Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Համարյա բոլոր տները կառուցված են բակերում, որոնց ներսը փողոցներից ավելի լավ է, որովհետև ամեն մեկը, հնարավորին չափ, հոգ է տանում իր մասին, իսկ ոչ ոք չի հոգում բոլորի մասին»

22:18, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
«Համարյա բոլոր տները կառուցված են բակերում, որոնց ներսը փողոցներից ավելի լավ է, որովհետև ամեն մեկը, հնարավորին չափ, հոգ է տանում իր մասին, իսկ ոչ ոք չի հոգում բոլորի մասին»

Դեկաբրիստների ապստամբությունը (1825 թ.) ճնշելուց հետո ցար Նիկոլայ Պալկինը դաժանորեն պատժել է պարտված խիզախներին: Նրանցից հինգը կախաղան են բարձրացվել, ավելի քան հարյուրն աքսորվել է Սիբիր՝ տաժանակրության կամ աքսորաբնակության: Նրանք բոլորն էլ հայտնվել են դժոխային պայմաններում. Շատերը կարճ ժամանակ անց մահացել են, ոմանք էլ տաժանակրային բիրտ ռեժիմի, ժանդարմական հետապնդումների, հիվանդությունների և սննդի պակասության հետևանքով հոգեկան խանգարում են ստացել:

Դեկաբրիստների մյուս մասն աքսորվել է Կովկաս՝ Կովկասյան հատուկ կորպուս: Ցարական կառավարության համոզմամբ Կովկասը՝ «տաք Սիբիր» -ը, «հարմար տեղ է» իր թշնամիներին այնտեղ աքսորելու համար: Կովկաս աքսորվածներից մեկն էլ եղել է դեկաբրիստների Հարավային ընկերության անդամ Եվդոկիմ Լաչինովը: 1826-ի ապրիլին նրան ձերբակալել են և հանձնել ռազմական դատարանին, որի դատավճիռը հաստատվել է 1826-ի նոյեմբերի 25-ի ցարական հրամանով: Լաչինովը պաշտոնազրկվել է, իջեցվել զինվորի աստիճանի, զրկվել է շքանշանից, ազնվականի կոչումից, զորքի առաջ նրա հագից հանել են զինվորական մունդիրը, սուրը կոտրել են գլխին, իսկ նոյեմբերի վերջերին, ութ ամիս Տիրասպոլի բերդում պահելուց հետո, ուղարկել են Կովկաս՝ որպես շարքային ծառայելու 20-րդ հետևակային դիվիզիայի գնդերի գործող գումարտակներում:

1827-ի սկզբներին Լաչինովը հասել է Թիֆլիս և նշանակվել է շարքային զինվոր 39-րդ եգերական գնդում: Հունիս ամսին այդ գունդը Կովկասյան կորպուսի գլխավոր ուժերի մյուս զորամասերի հետ մտել է Երևանի խանություն, և շուտով Լաչինովը մասնակցել է Երևանի բերդի պաշարմանը:

Լաչինովը օրագիր է պահել և գրի է առել այդ օրերի իր տեսածն ու զգացածը:

«Հունիսի 15-ին մոտեցանք Երևանին: Բերդը գտնվում է համարյա բոլոր կողմերից նրա վրա իշխող լեռների միջև, իսկ հարթավայրի մյուս կողմում կան նույնպես նրան իշխող երկու բլուրներ: Դրանցից այն, որ բերդին ավելի մոտ է, կոչվում է Հերակլու, մյուսը՝ Դավաճան բլուր (Մուխանաթ թափա): Թվում է, թե ամրոցը կառուցելու համար շրջակայքում չէր կարելի ընտրել ավելի աննպաստ տեղ, քան այն, որտեղ գտնվում է Երևանը: Բերդը ներկայացնում է ոչ ճիշտ գծագրված մի քառակուսի, արևմտյան կողքը կախված է Զանգվի ապառաժների վրա ...: Գետի մյուս կողմում տարածված են այգիները:

(Դրանց մեջ առաջին տեղը գրավում է սարդարի այգին, որի մի մասը զբաղեցված է պտղատու ծառերով, իսկ մյուսը՝ բարդիներից կազմված ուղիղ, լայն ծառուղիներով: Թմբերի վրա խաղող է տնկված: Այգում գտնվում է տաղավարը. մեծ սենյակը զարդարված է պատերի և գմբեթի վրա արված նկարներով ու դիմանկարներով: Նկարները վատ են, բայց եզրազարդը հիանալի նախշված է կապույտ, ալ կարմիր և ոսկե գույներով: Ավազանը և շատրվանը շինված են մարմարից: Տաղավարը և դրա զարդարանքները շատ են վնասված: Ես ինքս այն չեմ տեսել և լսածով եմ պատմում դրա մասին):

Այնտեղ սարքած խրամատից 40-րդ եգերական գնդի շղթան խանգարում էր բնակիչներին մոտենալ գետին, դեպի որը նրանք իջնում են հարավարևմտյան աշտարակի մոտի փոսից դուրս եկող քողարկված ճանապարհի պաշտպանությամբ: Ջրի կարիքը նրանք զգում են այն ժամանակից, ինչ վնասվել են դեպի ամրոց անցկացված ջրանցքները: Պաշարվածները հարավային կողմից մի քիչ ավելի ազատ են և դուրս են գալիս պարսպի մյուս կողմը մեռելներին թաղելու ու անասուններին արոտները տանելու համար՝ առանձնապես չվախենալով մեր հրաձիգներից:

Բերդի յուրաքանչյուր թևի երկարությունը 25 սաժենից (մեկ սաժենը հավասար է եղել մոտավորապես 210 սանտիմետրի) պակաս է: Ամրոցը շրջապատված է փոսով և գլասիսով: Փոսի լայնության և խորության մասին ոչինչ չգիտեմ, բայց ասում են, թե դրա որոշ մասերում ջուր է լցվում: Պարիսպը շինված է կավահողով ու քարով և այն հեշտ չի լինի քանդել նույնիսկ ռմբակոծությամբ: Դրա բարձրությաւնը 5, 5 սաժենից ավելի է: Այս պարսպի հետևից երևում է մյուսը, որն առաջինից բարձր է. երկուսն էլ ունեն աշտարակներ, որոնք մեծ մասամբ կլոր են:

Չեմ կարող երաշխավորել իմ նկարագրության և հատկապես չափումների ճշտությունը, որովհետև ես հեռվից եմ դիտում բերդը և աչքաչափով եմ դատում ամեն ինչի մասին: Ամրությունների ներսում երևում են երկու մզկիթներ և շատ ուրիշ շենքեր: Սարդարի տունը, նրա հարեմը, ինչպես և մասնավոր մարդկանց տները կազմում են բերդի արևմտյան ճակատը, որը ուրիշ պատ չունի:

Արվարձանը, կամ ավելի լավ է ասել Երևան քաղաքը, ընկած է լեռների լանջին, և արևմտյան կողմով հոսում է Զանգվին: Փողոցները կամ, ավելի ճիշտ, նրբանցքները, նեղ են, ծուռ, տեղ-տեղ կան մայթեր, բայց հսկայական քարեր են ընկած մեջտեղում: Նկատելի չեն կարգավորման աշխատանքի հետքեր: Բարձր պատերը խանգարում են որևէ բան տեսնելուն, և հետաքրքրասերները պատուհաններում իզուր կփնտրեն սքանչելի աչիկներ:

Համարյա բոլոր տները կառուցված են բակերում, որոնց ներսը փողոցներից ավելի լավ է, որովհետև ամեն մեկը, հնարավորին չափ, հոգ է տանում իր մասին, իսկ ոչ ոք չի հոգում բոլորի մասին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
880 | 0 | 0
Facebook