Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Աստծու ճանապարհներն անիմանալի են» դարվածքի ծագման մասին

19:34, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
«Աստծու ճանապարհներն անիմանալի են» դարվածքի ծագման մասին

Մինչ այդ՝ համառոտ անդրադարձ դարձվածքի պարունակած բովանդակությանը, ասելիքին: Մարդկային բանականության համար անհնարին է լիարժեքորեն կանխատեսել ապագան, հետևել իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապերին, ամբողջովին հասկանալ այս կամ այն իրադարձության իմաստն ու նպատակը, իսկ տառացիորեն՝ անհնարին է ըմբռնել աշխարհն արարած Աստծո բոլոր ծրագրերը, նույնիսկ սեփական կյանքի իրադարձությունների պատճառահետևանքային կապերը:

Վերոհիշյալ դարձվածքը մասամբ համարժեք է «Մարդը մտադրվում է, իսկ Աստված տնօրինում է (կարգադրում է)» արտահայտությանը: Այս խոսքերով մարդիկ հաճախ մխիթարում են նրանց, ովքեր վշտահար են ու նաև դաստիարակում, ուղղություն են տալիս նրանց, ովքեր մեծ հաջողության են հանդիպել

«Աստծու ճանապարհներն անիմանալի են» դարվածքը սերվել է հռոմեացիներին Պողոս առաքյալի հղած նամակի հետևյալ խոսքից.

«Օ՜, անհունություն Աստծու հարստության, իմաստության և գիտության: Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները և անզննելի՝ նրա ճանապարհները»

(Հռովմեացիս 11. 33):

Պողոս առաքյալը չի ասում, թե Աստծո ծրագիրը, մտադրությունները պետք է հասկանալ. նա պարզապես հիացել է Արարչի իմաստունությամբ:

Դարձվածքի խորքային իմաստը բացահայտող մի պատմություն կա:

Նավը խորտակվում է մի կղզուց ոչ հեռու: Փրկվում է միայն մի երիտասարդ տղամարդ, որը լողալով հասնում է կղզի և օրհնաբանում է Աստծուն, որ ողջ է մնացել:

Նա ամեն օր աղոթում է, բայց օգնություն չի ստանում: Այդ ընթացքում ծառերի ճյուղերից մի տնակ է կառուցում, բայց երբ մի օր ծովի ափից վերադառնում է իր խրճիթ, տեսնում է, որ այն այրվում է: Հուսահատված երիտասարդը զայրացած ասում է.

-Տե՛ր Աստված, օրեր շարունակ ես Քեզ աղաչեցի, բայց դու ոչ միայն ինձ չփրկեցիր, այլև խլեցիր այն, ինչ ունեի:

Հետո արդեն ուժասպառված երիտասարդը պառկում է այրված տնակի մոխրակույտի կողքին ու քնում:

Հաջորդ օրն առավոտյան երիտասրադն արթնանում է և հորիզոնում մի նավ է տեսնում, որը մոտենում է կղզուն ու նրան վերցնում է: Երիտասարդը նավապետին հարցնում է. «Ինձ ինչպե՞ս գտաք»: «Մենք կղզում մեծ խարույկ տեսանք», - պատասխանում է նավապետը:

Իսկ այս առակն աստվածային արդարության մասին է:

Մի ծերունի է եղել, որին շարունակ տանջել է հարցը, թե՝ «Ինչո՞ւ ոմանք աղքատանում են, իսկ ոմանք՝ հարստանում, այն դեպքում, երբ աղքատները հաճախ օժտված են լինում, իսկ հարուստների ընտանիքներում մեծանում են սովորական մարդիկ, որոնց բախտը պարզապես բերել է»: Նա հաճախ այս հարցն ուղղել է Աստծուն, և մի անգամ Աստված ծերունու մոտ է ուղարկում իր հրեշտակին: Հրեշտակը ծերունուն նստեցնում է բարձր ծառին ու հանձնարարում է երեք օր դիտել, թե ինչ է տեղի ունենում:

Առաջին օրը ծերունին թանկարժեք հագուստներ հագած մի ձիավորի է տեսնում: Հեծյալը սևաթույր ձիով սլանում է ծառի մոտով ու անզգուշաբար քսակը գետնին է գցում:

Երկրորդ օրը նույն տեղը գալիս նստում ու հաց է ուտում մի ֆերմեր: Նա նկատում է քսակը, բացում է այն և տեսնում է, որ այն լի է ոսկով: Ֆերմերն իր կերակուրը թողնում է ու, պարկը շալակելով, հեռանում է:

Երրորդ օրը նույն տեղում հայտնվում է մի ցնցոտիավոր ծերունի, որը տեսնելով կերակուրը, ուրախացած նստում է և ուտում ֆերմերի թողածը: Այդ պահին հայտնվում է հարուստ հեծյալը: Մտածելով, թե ծերունին է վերցրել իր ոսկին, նա տանջում է խեղճին, բայց ոչ մի խոստովանություն չի լսում ու սպանում է նրան:

Ծառին նստած ծերունին զայրանում է ու ասում. «Ես հույս ունեի, թե բարձրագույն արդարություն եմ տեսնելու, բայց առավել մեծ անարդարություն տեսա»:

Այդժամ հայտնվում է հրեշտակը, որպեսզի քննարկի ծերունու տեսածը: Նա ասում է. «Հեծյալը հարկահավաք էր: Նրան ճանապարհից շեղել էր ագահությունը, այդ իսկ պատճառով նա կորցրեց քսակը: Գյուղացին չար մտադրություններ ունենալու պատճառով սնանկացել էր: Եթե նա չգտներ քսակը, նրա ամբողջ ընտանիքը կկործանվեր: Ընչազուրկը երիտասարդ տարիքում մարդ էր սպանել և մեղքը քավելու համար բաժանել էր իր ունեցվածքը և թափառում էր աշխարհում՝ մահ փնտրելով ու աղոթելով, որ իր տանջալի մահը լինի իր գործած մեղքի փրկագինը: Նրան սպանած հեծյալը, խղճի խայթից մղված, այլևս հարկահավաք չի լինի և աստվածավախ մարդ կդառնա»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
736 | 0 | 0
Facebook