Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ինձ փորձեցին վիրավորել, բայց հաճոյախոսություն ստացվեց»

17:27, չորեքշաբթի, 28 մարտի, 2012 թ.
«Ինձ փորձեցին վիրավորել, բայց հաճոյախոսություն ստացվեց»

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը մինչեւ 2009 թվականը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենն էր, իսկ այժմ նույն կառույցի խորհրդի նախագահը: «Առավոտի» հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ չնայած ԳԹԿ-ն ենթակա է ոչ թե ԿԳ նախարարությանը, այլ կառավարությանը, սակայն ԳԹԿ զարգացման ծրագրերը եւ բոլոր փոփոխությունները կրթության ընդհանուր եւ հեռահար քաղաքականության շրջանակներում են: Պարոն Մկրտչյանն ասաց, որ ԳԹԿ-ի՝ դպրոցներում իրականացվող արտաքին գնահատումների միջոցով ցանկանում են աստիճանաբար հասնել ընդունելության քննությունների վերացմանը. «Այդ անցումը պետք է հեշտ լինի: Վարչապետն էլ է բազմիցս նշել, որ եթե երեխան ուզում է իր կրթությունն ինչ-որ տեղ շարունակել, պիտի խոչընդոտ չունենա, փոխարենը՝ բուհում սովորելու ընթացքը պետք է լինի պատասխանատու եւ դժվարություններ հաղթահարելով»:

Քանի որ մի քանի օր առաջ ՀՀԿ-ական ԿԳ նախարարը, նախագահի մտերիմ մարդկանցից «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանն ու փոխնախարարը այցելել էին թիվ 16 ավագ դպրոց, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դա ընտրությունների նախաշեմին կուսակցական քարոզչություն չի ընկալվի:

«Մենք պետք է կրթության ոլորտում արվող քայլերը քաղաքական խաղերից անկախ ընկալենք»,- պատասխանեց Մանուկ Մկրտչյանը: «Ավագ դպրոցների վրա պետք է լինի առանձնահատուկ ուշադրություն բոլոր առումներով եւ քայլերից մեկն այն է, որ բարերարներ ու հովանավորներ գտնենք, ավագ դպրոցները կցենք բուհերին եւ այլն: Կոնկրետ «Բարեպաշտ սերունդի» եւ 16 դպրոցի պայմանագիրը ոչ թե այսօր, այլ անցյալ տարի է կապվել եւ լուրջ ծրագիր իրականացվել: Նախարարն էլ ի պաշտոնե այդ հիմնադրամի խորհրդի նախագահն է: «Բարեպաշտ սերունդ»-ի խորհրդի վերջին նիստին որոշվեց, որ երկուստեք այցելենք ու տեղում տեսնենք կատարված աշխատանքների ընթացքը, այնպես որ, այդ այցելությունը քարոզարշավի հետ կապ չունի: Եվ հետո «Բարեպաշտ սերունդը» միայն 16 դպրոցում չէ, որ ներդրումներ է կատարել»,- ասաց մեր զրուցակիցը:

Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ կայացած եւ արդարացած համարո՞ւմ է ավագ դպրոցների ցանցն ու անցումը 12-ամյա կրթությանը: Նա նշեց, որ կայանալը երկարատեւ պրոցես է եւ ունի բազում փուլեր, ինչ վերաբերում է արդարացված լինելուն. «Հո փորձ չե՞նք անում, որ արդարացվի, կամ՝ ոչ: Այսօր տարօրինակ տպավորություն կա հանրության շրջանում, թե կցկտուր, դրվագային բարեփոխումներ ենք անում կրթության ոլորտում, իրականում գոյություն ունի համակարգված, ներդաշնակ բարեփոխումների հեռահար քաղաքականություն»: Նա համամիտ չէ այն կարծիքներին, թե 12-ամյա կրթական համակարգին անցնելը հիմնավորված չէր, ասում է՝ ինչպես ավագ դպրոցների ցանցի ստեղծումը, այնպես էլ 12-ամյա կրթության հարցը բազմիցս քննարկվել է. նախարարներ ու կադրեր են փոխվել, բայց հաջողվել է ծրագիրն իրականացնել, որը, նրա ձեւակերպմամբ՝ չի եղել մեկ պաշտոնյայի կամակատարություն:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Մանուկ Մկրտչյանի անունը մշտապես դասագրքային «խժդժությունների» հետ ասոցացվելուն: Փոխնախարարի խոսքով, պատճառն այն է, որ ինքը ի պաշտոնե պատասխանատուն է հանրակրթության ոլորտի, հանրակրթական ծրագրերի իրականացման, նաեւ նախարարի հրամանով նախագահում է դասագրքերի մրցույթի հանձնաժողովը: Նա լուրջ չի համարում հանձնաժողովի անդամների կարծիքը վիճարկելը եւ կոչ է անում մարդկանց՝ վստահել միմյանց ու ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ: «Խոսքը միայն ինձ վստահելու մասին չէ: Ուղղակի հանձնաժողովը չի կարող հաշվի չառնել համապատասխան փորձագիտական խմբերի որոշումները, որոնք ընդամենը հաստատում ենք: Ոչ ոք բարոյական իրավունք չունի իրեն համարել ավելի բարի, ուժեղ եւ նվիրյալ, քան հանձնաժողովի անդամները: Ախր այնպես չէ, որ այնտեղ հավաքվել է համախոհների խումբ ու ինչ ուզում՝ անում է: Այդ հանձնաժողովի կազմում է, օրինակ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը»:

Քննական առաջադրանքների շտեմարանների «մասով» էլ պարոն Մկրտչյանը հայտարարեց, որ հիմա պատրաստ են լսել ցանկացած բովանդակային առաջարկություն ու դիտողություն:

Մեր դիտարկմանը, թե ԳԹԿ-ում իր աշխատանքն ավելի ստեղծագործական էր, իսկ ԿԳ նախարարությունում զուտ վարչական, Մանուկ Մկրտչյանը չհամաձայնեց՝ ասելով. «Չեմ կարծում, թե ստեղծագործական կարողությունները կիրառություն չունեն վարչական աշխատանքում, բոլոր տեղերում եւ հարցերին էլ պետք է ստեղծագործաբար մոտենալ: Մեր ապագան նորարարական մոտեցման մեջ է, անգամ փոխնախարարը պարտավոր է նորարար լինել: Մի անգամ մեկն ուզում էր վիրավորել ինձ՝ անվանելով իդեալիստ, բայց ակամայից հաճոյախոսություն ստացվեց: Որովհետեւ անհնար է լինել ռեալիստ՝ չլինելով իդեալիստ, կա ուղղակի զուտ անջատված ռեալություն՝ իդեալական եւ իրական: Եվ եթե իդեալական իրողության մեջ դու չունես հեռուն գնացող պատկերացումներ, ապա քո ռեալությունը ոչինչ չի արժենա: Ի դեպ, նորարարությունը չի պայմանավորվում աչք ծակող նորույթով, բավական է թեկուզ այն, որ կարողանաս գտնել սեփական տարբերակը»: Հավելենք, որ Մանուկ Մկրտչյանը արժանացել է ՀՀ բարձրագույն պարգեւներին, նաեւ ՌԴ «Հանրակրթության պատվավոր գործիչ», Ղազախստանի «Հանրակրթության պատվավոր գործիչ» մեդալների, ՌԴ Կրասնոյարսկի մարզի «Վաստակավոր ուսուցիչ» կոչման: Փոխնախարարն ասում է, որ այն էլ ուրիշ երկրներում՝ միայն իդեալիստ լինելու համար իրեն նման պարգեւների հաստատ չէին արժանացնի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
    
     http://www.aravot.am/2012/03/17/49357/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4836 | 0 | 0
Facebook