Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ծնունդ տալ գեղեցիկին ու վերածնվել ամեն անգամ. սա է իմ պարը». Գայանեն ու իր «Արին»-ը

Մարգարիտա
Հեղինակ`
Մարգարիտա
13:41, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2012 թ.
«Ծնունդ տալ գեղեցիկին ու վերածնվել ամեն անգամ. սա է իմ պարը». Գայանեն ու իր «Արին»-ը

«Եթե երաժշտության ծանոթանալ, ուրեմն` լավագույնին, եթե պարել, ուրեմն` բարձրագույն որակով` այն հոգուց բխեցնել ու ձուլվել պարին….Իսկ ես օգնում եմ, որ աշակերտներս այդ ամենին հնարավորինս խորը հաղորդակից լինեն: Ես միջոց եմ. իրենց ընդամենը մնում է հայտնաբերել այն, ինչն անշուշտ կարող են անել: Պարի աշխարհը բացահայտելու ճանապրհին աշակերտներիս համար ես կամուրջ եմ»…

Լիբանանյան «Արին» հայկական պարախմբի գեղարվեստական ղեկավար Գայանե Մածունյանը պարել սկսել էր դեռ վաղ մանկությունից: Սկզնում որպես երեխայական հաճույք, բայց հետո ողջ էությամբ տրվում այս արվեստի կախարդանքին:

«Պարել սկսել եմ 6 տարեկանից: Անհանդարտ երեխա էի ու սիրում էի ուշադրություն գրավել: Իսկ մարդկանց գովեստներից ոգեւորվում ու` ամեն անգամ ավելի ու ավելի ջերմեռանդորեն էի պարում: Առաջին քայլերս Համազգային պարախմբից էր: Եղել եմ 1990-ին հիմնված «Գայիանէ» մանկապատանեկան պարախմբի առաջին անդամներից: Բայց պարարվեստի մեջ խորնալու գործում կյանքումս շրջադարձային է եղել երկու դեպք.1993-ին Հայաստանից պարի նոր ուսուցիչ էր եկել Բեյրութ` Ֆելիքս Հարությունյանը, եւ իր հետ էր, որ սկսեցի շատ ավելի լուրջ մոտենալ պարին` ավելի մասնագիտորեն: Իսկ 94-ին նորից Հայաստանից հյուրախաղերով Լիբանան ժամանեց "Բարեկամություն" անսամբլը: Երբ տեսա իրենց կատարումները, արդեն հստակ որոշեցի` պարը լինելու է իմ կյանքը»…

Համազգային պարախմբի հետ Գայանեն մասնակցում է Բեյրութում եւ Լիբանանի այլ քաղաքներում տեղի ունեցող ելույթների, 1995-ին շրջագայություններով լինում Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Իսկ 1999-ին իր պարով ներկայանում է Լիբանանի հռչակավոր Րահպանի եղբայրների երաժշտախառն ներկայացումներերից «Միջանցք դեպի Ասիա»-ին:

«1999-ին երբ վերջացրեցի դպրոցս, հստակ գիտեի, որ պիտի գնամ Հայաստան` պարարվեստի մեջ մասնագիտանալու: Ու գնացի…»

Գայանե Մածունյանը 2000-ին ընդունվում է Երեւանի պետական մանկավաժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի պարարուեստի ռեժիսուրա բաժինը: Սովորում է նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Հայաստանը երիտասարդ աղջկան մատուցում է թե’ մասնագիտական եւ թե’ կյանքի դասեր, ինչպես ինքն է ասում, «Հայստանում ես կոփվեցի` առավել ինքնուրույնանալով»:

«7 տարի Հայաստանում ապրելուց հետո կրկին Լիբանան վերադարձա եւ ստանձնեցի ՀԲԸՄ Հայ Երիտասաց Ընկերակցութեան (AGBU-AYA) «Անդրանիկ» (ներկայիս` «Արին») պատանեկան պարախումբի գեղարվեստական ղեկավարությունը:

«Արին» պարախումբն` այն ժանամակ «Անդրանիկ» անվամբ, ստեղծվել է 60-ականներին Բեյրութում եւ քաղաքացիական պատերազմների պատճառով` գործել ընդհատումներով:

«Ղեկավարելուս առաջին օրերին խումբն ընդամենը զբաղմունքի վայր էր: Ես էլ սիրեցի ու շատ պինդ բռնեցի այն… Եւ սկսվեց… Նախ եւ առաջ որոշեցի երեխաների հետ կապս սերտացնել: Դեռ ի սկզբանե անկեղծ եմ եղել իրենց հետ, եթե մի բան չգիտեի, ասում էի` չգիտեմ: Այնտեղ բոլորս ընկերներ էինք ու հիմա էլ… Ես ստանձնեցի 60 սաներից բաղկացած խումբի ղեկավարությունը, իսկ այսօր պար սովորել ու հմտանալ ձգտողների թիվը 115 է»:

2011-ին "Անդրանիկ"-ը վերանվանվում է "Արին"-ի` ի հիշատակ դժբախտ պատահարի զոհ դարձած` պարախմբի շնորհալի անդամ Արին Չերչյանի:

Պարախումբը ամեն տարվա մայիսին համերգներ է տալիս, հետո` ամառային արձակուրդ ու հոկտեմբերից նորից սկսում է աշխատել: «Երեխաներիս սովորեցնում եմ, որ պարի մեջ չկան սահամանափակումներ. իրենք հեշտությամբ կարող են հուսալքվել` "չի ստացվում" կամ "չեմ կարող" -ով: Արգելում, մերժում եմ այդ արտահայտությունները ու այնքան եմ խոսում` ոգեշնչում, մինչեւ իրենց իսկ պատյանից դուրս եմ քաշում»:

Բացի այն, որ Գայանեն Բեյրութի միակ կին գեղարվեստական ղեկավարն է, "Արին"-ի առանձնահատկությունն այն է նաեւ, որ խմբում Հայաստանի ասենք 40 տարվա բեմադրություններից կրկնօրինակումներ չեն արվում. այստեղ ղեկավարն ամեն ինչ նորովի է անում: Հայկական, բայց ոչ ազգագրական պարեր են բեմադրվում, որոնք Մածունյանի ստեղծագործություններն են: Սովորաբար ընտրվում է դասական, նաեւ` թարմ ու նոր շունչ ունեցող այլ երաժշտություններ: Մի խոսքով` բեմին Գայանեի անձնական ընկալումներն ու ճաշակն է արտացոլվում եւ ոչ ազգային ֆոլկլորը, ինչպես տեղի մյուս խմբերում. «Իմ համոզմամբ` արվեստի գործը պիտի մտածելու առիթ տա եւ' կատարողին, եւ’ հանդիսատեսին: Նաեւ դա է կապ ստեղծում իրենց միջեւ: Պարը ինձ համար նույն խոսելն է, եւ ինչպես որ տարբեր լեզուներով կարելի է խոսել, այդպես էլ տարբեր ձեւերի կարելի է պարել: Պարել այն, ինչ զգում ես. դա է ճիշտ պարը, հետեւաբար` ես սահմանապակում չեմ դնում պարերի ձեւերի հարցում: Կարծում եմ` ճիշտ օրինակ եմ երեխաներիս, որովհետեւ ես անկեղծ եմ, երբ պարում եմ, եւ ով իմ պարը չի տեսել, գուցե ինձ լավ չի ճանաչում»:

Պարախմբի հիմնական նպատակը հայեցի դաստիարակությունն է, որ երեխաները դպրոցի հետ զուգահեռ, կամ եթե հայկական դպրոց չեն գնում գոնե այս խմբի միջոցո’վ մնան հայ, սովորեն իրենց երաժշտությունը, պարերը եւ ունենան հայ ընկերներ: Ամեն տարի խումբը մեծանում է: Ամեն տարվա աշխատանքի արդյունքի հիման վրա հաջորդ տարվա ծրագիրն է որոշվում: «Մեծ ռիսկերի եմ գնում` առանց երկար-բարակ մտածելու` ստեղծագործում եմ այնպես, ինչպես ապրում եմ, ինչպես պարում եմ: Կարծես համարձակությունս արդարանում է. Լիաբանանի տարբեր քաղաքներում փառատոնների արդեն մասնակցել ենք, իսկ այս տարվա հուլիսին` 60 լավագույն պարողներով Հայաստանում ելույթ ունեցանք` մասնակցելով «Իմ Հայաստան»` նախկին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին:

«Արվեստն անթերի պիտի ներկայացնել, պիտի սիրահարված լինել գործին, որն անում ես: Պիտի նվիրյալ լինել, որ ամիսներ շարունակ կարողանաս մնալ մութ ու խոնավ սենյանկներում, պարապես, քրտնես` ընդամենը մի քանի րոպե բեմին լինելու համար: Ազնավուրը մի երգում ասում է` "մեր մասնագիտության մեջ դահլիճի պրոժեքտորն է մեր արեւը"»…

Պարը Գայանե Մածունյանի կյանքի փոքրիկ մոդելն է` մի քանի րոպեների մեջ` զգացական աշխարհի առավելագույն խտացումով… "Արին" պարախումբը աղջկա համար աշխատանք չէ կարծես, այլ` մի կյանք, որը նա ապրում եմ առավելագույն նվիրումով: «Ես սիրահարված եմ պարին, բեմին, կուլիսներին, քրտինքին, հուզմունքին, լույսերին, ծափերին, վերջում էլ` մենակ մնալուն: Պարելուց հետո մենակ մնալն ինձ համար ինքանվերականգնվելու կամ վերածնվելու խորհուրդ ունի` ծնունդ տալ գեղեցիկին ու վերածնվել ամեն անգամ. սա է իմ պարը»:

«Պարելիս կարծես մի մեծ շրջան եմ գծում, որի մեջ ես ապահով եմ, որտեղ ես հաղթում եմ ու ինձ չեն կարող ցավեցնել»:

Գայանեն իր նվիրումով, սիրով ու հոգատարությամբ` հսկայական մի "շրջան" նաեւ "Արին"-ի համար է գծել` համարձակորեն առաջնորդելով պարախմբին դեպի նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:
    

Հեղինակ` Մարգարիտա

(Ազատ-Հայ)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4627 | 0 | 0
Facebook