառապես քաղաքական շարժառիթներից ելնելով: Վճռաբեկ դատարանը վրացական իշխանության հրամանով խայտառակ անօրեն դատից հետո դատավճիռը թողնում է անփոփոխ:
Արդեն 5 տարի է ինչ Չախալյանը գտնվում է բանտում, որտեղ նրա նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերում, սակայն նույնիսկ այս պայմաններում նա չի դադարում լինել Ջավախքում բնակվող հայ համայնքի կողքին:
Ջավախքում տիրող իրավիճակը ստիպում է տեղի հայ բնակչությանը լքել իրենց բնակավայրերը` զիջելով դրանք թուրքերին, որոնց հոսքը Ջավախք վերջերս մեծ թափ է առել: Վրաց իշխանությունները իրենց հերթին ավելի եռանդուն կերպով են շարունակում հայաթափման քաղաքականություն վարել, հալածանքների անդադար թվացող շղթան ուղեկցվում է հայերին աշխատանքից ազատելով, փակելով դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչն էլ իր հերթին ազդում է հայ համայնքի կրթական, մշակութային, գիտական զարգացվածության մակարդակի հետագա զարգացման վրա:
Մինչ այժմ տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր, որտեղ ջավախքահայությունը բողոքի իր ձայնն է բարձրացնում ընդդեմ վրացական իշխանության: Ջավախքահայությունը լրջորեն մտահոգված է այստեղ տիրող իրավիճակով և պահանջում է Սահակաշվիլիից անհապաղ ազատ արձակել Չախալյաինին, ինչն էլ կդիրտվի որպես կառուցողական քայլ Ջավախքում բնակվող հայ քաղաքացիների մոտ վերականգնելու երբեմնի հավատը վրաց իշխանության նկատմամաբ:
Սակայն հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Միխայիլ Սահակաշվիլին և իր ղեկավարած կուսակցությունը պարտություն կրեցին:Հույսով լինենք, որ նոր իշխանությունները չեն շարունակի Սահակաշվիլիի հակահայ քաղաքականությունը, և դեռ մի բան էլ՝ ազատ կարձակեն Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին: