Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան: Որոշել են նախագահ Ալիևն ու արտգործնախարար Մամեդյարովը: Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ և փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխհատուցի, ինչպես իրենք են ներկայացնում` «ադրբեջանական հողերի բռնազավթման հետևանքով պատճառած նյութական վնասը»:
Իրավական հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ այս հայտարարությունը ունի բարձր հնչեղություն, բայց ոչ իրական արժեք: Ալիևն ու Մամեդյարովը ներքաղաքական խնդիր են լուծում, որը Ադրբեջանի իշխանության նախընտրական քարոզչական ռազմավարությունն է: 300 միլիարդ դոլար: Ադրբեջանի հաշվարկներով իրենց հասցված տնտեսական վնասի չափն այսքան է: 2012-ին հայտարարել էին ընդամենը 100 միլիարդի մասին:
Ալիևի հրահանգով Գնահատման միջազգային ասոցացիան և Ադրբեջանի հասարակական- քաղաքական շրջանակներն արդեն մշակում են փոխհատուցման փաստաթուղթը, որին կհետևի նաև հայցը: Լարիսա Ալավերդյանի խոսքով` միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթուղթը առոչինչ է:
Փորձագետը հորդորում է չվախենալ Մամեդյարովի հայց ներկայացնելու հայտարարությունից: Նույնն է թե` դատարկ փամփուշտի կրակոցից: