Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարզաբնակներին առաջարկում են խնայել չունեցած դրամները

Մարգարիտա
Հեղինակ`
Մարգարիտա
12:12, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2012 թ.
Մարզաբնակներին առաջարկում են խնայել չունեցած դրամները
    

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» նպատակային ծրագրում նախորդ տարի մի շարք փոփոխություններ կատարվեցին, որոնք հիմնականում վերաբերում էին մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի հեղինակները բարեփոխում համարեցին եւ այդպես էլ անվանեցին այդ փոփոխությունները` անկախ արդյունավետությունից:
    

Մարզաբնակների համար վարկի տոկոսադրույքը նախկին 9-ի փոխարեն սահմանվեց 7, 5 տոկոս, իսկ կանխավճարի չափը 30-ից իջեցվեց մինչև 10 տոկոս: Հրապարակային ելույթներից մեկի ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ծրագրի համահեղինակ Արսեն Քարամյանը հավաստեց, թե «աշխարհում չկա նմանօրինակ արտոնյալ մոտեցում, ինչպիսին Հայաստանի երիտասարդ ընտանիքներին է ցուցաբերվում»: Երիտասարդական քաղաքականության ծրագրերի վարչության բաժնի պետ Արսեն Պապյանն էլ վստահ է, որ «Մատչելի բնակարան» նախագիծը մարզերի երիտասարդների` բնակարան ձեռք բերելու լավագույն տարբերակն է: «Հատկապես մարզերի համար շատ ավելի հարմար է, եթե հաշվի առնենք անշարժ գույքի գները», - վստահեցրեց է Ա.Պապյանը:
    

Նման հավաստիացումների ժամանակ հաշվի են առնվում միայն նպատակահարմար գործոններ` անշարժ գույքի գին, տոկոսադրույք եւ այլն: Սակայն մարզում ապրող երիտասարդ ընտանիքների միջին աշխատավարձը կամ սպառողական զամբյուղի արժեքը կարծես չի հուզում պաշտոնատար մերոնց:

"Չէի ասի, որ վարկի տրամադրման իդեալական պայմաններ են, սակայն սրանք են մեր պետության հնարավորությունները", - անկեղծացավ Ա.Պապյանը, այդուհանդերձ, ոչ իդեալականի մասին չափազանց մեղմ արատահայտվելով:
    

Ազգային հիփոթեքային ըկերության ներկայացրած տվյալների համաձայն, նախորդ տարում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրից օգտվել է 223 շահառու, որից 76-ը` մարզաբնակ:

Ըստ ծրագրի` վարկով ձեռք բերվող բնակարանի գինը չպիտի գերազանցի 16 մլն դրամը: Սա էլ սահմանել են գուցե նրա համար, որ, ասենք, 30 կամ 40 հազար դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը չփորձի 44 հազար դոլարից թանկարժեք բնակարան ձեռք բերել (16 մլն-ը շուրջ 44 դոլար է կազմում)… 100 հազարից բարձր աշխատավարձ ստացողներն անգամ չեն կարող հույս կապել նման վարկի հետ: Ըստ ամենայնի` 150 հազարից բարձր ամսական եկամուտ ունեցող երիտասարդներն են, որ կարող են ապավինել վարկավորման այս ծրագրին: Նման ընտանիքներ մարզերում, եթե պատահում էլ են, նրանց մատների վրա կարելի է հաշվել:

Այսինքն՝ պետական նպատակային ծրագիրը կարծես կորցնում է նպատակը. մի՞թե այն եւս կոչված է բարեկեցիկ ընտանիքներին աջակցելու … Եվ, առհասարակ, ո՞րն է դրա հիմնական նպատակը, եթե սովորական ընտանիքներին ակնհայտորեն հասանելի չէ: Դժվար թե այն տարբերակն է, երբ մի խումբ բարի քեռիներ որոշել են "թիկունք կանգնել" ազգի ջահելներին: Ավելի շուտ պաշտոնատար ու գործարար քեռիները կամ մի քանի "տրցակ" չիրացվող բնակարաններ ունեն, որոնք ձգտում են շուտափութ սպառել, կամ մտադիր են աջակցել … վարկատու կազմակերպություններին: Կամ-երի թիվն ավելի շատ կարող է լինել` միայն թե բնակարանի կարիք ունեցող շարքային երիտասարդ ընտանիքները չեն կարող ծրագրից օգտվողների շարքում լինել:


     Հեղինակ` Մարգարիտա
     (Ավանգարդ պարբերաթերթ)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3919 | 2 | 0
Facebook