Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրահարություն եվ սեր

22:05, չորեքշաբթի, 12 հունիսի, 2013 թ.
Սիրահարություն եվ սեր

Իրականում սիրահարությունը հանկարծակի առաջացող, հուզական սուր, ակամա ապրում է, խիստ համակրանքի զգացում անձի նկատմամբ: Ի տարբերություն ավելի երկարատև ու կայուն սիրո զգացմունքի` սիրահարվածությանը բնորոշ է արագ հագենալու և մարելու միտումը:
    
    

Սիրահարությունը մարդու անհատական բնութագիրն է, որը պայմանավորված է զուգընկերոջ մտերմիկ շփման ընկալման առանձնահատկություններով: Ընդ որում, սիրահարության օբյեկտի մեջ առանձնացվում են գլխավորապես արտաքին տվյալներն ու հատկանիշները: Սիրահարությունը կարող է վերածվել կայուն սիրո: Այդ դեպքում երբեմն կորսվում են նախկին ապրումները: Սիրելի մարդն ընկալվում է ոչ այնքան որպես սեռական զուգընկեր, որքան որպես համակրելի և հուսալի ընկեր, որի մեջ գնահատվում են խելքը, բարոյական հայացքները, համագործակցելու և ապրումներին մասնակից լինելու ընդունակությունը: Բարոյահոգեբանական, հոգեֆիզիոլոգիական համատեղության ու երեխաների մասին համատեղ հոգատարության վրա հիմնված երկարատև մտերմիկ հարաբերությունները կարող են զուգորդվել սիրահարությամբ, զգացմունքների կրքոտությամբ և սեռական հակման թարմությամբ («նրանք մինչև խոր ծերություն սիրահարված էին միմյանց»):
    
    

Սիրահարկոտությունը` կարճ ժամանակով որևէ մեկով հրապուրվելու ընդունակությունը, որը չի գիտակցվում («կորցրեց գլուխը»), կարող է տհաճ վերջաբան ունենալ: Դա կարող է հանգեցնել ամուսնական դավաճանության, խանդի առիթ տալ և ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Մի կողմից` բավարար ինքնակարգապահության և ինքնատիրապետման, մյուս կողմից` համբերության և նրբազգացության դեպքում տևական, կայուն հարաբերությունները երկար կյանք են ունենում («սերը դիմացավ լուրջ փորձությանը»): Սիրահարկոտությունը կարող է դիտվել նաև որպես տարիքային յուրատեսակ առանձնահատկություն, որը կապված է անձի հոգեսեռական զարգացման հետ: Սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն` գունավորված սիրահարության օբյեկտի իդեալականացման հետ կապված ռոմանտիկ վեհ զգացումով: Պատանեկան առաջին զգացումը պետք է արժանանա ուսուցիչների, ծնողների հոգատար, նուրբ վերաբերմունքին: Այս դեպքում անթույլատրելի են սիրահարութան օբյեկտին ծաղրելը, ստորացնելու ձգտումը պատանու կամ աղջկա ներկայությամբ, անուրջների հապճեպ խորտակումը: Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում` սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է իսկական սերը:

Սերը մտերմական և խոր զգացում է, հոգեկան միտվածություն դեպի այլ անձը, մարդկային հանրությունը կամ գաղափարը: Սովորաբար, առավելագույնս ուշադրություն են գրավում սիրո երկու կողմերը. սերը` որպես զուտ հոգեբանական երևույթ (ստորաբաժանվում է ծնողական, այդ թվում` մայրական, եղբայրական, ծնողների նկատմամբ սիրո և այլն, թեև ամենից հաճախ ենթադրվում է սեր տղամարդու և կնոջ միջև) և որպես ֆիզիկական հակման, սեռական հարաբերությունների համարժեքի դրսևորում (ֆիզիկական կամ սեռական բնույթի սեր): «Սեր» տերմինը (եզրույթ) գործածվում է նաև այն ժամանակ, երբ խոսքը բնության, կենդանիների, երաժշտության, գեղանկարչության հետ առանձնահատուկ կապվածության մասին է:
    
    

Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:


     ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում` չճշտված»:

Սիրո պատճառով բժիշկները վաղուց են «իրարանցում» բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը` որպես հոգեկան խանգարում» գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ՝ տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը ընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:

Անկախ ամեն ինչից, վերջում ուզում եմ մաղթել, որ միշտ սիրեք և պահպանեք միմյանց, քանզի սերը, բարի համբավի նման, մեկ անգամ կորցնելուց հետո էլ երբեք չի վերադառնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15579 | 0 | 0
Facebook