Այլեւս երբեք կանգ չեմ առնելու, միշտ նայելու եմ առաջ, միշտ առաջ ու դեպի լավը: Ես գլուխս չեմ կախելու հողմերի առջեւ, վահան չեմ փնտրելու հարվածներից պաշտպանվելու համար: Ես կարգախոս եմ դարձնելու «ԸՆԴԴԵՄ՝ԻՆՁ ԴԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ» -ն: Ես քայլելու եմ առանց խոչընդոտներից վախենալու, առաջ եմ շարժվելու հաշվի չառնելով ճանապարհին հանդիպող պատնեշներն ու արհավիրքները: Չարին՝բարով, անարդարությունը՝արդարով, տգեղը գեղեցիկով եմ պատասխանելու, որ բոլորին սեփական օրինակով ապացուցեմ, որ աշխարհում դեռ լավը, արդարը չեն մահացել: Կյանքիս, ապրելու հիմք եմ դարձնելու իմ լուսավոր նպատակները ու դրանց հասնելու եմ: Անգամ առջեւս պատած փոշու միջից գտնելու եմ արեւվի ճառագայթների նշույլները եւ տեսնելու եմ լույսը:
Եթե մեզնից յուրաքանչյուրը ունենա այսպիսի համոզմունքներ եւ ուղեցույցներ կյանքում, ապա նրան ո՞վ կամ ինչը՞ կարող է խանգարել առաջ շարժվել.իհարկե ոչինչ եւ ոչ ոք: Այսպես նա կիմանա իր ճանապարհը կյանքում, կունենա իր հետագա քայլերի հստակ պատկերացումներն ու հետեւանքները: Ազատորեն կձեւավորվեն նպատակները եւ դրան հասնելու ճանապարհին անհատը կիմանա, թե հաջորդ քայլը դեպի որ կողմ է դնելու:
Յուրաքանչյուրը կյանքում գտնելով իր ուղեցույցը՝գտնում է ինքն իրեն, գտնում է իր ինքնությունը: Կյանքի մասին պատկերացում կազմելն ու այն ճիշտ ապրելու համար ուղիներ որոնելը, ամուր կամքի տեր եւ կյանքում լավագույն տեղերից մեկն ստանալու արժանի մարդկանց է միայն վիճակված: Գտնելով քո կյանքի իմաստը՝դու գտնում ես այն լույսը, որը մայրամուտներ չի ճանաչում, որը քեզ հետ է օր ու գիշեր ու լուսավորում է անգամ ամենաուժգին փոթորկին ենթարկված կյանքի արահետը: Ամու՛ր բռնեք այդ լույսը, թույլ տվեք նա առաջնորդի ձեզ եւ մի վախեցեք ձեր իսկ ստվերից, երբ նա փորձում է ձեր առջեւ բացել ձեր ինքնության իրական արտացոլանքը: Մի՛ վախեցեք գեթ մեկ անգամ ինքներդ ձեզ նայել բաց աչքերով, տեսնել ձեր մարդկային թերությունները, քանզի միայն այդպես է հնարավոր գտնել ինքներդ ձեզ՝անծայրածիր իրականության եւ երեւակայական ցնորքների խաչմերուկում: