Մ.թ.ա. 5-րդ դարում ապրած Լաո Ցզին («ծեր երեխա») ապրել է Կոնֆուցիոսի հետ մոտավորապես նույն ժամանակաշրջանում և, ըստ լեգենդի, նույնիսկ հանդիպել է նրան: Լաո Ցզին քարոզել է բնության հետ ներդաշնակող պարզ կյանք: Նրա ասացվածքները հավաքված են «Tao Te Ching» («Գիրք ճանապարհի») գրքում:
Ըստ առասպելի՝ Լաո Ցզիի մայրը հղիացել է ընկնող աստղից և նրան արգանդում կրել 81 տարի, որից հետո Լաո Ցզին աշխարհ է եկել որպես ճերմակահեր երեխա և անմիջապես սկսել է խոսել։ 160 տարի նա ապրել է որպես ճգնավոր և քարոզել է, իսկ հետո, գոմեշին հեծած, ճանապարհորդել է դեպի Արևմուտք։ Դրանից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա առանց հոր սաղմնավորվել է հնգագույն մարգարիտում կուտակված արեգակնային էներգիայից: Նրա մայրն այդ մարգարիտը մանուկ հասակում կուլ է տվել, որն 81 տարի մնացել է նրա արգանդում և դուրս եկել ձախ ենթակողից։ Նա ծնվել է սալորենու տակ, այստեղից էլ նրա «Լի» («սալոր») ազգանունը: Աշխարհ գալուց 9 օր անց նա արդեն 9 չի (մոտ 3 մ) հասակ և սրբի բոլոր արտաքին նշաններն է ունեցել։ Լաո Ցզին համարվել է բոլոր անմահների գլուխը՝ ծնված երկնքի և երկրի հետ միասին: Նրան վերագրվել են մոգական ունակություններ, այդ թվում՝ արտաքին տեսքի փոփոխություն (նա սև խոյի կերպարանքով հայտնվել է Չենդու քաղաքի ոչխարների շուկայում):