Լատինաամերիկյան հանցավոր աշխարհի հաշվեհարդարներից մեկի պատահական զոհը՝ արգենտինացի երգիչ Ֆակունդո Կաբրալը
Նրա ծնվելուց մեկ օր առաջ հայրը լքել է ընտանիքը։ Հայրն ապրելիս է եղել Ֆակունդո Կաբրալի մոր և նրա յոթ այլ երեխաների հետ Ֆակունդոյի հայրական պապի տանը, որը վտարել էր ընտանիքի մնացած անդամներին։ Ահա թե ինչու Ֆակունդոն հաճախ ասել է, թե ծնվել է Լա Պլատա քաղաքի «փողոցում» ։ Նա մեծացել է Բերիսոյում՝ Լա Պլատայի մոտ գտնվող քաղաքում։ Այնուհետև Ֆակունդոյի մայրը և նրա ընտանիքը գաղթել են Արգենտինայի հարավում գտնվող Հրո երկիր կղզի: 9 տարեկանում նա 4 ամիս տնից փախել է, որպեսզի Բուենոս Այրեսում հանդիպի Արգենտինայի Հանրապետության նախագահ Խուան Դոմինգո Պերոնի հետ, քանի որ լսել էր, թե նախագահը «աշխատանք է տալիս աղքատներին» ։ Մի քանի մարդկանց օգնությամբ նա ժամանել է մայրաքաղաք և կարողացել է մտնել նախագահական պալատ և զրուցել նախագահի և նրա կնոջ՝ Եվա Դուարտեի հետ։ Նա ավելի ուշ պիտի ասեր, թե Եվա Պերոնն իր հետ զրուցելուց հետո բացականչել է. «Վերջապես մեկը, ով աշխատանք է խնդրում, և ոչ թե ողորմություն»: Նախագահի կնոջ հետ այս կարճատև զրույցի շնորհիվ նրա մայրը աշխատանքի է ընդունվել, իսկ ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես նահանգի հարավում գտնվող Թանդիլ բնակավայր։ Ֆակունդո Կաբրալը դժվար մանկություն է ունեցել։ Նա հասարակության լուսանցքում է հայտնվել, դարձել է հարբեցող և բանտարկվել է։ Բանտում նա հանդիպել է Սիմոն անունով մի հիսուսականի (ճիզվիտի), որը սովորեցրել է նրան կարդալ և գրել, հաղորդակից է դարձրել գեղարվեստական գրականությանը և խրախուսել է նրան շարունակել նախնական և միջնակարգ կրթությունը: Բայց նա ընդամենը 3 տարի է աշակերտել։ Բանտից դուրս գալուց մեկ տարի առաջ նա բանտից փախել է։ Մի թափառական նրան ծանոթացրել է կրոնի էությանը, և նա իրեն հայտարարել է, թե ինքը ազատամիտ մտածող է: Կարճ ժամանակ անց Արգենտինայի որոշ արվեստագետների միջավայրում նա երգչի և կոմպոզիտորի համարում է ձեռք բերել: 1959 թվականին սկսել է կիթառ նվագել, երգել է ժողովրդական երգեր և եղել է ժամանակի հանրահայտ երգիչներ Ատահուալպա Յուպանկիի և Խոսե Լարալդեի կրքոտ երկրպագուն։ Նա բնակություն է հաստատել Արգենտինայի ծովափնյա հանգստավայրում՝ Մար դել Պլատայում և աշխատանք է փնտրել հյուրանոցում։ Հյուրանոցի տերը, տեսնելով այս նորահայտ կիթառահարին, առաջարկել է երգել։ Այստեղից էլ սկսվել է նրա վերելքը երգարվեստի որորտում։ Նա սկզբում հանդես է եկել Էլ Ինդիո Գասպարինո կեղծանվամբ, իսկ ավելի ուշ հրաժարվել է այդ կեղծանունից և հանդես է եկել իր իսկական անունով։ 1970 թվականին նա ձայնագրել է «No soy de aquí, ni soy de allá» երգը, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում: Այնուհետև նա ձայնագրվել էԱլբերտո Կորտեսի, Խուլիո Իգլեսիասի, Պեդրո Վարգասի և Նիլ Դայմոնդի հետ և ինը լեզվով ձայնասկավառակեր է թողարկել: Նա իր ստեղծագործական ներշնչանքը, իր իսկ խոստովանությամբ, ստացել է Հիսուսի, Գանդիի և Մայր Թերեզայի ուղերձներից, կրել է է Խորխե Լուիս Բորխեսի և Ուոլթ Ուիթմենի ազդեցությունը։ Նրա երգերում առկա է քննադատական երանգավորումը, իսկ երգերի տեքստերը հաճախ հումորային են։ Արգենտինայում ռազմական բռնապետության ժամանակ (1976-1983) նա համարվել է ընդդիմադիր և ստիպված է եղել տարագրվել Մեքսիկա: 1984 թվականին, երբ Արգենտինայում բռնապետությունն արդեն տապալված էր, նա վերադարձել է հայրենիք և մեծ համերգով հանդես է եկել «Լունա Պարկ» թատրոնում։ 1987 թվականին համերգ է տվել Բուենոս Այրեսի «Ferro Carril Oeste» մարզադաշտում։ 1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ֆակունդո Կաբրալին հռչակել է «Խաղաղության համաշխարհային բանբեր» ՝ նկատի առնելով նրա բազմաթիվ ուղերձներն ու դիրքորոշումները: Իր կյանքի վերջին տարիներին նա ապրել է հյուրանոցային սենյակներում և այն կարծիքին է եղել, որ ավելի լավ է անձնական ունեցվածք չկուտակել: Մահից յոթ ամիս առաջ ամուսնացել է վենեսուելացի հոգեբան Սիլվիա Պուսայի հետ, որի հետ ապրել էր մոտ տասը տարի: 2011 թվականի հուլիսի 5-ին նա հայտնվել է Գվատեմալայի մայրաքաղաքի «Grand Tikal Futura» հյուրանոցում, որպեսզի ելույթ ունենա «Expocenter» համերգասրահում։ Հուլիսի 7-ին նա երգել է Կետցալտենանգո քաղաքի «Teatro Roma» -ում՝ելույթն ավարտելով իր հանրահայտ «No soy de aquí, ni soy de allá» երգի կատարմամբ։ Ֆակունդո Կաբրալը սպանվել է այս վերջին համերգից երկու օր անց, հուլիսի 9-ի առավոտյան: Գվատեմալա մայրաքաղաքի օդանավակայանի ճանապարհին անհայտ անձինք գնդացրային կրակ են տեղացել այն մեքենայի վրա, որի մեջ են եղել են ինքը և նիկարագուացի գործարար Հենրի Ֆարինյա Ֆոնսեկան, որը ցանկացել է ուղեկցել նրան: Գործարարը հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել Գվատեմալայի հիվանդանոցներից մեկում։ Այս սպանությունը մեծ հուզում է առաջացրել Լատինական Ամերիկայում (և հատկապես Արգենտինայում), որն արտացոլում է հարավամերիկացիների հարգանքը նրա հանդեպ: 2011 թվականի նոյեմբերի 5-ին Ինտերպոլը իրավունք է տվել ձերբակալել Մեքսիկայի «Sinaloa Cartel» -ի հետ կապ ունեցող Ալեխանդրո Խիմենես Գոնքսալեսին՝ զինված հարձակման կազմակերպչին։ Գոնքսալեսը ձերբակալվել է Պուերտո Պունտա Ալբիտա քաղաքում (Կոլումբիա) 2012 թվականի մարտի 10-ին և արգելափակվելէ Գվատեմալայի բարձր անվտանգության բանտում։ Իսկ երգչին օդանավակայան ուղեկցող գործածար Հենրի Ֆարինյա Ֆոնսեկան, որին Նիկարագուայում մեղադրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, Գոնսալեսին մեղադրել է հարձակումը կազմակերպելու մեջ, քանի որ ինքը հրաժարվել է նրան վաճառել Կոստա Ռիկայի և Նիկարագուայի գիշերային ակումբները: Հենրի Ֆարինա Ֆոնսեկան կասկածվել է «Sinaloa Cartel» -ի հանցավոր եղանակով ստացված փողերի լվացման մեջ։ 2012 թվականի հուլիսին Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են, որ Ֆակունդո Կաբրալը դարձել է «Լոս Չարոս» հանցախմբի անդամներ Ալեխանդրո Խիմենես Գոնքսալեսի և Հենրի Ֆարինյասի միջև վեճի պատահական զոհ: Հիշյալ երկու անձինք ներգրավված են եղել մեկ միլիարդ դոլարից ավելի գումարի լվացման մեջ: Հենրի Ֆարինյասը հետագայում դատապարտվել է 30 տարվա ազատազրկման թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար: |