Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ երկու ամբարտավան մեկմեկու չեն զիջել

16:46, կիրակի, 21 մայիսի, 2023 թ.
Երբ երկու ամբարտավան մեկմեկու չեն զիջել

1702 թվականին Հռոմում մի միջադեպ է տեղի ունեցել, որը քիչ է մնացել հանգեցնի Իսպանիայի միջամտությանը պապական պետության գործերին:

Ուշ միջնադարյան Հռոմի նեղ փողոցներից մեկում դեմ դիմաց են ելել Հռոմում Իսպանիայի դեսպանի կնոջ՝ Ուսեդայի հերցոգուհի Իզաբել Մարիա Ֆրանցիսկա Գոմեսի (1653 - 1711) և 1697 թվականից կարդինալ Վինչենցո Գրիմանիի կառքերը: Ոչ մեկը չի ցանկացել ճանապարհը զիջել, և երկու կողմերի ծառաների միջև կռիվ է սկսվել, որի ընթացքում կարդինալի ծառաները սպանել էն հերցոգուհու շքախմբի պաժին և երկու սպասյակներին:

Այս կռիվը Հռոմում հուզումների է հանգեցրել: Հուզումներն այնքան ուժգին են եղել, որ Կղեմես (Կլիմենտ) 11-րդ պապը (գահակալել է 1700 -1721 թթ.) 4000 պահակազոր է ուղարկել քաղաքում կարգը վերականգնելու համար: Իսպանիայի դեսպանն իր նստավայրի շուրջը պահակախումբ է կարգել և Նեապոլից, որն այն ժամանակ պատկանել է Ավստրիայում և Իսպանիայում իշխող Հաբսբուրգներին, նավ է կանչել: Դեսպանի այս գործողությունները չափազանց վիրավորել են Կղեմեսին, և նա հրամայել է ձերբակալել նավի զինվորներին ու նաև իր դժգոհությունը գրավոր հղել է Իսպանիայի թագավորին՝ առ այն, որ Իսպանիայի դեսպանը ցանկացել է գրավել պապական նստավայրը:

Ֆիլիպ 5-րդ թագավորը (գահակալել է 1700 – 1746 թթ.) ողջամտություն է դրսևորել և դեսպանին հրամայել է ներողություն խնդրել պապից ու կարգավորել հարաբերությունը կարդինալ Գրիմանիի հետ: Հերցոգուհին ստիպված է եղել առաջինը նամակով ներողություն խնդրել կարդինալից նրա ծառաների նկատմամբ գործադրված բռնության համար:

Կարդինալ Գրիմանին էլ իր հերթին է հերցոգուհուն հայտնել իր խորը հարգանքն ու նաև խորն ափսոսանքը իր ծառաների գործողությունների համար: Պատասխան ուղերձում հերցոգուհին կարդինալին հաղորդել է, թե տեղի ունեցածի համար ինքը մեղադրում է ոչ թե կարդինալին, այլ նրա երեք ծառաներին: Կարդինալն իբրև թե որոշած է եղել հեռացնել այդ ծառաներին, բայց հերցոգուհին հանդես է եկել նրանց պաշտպանությամբ ու կարդինալին խնդրել է նրանց չվտարել ծառայությունից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
701 | 0 | 0
Facebook