Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Թալիեսինի մասին կելտական պատումը

18:39, կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
Թալիեսինի մասին կելտական պատումը

Թալիեսինի մասին պատումն առասպել է երիտասարդ Գվիանա Բախի արկածների մասին, ով հետագայում «մեծ բարդ» Թալիեսին է դարձել: Առասպելը, ամենայն հավանականությամբ, հյուսվել է 13-րդ դարում: Թալիեսինը (կելտական դիցաբանությունում կախարդ և բարդ՝ շրջիկ երգիչ) ծառայել է Ռեգեդի (6-րդ դարում հյուսիսարևմտյան Անգլիայում բրիտների թագավորություն) թագավոր Ուրիենին: Այնուամենայնիվ, պատմական Թալիեսինը քիչ ընդհանրություններ ունի առասպելի հերոսի հետ, որն ապրել է Ուելսում, թագավորի արքունիքում և մեծ կախարդ ու գուշակ է համարվել, ինչպես Մերլինը, որի աշակերտն է նա դառնում Ջեֆրի Մոնմութսի «Մերլինի կյանքերը» պատումում։

***

Բրետոնական գվիդնո ցեղի հզոր ղեկավարներից մեկը, ասում է լեգենդը, Էլֆին անունով մի անհաջողակ որդի ուներ: Հայրը շատ էր վշտացած դրա համար և չգիտեր ինչին վերագրել որդու մշտական անհաջողությունները։ Վերջապես, խորհրդակցելով իր ընկերների հետ, նա որոշեց մի ձկնառատ ծովախորշ տրամադրել նրան և այդ կերպ վերջին անգամ փորձել նրա բախտը։

Առաջին անգամ այցելելով իր ծովախորշը՝ Էլֆինը տեսավ, որ դրա մեջ ոչ մի ձուկ չկա, նույնիսկ փոքր, չնայած գարնանը ձկնորսությունն այս վայրում միշտ շատ հաջող է լինում: Իր մշտական դժբախտության նոր ապացույցից տխրած՝ նա պատրաստվում էր թողնել ծովախորշը, երբ հանկարծ շլյուզի մոտ ինչ-որ սև բան նկատեց։ Նրան թվաց, թե դա կաշվե մորթի է։ Ձկնորսներից մեկն ասաց նրան.

- Երևում է՝ ամեն ինչում հաջողությունը քեզնից երես է թեքում: Նախկինում ամեն տարի մայիսի մեկին այստեղից շատ ձուկ էին բռնում, բայց հիմա միայն կաշվե մորթի է դուրս գալիս։

Երկուսն էլ մոտեցան հեռվից կաշվե մորթի թվացող առարկային և տեսան ուռենու ճյուղերից հյուսված և կաշվով պատված մի զամբյուղ։ Նրանք բարձրացրին կափարիչը, և որքա՜ն մեծ եղավ նրանց զարմանքը, երբ զամբյուղի մեջ մի գեղեցիկ քնած երեխա տեսան։ Մեկ րոպե անց նա բացեց աչքերը, ժպտաց և թաթիկները մեկնեց նրանց։

- Օ՜ թալիեսին, - բացականչեց ձկնորսը՝ մատնացույց անելով երեխային և ձեռքերն ապշահար տարածելով:

-Թալիեսի՜ն, – կրկնեց Էլֆինը` զամբյուղից հանելով երեխային ու սեղմելով կրծքին: - Ուրեմն թող նրան Թալիեսին անվանեն։

Երեխային գրկած Էլֆինը զգուշությամբ ձի հեծնեց և հանգիստ ձիավարեց տուն։ Նա չէր կարողանում զսպել լացը, երբ նայում էր երեխային ու մտածում իր մշտական անհաջողության մասին։ Հանկարծ երեխան սկսեց երգել, և նրա երգը շուտով մխիթարեց Էլֆինին։

-Բավակա´ն է լաց լինես, Էլֆի՛ն», - ասաց նա, - քո հուսահատությունը չի օգնի: Դադարի´ր արցունք հեղել։ Միշտ ապերջանիկ չես լինի։ Աստված մարդուն հարստություն է ուղարկում և´ ծովի հատակից, և´ բարձր լեռնագագաթներից, և´ գետերի ալիքներից: Թեպետ ես թույլ եմ ու փոքր, բայց կգա ժամանակ, երբ բազում ձկներից ավելի օգտակար կլինեմ քեզ։ Մի´ տխրիր։ Իմ մեջ արտաքուստ ամենևին ուժ չկա, բայց իմ շուրթերը ի վերուստ զորությամբ են օժտված: Քանի դեռ ես քեզ հետ եմ, դու վախենալու ոչինչ չունես։

Էլֆինն ուրախ տուն եկավ ։

-Դե՞, ի՞նչ բռնեցիր։ - հարցրեց հայրը:

- Բռնեցի այն, ինչն ավելին է, քան ձուկը, - պատասխանեց որդին:

-Բայց բռնածդ ի՞նչ է:

-Ես բարդ եմ բռնել, - ասաց Էլֆինը:

Բա՞րդ: Բայց նա քեզ ինչպե՞ս կարող է օգտակար լինել, - տխուր արձագանքեց հայրը։

Այս խոսքի վրա Թալիեսինն անձամբ ստանձնեց իր պաշտպանությունը.

-Բարդն ավելի օգտակար կլինի նրան, - ասաց նա, - քան քո ծովախորշը:

- Փոքրի´կ, դու արդեն կարողանում ես խոսե՞լ, – բացականչեց զարմացած Գվիդնոն։

-Այո´, ես կարող եմ պատասխանել նախքան ինձ հարցնելը, - ասաց Թալիեսինը և սկսեց երգել: -Ինձ հայտնի է ամեն ինչ՝ և՛ անցյալը, և՛ ապագան։

Էլֆինը Թալիեսինին հանձնեց կնոջը, և այդ օրվանից ամբողջ տասներկու տարի երջանկությունը նրա տունը չլքեց։ Այն տարում, երբ Թալիեսինը տասներեք տարեկան էր դարձել, Մելգոնը՝ գվիեդների թագավորը, Էլֆինին հրավիրեց տոնախմբության։ Դա տեղի ունեցավ հենց Զատիկին, և, հետևաբար, հանդիսությունը փառահեղ էր. սեղանները կոտրվում էին ուտելիքի ծանրությունից: Բոլոր հյուրերը լավ ժամանակ էին անցկացնում, և ամեն կողմից թագավորին գովերգող ճոռոմ խոսքեր էին լսվում. «Կա՞ աշխարհում Մելգոնից ավելի փառահեղ արքա, մի թագավոր, որի բարդերը բոլոր բարդերից լավագույնն են, - ասացին հյուրերը, - և´ ռազմիկները ավելի քաջ են, և´ ձիերն ավելի արագավազ են, և´ որսկան շները ավելի լավն են: Ո´չ, դուք չեք գտնի այդպիսի թագավոր ամբողջ աշխարհում»:

Նման շողոքորթությունը զայրացրեց Էլֆինին։

-Իհարկե, - ասաց նա, - դժվար է որևէ բանում մրցել թագավորի հետ, բայց ինչ վերաբերվում է բարդերին, ապա կարող եմ հանգիստ ասել, որ ես տանը մի բարդ ունեմ, որը կարող է ամաչեցնել թագավորական բոլոր բարդերին:

Մելգոնի բոլոր բարդերը և նրանց հետ նաև Հայնինը ըմբոստացան Էլֆինի դեմ, և արքունիքն ու հյուրերը սարսափեցին Էլֆինի չլսված հանդգնությունից և այդ մասին հայտնեցին թագավորին։ Թագավորը հրամայեց, որ խեղճ Էլֆինին բանտ գցեն և շղթայակապ պահեն, մինչև որ նա ապացուցի, որ իր բարդն ավելի իմաստուն է, քան թագավորական բարդերը։

Երբ Էլֆինի գերության մասին լուրը հասավ Թալիսինին, նա անմիջապես եկավ թագավորի մոտ, որն այդ պահին խրախճանում էր թագավորության ազնվազարմ մարդկանց հետ։ Թալիեսինը մտավ խնջույքների սրահ և թաքնվեց մի անկյունում, որի կողքով պետք է անցնեին պալատական բարդերը թագավորի առջև խոնարհվելու համար։ Մինչ բարդերն անցնում էին նրա կողքով, նա սկսեց ծամածռություններով ծաղրել բոլորին, ինչին նրանք ուշադրություն չդարձրին: Բայց երբ նրանք կանգ առան թագավորի առջև՝ ցանկանալով ողջունել նրան, նրանցից ոչ ոք չկարողացավ բառ անգամ արտասանել։ Երբ թագավորը հրամայեց նրանց երգել, նրանք բոլորը, իրենց կամքին հակառակ, սկսեցին իրենց քիթ ու մռութը ծռմռել և քթի տակ ինչ-որ բան մրմնջալ։ Թագավորը որոշեց, որ նրանք հարբած են, և զայրացած դիմեց նրանց գլխավորին՝ Հայնինին, պահանջելով, որ բացատրի բարդերի տարօրինակ վարքը՝ սպառնալով նրան սարսափելի պատժով։

Հայնինը ընկավ նրա ոտքերը.

-Տե´ր, չափից շատ գինի խմելը չէ, որ մեզ ստիպել է ձեր առջև այսպիսի տարօրինակ տեսքով հայտնվել. մենք հարբած չենք, բայց մեզ խճճել է դևը, որը, երեխայի կերպարանք առած, նստած է այն անկյունում։

Այսպիսի խոսք լսելով՝ Մելգոնը հրամայեց իր մոտ կանչել Թալիեսինին և հարցրեց, թե ով է նա և որտեղից է եկել։ Տղան հետևյալը պատասխանեց.

-Ես Էլֆինի բարդերի գլխավորն եմ։ Իմ հայրենիքը աստղազարդ երկինքն է։ Ոչ ոքի հայտնի չէ իմ ծագումը, իսկ ինձ հայտնի է ամեն ինչ՝ և՛ անցյալը, և՛ ապագան: Հովհաննես մարգարեն ինձ Մերլին անվանեց, բայց ինձ նաև Գվիոն Բախ են անվանում, իսկ այսօր անունս Թալիեսին է:

Թագավորը սաստիկ ապշեց, և հիշելով, թե ինչպես էր Էլֆինը հանդգնորեն պարծենում, Հայնինին հրամայեց երգելով մրցել Թալիեսինի հետ։ Դեռ նոր էր Հայնինը որոշել, թե ինչ պետք է երգի, հանկարծ շփոթվեց, նորից սկսեց դեմքը ծամածռել ու անհասկանալի խոսքեր մրթմրթալ։ Իզուր էր Մելգոնը սպառնում նրան և զայրացած առյուծի պես վազում այս ու այն կողմ՝ իր բարդերից յուրաքանչյուրին հրամայելով երգել, երգել այնպես, ինչպես երգում էին խնջույքների ժամանակ, իզուր էր նրանց հերթով աղաչում չխայտառակվել իր հպատակի բարդի առջև. պալատական բոլոր բարդերն արեցին նույնը, ինչ արել էր Հայնինը՝ իրենցից ամենահմուտը:

Ի վերջո, Մելգոնը դիմեց Թալիսինին.

-Ես տեսնում եմ քո զորությունը», - ասաց նա, - բայց ի՞նչ ես պահանջում ինձնից»: Ինչու՞ եք եկել այստեղ:

-Ես եկել եմ այստեղ, — պատասխանեց տղան, — որ ազատեմ իմ բարերարին։ Իմացիր, որ իմ երգի մեջ շատ գաղտնի ուժ կա, որ ես բավական է երգեմ, և ո´չ քարերը, ո´չ երկաթե շղթաները, ոչինչ չի դիմագրավի իմ երգին: Իսկ քեզ ես ձեզ կասեմ, թե ինչ կլինի քեզ հետ ամբարտավանությանդ պատճառով:

Եվ նա երգեց մի երգ՝ ահեղ ձայնով, որից արյունը սառեց Մելգոնի երակներում.

-Ահա´ ծովում բարձրանում է սարսափելի դևը, ահա´ գալիս է նա այստեղ, որպեսզի պատժի հպարտ Մելգոնին. և´ նրա դեմքը, և´ աչքերը, և´ մազերը դեղնում են՝ինչպես ոսկի։ Մա´հ նրան, անճշմարիտին... Աստվածներն անձամբ են բերում այս սարսափելի պատիժը՝ իրենց հզոր շնչով անդունդի հատակից բարձրացնելով այն գվիդնո ցեղի թագավոր Մելգոնի վրա։

Նա հազիվ հասցրեց արտասանել երգի վերջին բառերը, երբ ծովից ջրի հսկայական սյունը, քամու ջախջախիչ պոռթկումի հետ միասին, թռավ դեպի պալատ և բախվեց նրա պատերին։ Այս հարվածից ճարճատյուն և դղրդյուն տարածվեց բոլոր սենյակներով։ Ե՛վ թագավորը, և՛ ամբողջ արքունիքը դուրս վազեցին պալատից՝ ամեն րոպե սպասելով, որ այն կընկնի իրենց գլխին։

- Արագ ազատե´ք Էլֆինին և բերեք նրան այստեղ, - սարսափած բղավեց Մելգոնը:

Էլֆինին բերեցին ու հանձնեցին Թալիսինին, որն անմիջապես այնպիսի երգ երգեց, որ «շղթաներն ինքնաբերաբար ընկան նրա բարերարի ձեռքերից»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
363 | 0 | 0
Facebook