Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավատում եմ հրաշքներին...

20:27, չորեքշաբթի, 26 հունիսի, 2013 թ.
Հավատում եմ հրաշքներին...

Հավատում եմ հրաշքներին


    

Փոքրիկ սենյակի խունացած պատի տակ դրված էր երկաթե մի հին մահճակալ, որը գունաթափվել էր տարիների ընթացքում: Հակառակ կողմում կար բազմոց, իսկ տան մեջտեղում ճարճատյունով վերջին կրակն էր վառում վառարանը: Առաստաղը մրված էր վառարանի ծխից, իսկ պատերին հատուկենտ նկարներ էին փակցված: Սենյակի լուսավորության միակ աղբյուրը լամպն էր, որը վառվում էր առկայծումներով և հազիվ նշմարելի էր դարձնում մահճակալին պառկած հիվանդի դեմքը: Հիվանդը կլիներ 20 տարեկան: Դեռևս չճաշակած երիտասարդ տարիների պտուղներն ու չվայելած կյանքի երջանիկ օրերը` պառկած էր անօգնական: Թոքաբորբը կամաց-կամաց մաշեցրել էր աղջկա վտիտ մարմինը: Նրան հաշված օրեր էին մնացել: Նրա երբեմնի փայլատակող աչքերը կորցրել էին իրենց փայլը, երկար մազերը տեղ-տեղ թափվել էին, քիմիական դեղերի ազդեցությունից, որոնց բաց տեղերը նա խնամքով ծածկել էր մազակալի տակ: Աղջիկը հառաչում էր, մրմռում իր ներսում, բայց լուռ թաքցնելով ցավը, մեթ ընդ մերթ հազիվ ժպտում էր իր կողքին նստած երիտասարդ պատանուն: Նա լուռ էր, լուռ էր նաև տղան: Թվում էր երկուսն էլ չէին ցանկանում խախտել տիրող անդորրը: Նրանց հաճելի էր միմյանց ներկայությունը: Լռությունը հաճախ խախտում էր աղջկա հազի ձայնը, որը սկսվելով դժվար էր դադարում: Տղան բռնած աղջկա ձեռքը նուրբ շոյում էր, համբուրում, հուսադրող խոսքեր շշնջում: Անկարելի ու անզոր էին երկուսն էլ: Աղջիկն ուներ ցավ՝ հիվանդություն, որը հնարավոր չէր բուժել, ուստի նրանց մնում էր միայն աղոթել:

-Գիտե՞ս, որ ես հրաշքներին հավատում եմ, - ասաց տղան խախտելով անդորրը ապա հանդարտ գլուխը դնելով աղջկա կրծքին շարունակեց, - ասում են, ով հավատում է հրաշքներին ու դրանց համար աղոթում է, այն անպայման կատարվում է:

Աղջիկը լուռ հայացքը հառած առաստաղին ունկնդրում էր տղայի մեղրածոր ձայնի ելևէջները: Նրան հաճելի էր տղայի ձայնը: Նա լսում էր, սակայն մտքերով դեռևս հեռուն էր: Հեռուն, բայց ոչ ինչ որ տեղ, նա անհայտ հեռուներում էր ուր ոչինչ չէր մտածում:

-Իսկ դու հավատո՞ւմ ես հրաշքներին: Դու ինձ չե՞ս լսում:

-Ես վաղուց եմ դադարել հավատալ հրաշքներին, - ասաց աղջիկը դողդոջուն ձայնով, -դադարել եմ դեռևս այն ժամանակ, երբ մեզ թողեցին մենակ: Ես և դու մինչև այժմ էլ հավատոմ էինք այն հրաշքին, որ մի գեղեցիկ օր կգտնենք մեր ծնողներին: Բայց այդպես էլ չգտանք: Հիմա ինչիս են հրաշքները, երբ ամենակարևոր հրաշքը չկատարվեց մեզ համար:

-Այդպես մի ասա, -տղան դեռևս լսում էր աղջկա սրտի զարկերը, -հրաշքներ հազվադեպ են լինում: Եվ լինում են նրանց համար, ովքեր հավատում են դրան: Երևի Աստված էր ցանկանում, ու մենք երկուսս միասին ապրեինք ու մենակ կարողանայինք գոյատևել առանց մեր ծնողների: Ես գրեթե համոզված եմ, որ դու կփրկվես, ու մենք դեռ երկար տարիներ միասին կլինենք և միասին ընտանիք կկազմենք: Այս օրերի մասին էլ մեր՝ երկուսիս երեխաներին ծիծաղելով կպատմենք: Միայն հավատ և հույս է անհրաժեշտ և հրաշքը կլինի:

_Հավատ, ինչի՞ հանդեպ, կամ ու՞մ հանդեպ: Բավական չէ, որ մենք որբ ենք, բավական չէ, որ այս պայմաններում ենք հայտնվել. հիմա էլ ես անբուժելի հիվանդ եմ, էլ ի՞նչ հավատ ունենամ, ո՞ւմ հանդեպ, -ասաց կարծես վրդովված աղջիկը և սկսեց հազալ:

_Ջուր խմի՛ր Աննա ու կխնդրեմ, որ այլևս չխոսես, հանգիստ պառկիր, -ասաց տղան անհանգիստ տոնով:

- Ի՞նչ եմ արել ես Աստծուն, որ այսպես ինձ տանջում է: Տանջում է նաև քեզ ինձ հետ միասին: Եթե ես պիտի այսպես, այսքան դժվար ու կարճ կյանքով ապրեի, էլ ինչո՞ւ է նա ինձ ստեղծել այս աշխարհի վրա: Կամ ինչո՞ւ չի նա ինձ միանգամից իր մոտ տանում, եթե անգամ ինձ սիրում է, ինչո՞ւ է անիմաստ ինձ տանջում:

_Պետք չէ սիրելիս, պետք չէ այդպես ասել, -ասաց տղան և գլուխը բարձրացնելով նայեց աղջկա աչքերին, - այդ ամենի փոխարեն Աստված ինձ և քեզ է հանդիպեցրել այս կյանքում: Նա մեզ այսքան փորձությունների է ենթարկել ու հավատա, որ այս ամենը զուր չէ: Մեզ ինչ-որ լավ բան է սպասվում: Դու միայն դիմացիր, աղոթիր ու սպասիր հրաշքին:

_Քիչ այդպես ասա, ես գիտեմ, որ դու ինձ այս խոսքերով ցանկանում ես հուսադրել, բայց պետք չէ: Իմ հիվանդությունը այնպիսին է, որ օր օրի ես էլ ավելի եմ թուլանալու, օր օրի սկսելու եմ ավելի դժվար շնչել և մի օր էլ…

_ Առողջանալո՛ւ ես, - ընդատեց տղան աղջկա խոսքը, թույլ չտալով այևս շարունակել նրան, -առողջանալու ես ու մենք կրկին միասին ենք լինելու: Այլևս չլսեմ, որ դու այդպես խոսես: Հիմա քո դեղերը ընդունելու ժամանակն է, _ այս ասելով նա վերցրեց սեղանից դեղի հաբը, տվեց աղջկան և օգնեց, որ նա այն խմի, - այ ապրես, իսկ հիմա քնի՛ր, այսօր շատ ես հոգնել, քնիր, հենց արթնանաս կզգաս, թե ինչքան ես թեթևացել:

Տղան համբուրեց աղջկա ճակատը, նրան ծածկեց ծածկոցով և վեր կենալով դուրս եկավ պատշգամբ: Դրսում մութ էր: Աստղերն իրենց ողջ փայլով ու պայծառությամբ պատել էին ողջ երկինքը: Մեղմ հովվիկը նուրբ սահում էր օդի հետ, իսկ տղան մտախոհ հենվել էր պատշգամբին:

_Երանի՜, թե հրաշք լիներ: Ախր ես նույնպես գիտեմ, որ դու շատ վատ ես, ու այլևս ոչ մի փրկություն չկա, բայց կարծես ես քեզ հետ ինձ էլ եմ խաբում: Ի՞նչ անեմ, դեղերն այլևս քեզ չեն օգնում: Հազդ գնալով սաստկանում է: Երանի ես չտեսնեի քո այս տառապանքները: Երանի մի հնար լիներ ու ես քեզ փրկեի:

Մտորում էր Միհրանը ու անզորությունից հեկեկում: Նա գիտեր, որ Անննան հիմա հանգիստ քնած է և կարողանում էր ինքն իր հետ կիսվել ու լալ, քանի որ Աննայի մոտ նա իրեն այսպես չէր կարող դրսևորել:

_Ի՞նչ անեմ Տեր Աստված, դու ես մեր միակ հույսը, մեր միակ տերն ու փրկիչը, եթե միայն դու հրաշք գործեիր, եթե միայն դու կարողանային փրկել նրան: Ես պատրաստ եմ հանուն նրա տալ ամեն բան, տալ աչքերս, լեզուս, հոգիս: Վերցրու այն, ինչ որ ցանկանում ես, միայն փրկիր նրան: Հրաշք գործիր, օգնիր նրան:

Հուսահատ ու անկամ Միհրանը փոքր ինչ մաքուր օդ շնչելուց հետո ներս մտավ, կողպեց դուռը և հանգիստ առանց որևէ շշուկի պառկեց բազմոցին:

_Առավոտյան պիտի անպայման գնամ աշխատանքի՝ մինչ Աննան կարթնանա, քանի որ նրա դեղերի համար գումար է անհրաժեշտ, իսկ իմ ձեռքինը այլևս չի բավականեցնում, _մտածեց Միհրանը և նրա կոպերը կամաց կամաց սկսեցին փակվել:

Առավոտյան արևի առաջին շողերը առկայծեցին տան պատուհանից ներս: Իր նուրբ շողերով արեգակը արթնացրեց Միհրանին: Նա հապշտապ վեր կացավ, զննեց Աննայի ճակատը, թե արդյոք տաքություն չունի, հետևեց շնչառությանը, ապա տեսնելով, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է զգույշ, առանց շշուկի դուրս եկավ տանից: Կլիներ ժամը 8-ը, նա արդեն «Կայծ» գործարանում էր: Արագ քայլերով ներս մտավ գործարանի պահակակետ, հարցրեց ինչ-որ մեկին: Մի փոքր սպասելուց հետո՝ նրան մոտեցավ մեկ ուրիշը և նրա ուղեկցությամբ մտան գործարան:

-Ես կխնդրեի, որ ինձ մի քանի օր ևս հատկացնեիք, մինչ Աննայի վիճակը փոքր ինչ կփոխվեր և ես կրկին կգամ աշխատանքի, -ասաց Միհրանը իր հսկիչին՝ պարոն Սեդրակին:

-Ես քեզ հասկանում եմ, բայց մենք էլ չենք կարող այլևս այսպես աշխատել: Դու օրվա մեջ ընդամենը աշխատում ես 5 ժամ, իսկ մեզ մյուս 5 ժամերի աշխատանքը կատարում են այս տղաները, որոնք նույնպես շատ գործեր ունեն: Նրանց այլևս չեն կարող քո փոխարեն աշխատել: Ես որոշել եմ էլի ինչ-որ մեկին ընդունել, ով կկատարի քո աշխատանքի մի մասը: Եթե դու համաձայն ես մենք կարող ենք գումարը կիսել երկուսիդ միջև: Այլապես այսպես անհրնար է, իսկ եթե ոչ, դու պետք է ստիպված կամ ամբողջ օրվա կտրվածքով աշխատես կամ էլ հեռացման դիմում գրես:

-Ախր առանց այն էլ իմ աշխատավարձը չնչինէ, -վրդովված ասաց Միհրանը, -եթե այդպես լինի ես չեմ կարողանա Աննայի դեղորայքի գումարը ամբողջությամբ վճարել: Ես կգամ, ոչ մի հեռացման դիմում, այս աշխատանքը իմ միակ հույսն է:

-Ես այլևս ոչինչ չեմ կարող քեզ առաջարկել որդիս, ինձ էլ հասկացիր, -ասաց հսկիչ Սեդրակը և գնաց իր աշխատանքին:

-Լավ, ինչպես ճիշտ եք գտնում, այնպես էլ վարվեք: Ես ձեզնից ոչ մի դժգոհելու բան չունեմ:

Այս ասելով Միհրանը մտավ հանդերձարան, փոխեց շորերը և սկսեց աշխատել: Ողջ աշխատանքի ընթացքում նա մտքերով Աննայի հետ էր և շատ անհանգիստ: Արդեն կլիներ ժամը 11-ը Միհրանը այնքան էր աշխատել, որ կատարել էր ողջ օրվա համար նախատեսված աշխատանքի մեծ մասը: Շատ հոգնած և քրտնած նա գնաց, որ ստանար օրվա իր աշխատանքի վարձը: Երբ արդեն գումարը նրա ձեռքին էր ուղևորվեց դեպի տուն:

Տանը լռություն էր տիրում: Աննան արթուն էր ու իրեն բնորոշ հանգստությամբ պառկած էր անկողնում: Երբ Միհրանը բացեց դուռը նրա դեմքը ամբողջությամբ փոխվեց և ժպիտ նկատվեց նրա աչքերում:

_Արդեն արթնացե՞լ ես: Հիմա դեղերդ կնդունես և մենք միասին կընթրենք:

-Դու կրկին վաղ ես արթնացել և հասցրել ես գնալ աշխատանքի, - ասաց Աննան մտահոգ տոնով, -ես քեզ ինչքան ցավ ու անհանգստություն եմ պատճառում: Ինձ ոչ մի դեղ պետք չէ, խնդրում եմ քեզ լավ նայիր:

_ Ինչեր ես խոսում Աննա: Ես ինչ անում եմ նաև իմ համար եմ անում և չեմ թողնի, որ դու ինչ որ բանի կարիք ունենաս: Ես հավատում եմ, որ դու կկազդուրվես ու վեր կկենաս: Իզուր այլևս այդպիսի բան չասես:

_Միհրան ես քեզ շատ եմ սիրում դա դու լավ գիտես: Բայց արի միմյանց զուր հույսեր չտանք, քանի որ երկուսս էլ լավ գիտենք, որ ինձ այլևս ոչինչ չի փրկի:

_Կփրկվես, դա ես եմ քեզ ասում ու մենք կրկին միասին կլինենք;

Այս ասելով Միհրանը գրկեց Աննային ամուր-ամուր և զգաց, որ նա շատ թույլ է և ջերմում է:

_Աննա ջերմություն ունես, հիմա այս դեղը խմիր, -դեղը տալով Աննային շարունակեց, -իսկ ես քո նախաճաշը կբերեմ:

Միհրանը նախաճաշի համար թեյ, կարագ և մեղր դրեց սկուտեղին: Զգույշ մոտեցնելով Աննային նա փորձեց իր ձեռքով նրան ուտեցնել: Բայց Աննան նրան կանգնեցրեց.

-Թո՛ղ, ես ինքս, դու գիտես, որ ես կարող եմ ինքս էլ դա անել:

Սակայն հազը նրա կրկին սկսվեց և Աննան դեն հրեց նախաճաշը:

_Բայց ինչո՞ւ ես զայրանում: Ես գիտեմ, որ դու ինքդ էլ կարող ես սնվել: Ուղղակի ցանկացա իմ սիրելիին ես իմ ձեռքով հյուրասիրել:

Եվ Միհրանը սկսեց նրան կում-կում խմացնել թեյը: Տեսարանը հուզիչ և սրտաճմլիկ է: Երկու որբեր, տարբեր արյուններ, միմյանց էին հանդիպել կյանքի խաչվող ուղիներում: Հանդիպել էին և սերը կապել էր նրանց ամուր կապանքով: Միմյանց կյանքի համար պայքարելով ապրել էին կողք-կողքի՝ այն հավատով ու հույսով, որ մի գեղեցիկ օր կգտնեն իրենց ծնողներին: Սակայն բոլոր ջանքերը զուր էին անցել: Միհրանը սկսել էր աշխատել, իսկ Աննան սովորել էր ավարտել և հանկարծ հիվանդացել էր:

_Ապրի իմ սերը, -ասաց Միհրանը տանելով նախաճաշի սկուտեղը, - այ այսպես, եթե դու ամեն օր իմ ձեռքով սնվես ապա կարծում եմ, որ շուտ ոտքի կկանգնես:

_Երանի, թե այդպես լիներ, կարող ես իմ վարսերը սանրել Միհրան:

_Ինչու ոչ, կարող եմ, -ասաց Միհրանը շտապելով սանրի երևից, -տես, թե հիմա ինչ գեղեցիկ սանրվածք եմ անելու:

-Չէ՛, ուղղակի սանրի՛ր այն, խնդում եմ, -ասաց Աննան աղերսական տոնով:

Միհրանը արձակեց վարսակալը և նրա ձեռքում հայտնվեցին մի փունջ մազեր: Նա գունատվել էր, քանի որ Աննայի մազերը կամաց սկսում էին թափվել: Երբ սանրը նա զգուշութկամբ անցկացրեց նրա մազերի արանքով, մեկ-մեկ սկսեցին ընկնել փոքրիկ փնջերը: Միհրանը հազիվ զսպելով արցունքները սանրում էր դրանք:

_Միհրան գուցե քեզ հաճելի չեն իմ վարսերը, եթե չես ցանկանում սանրել թող ինձ, -ասաց Աննան զգալով, որ Միհրանը դադարել էր սանրել մազերը:

_Ո՛չ, Աննա: Դու միշտ էլ իմացել ես, որ ես սիրում եմ քո վարսերը, քո վարսերի բույրը: Այնպես, որ հարցդ անտեղին էր, -հազիվ զսպելով արցունքները ասաց Միհրանը:

Մի կերպ հավաքելով Աննայի վարսերը նա առաջարկեց կապել նրա գլուխը գլխաշորով, իսկ իր ասածն արդարացնելու համար ասաց, թե լավ կլինի որ կապիչմրսելու համար: Այս կերպ նա ցանկանում էր թաքցել գլխի մազաթափված հատվածները: Աննայի համաձայնությամբ նա կապեց գլխաշորը և թափված մազերի կույտը իր ձեռքի մեջ հավաքելով ծածուկ նետեց վառարանի կրակների մեջ:

Այսպես օրերը մեռնում էին մեկը մյուսի հետևից: Միհրանը ամբողջովին հույսը կորցրել էր: Աննան գնալով ավելի էր թուլանում և հազը էլ ավելի սաստկանում: Այլևս չէր կարողանում նստել, իսկ Միհրանը նրա կողքից չէր հեռանում:

-Տեր, ես գիտեմ, որ դու կաս, որ քոնն է զորությունը երկնքի և երկրի վրա: Ես քեզ խնդրում եմ, որ հրաշք գործես: Ես գլուխս կորցրել եմ, այլևս չեմ կարողանում նրան հուսադրել, քանի որ ես էլ եմ սփոփման կարիք զգում: Շնորհակալ եմ, որ հիմա մենք ողջ ենք, բայց կխնդրեմ, որ դու նրան ինձնից չտանես:

Ամեն առավոտյան այս աղոթքով էր արթնանում Միհրանը և ամեն առավոտյան աչքը բացելով Աննայի դեմքին սպասում էր, որ կասի լավ է և արդեն ամեն բան անցել է:

Առավոտյան ժամը 9-ը կլիներ, երբ դուռը թակեցին: Միհրանը Աննայի կողքին նստած ողջ գիշեր հսկել էր նրա քունը: Նա դեռևս երեկվանից ոչինչ չէր կերել ու ոչ մի բառ չէր արտաբերել: Ողջ գիշեր Աննայի կողքին չէր քնել և միայն հիմա նրա կոպերը ծանրությունից փակվել էին: Դռան ձայնը նրան հանկարծակիի բերեց, վեր թռչելով նա գնաց դուռը բացելու: Ի զարմանս նրա՝ դռան ետևում ոչ ոք չկար: Կարծելով, թե ուղղակի նրան է թվացել վերադարձավ Աննայի մոտ: Երբ մոտեցավ նրան Աննան արթանցել էր:

-Աննա խոսիր ինձ հետ, -ասաց Միհրանը համբուրելով նրա ճակատը:

_Իսկ ի՞նչ ես ուզում, որ ես քեզ ասեմ, -ասաց Աննան վեր կենալով ու նստելով իր անկողնում:

Ի զարմանս Միհրանի՝ Աննան նրա աչքին լավ երևաց: Նրա դեմքը լուսավորվել էր, ժպիտ էր հայտնվել աչքերին, իսկ դեմքի գույնը եկել էր իր տեղը:

_Աննա, ինչպես ես քեզ զգում, -հարցրեց Միհրանը անհանգստացած:

_Շատ լավ, հավատա՛, ես կարծես արթնացած լինեմ մի տխուր երազից: Ինձ շատ թեթև եմ զգում և կարողանում եմ լիաթոք շնչել:

Դուռը կրկին թակեցին: Միհրանը այս անգամ անհանգստացած մոտեցավ դռանը, քանի որ դա իրենց համար շատ արտասովոր էր՝ նրանց ոչ ոք չէր այցելում: Դուռը բացեց և պատշգամբից մի աղավնի թռավ դեպի երկինք: Միհրանը նայելով երկնքում սավառնող թռչունին ձեռքերը պարզեց երկինք և ասաց.

-Շնորհակալ եմ Տեր Աստված, այս հրաշքի և մեծ նվերի համար: Ես գիտեի, որ դու մեզ անօգնական չես թողնի: Շնորհակալ եմ…


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4636 | 0 | 0
Facebook