ԴԻԱԿՈՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
ԴԻԱԿՈՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
Հայաստանի մայրաքաղաք Երևանից «Նիդերլանդական Օրագրի» համար ԻՆՉՊԻՍԻՆ Է ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Այսօր կփորձենք ներկայացնել թե ինչպիսին է լինում իրական բարեգործությունը և ինչ աշխատանքներ են տարվում, ինչ բարեգործական ծրագրեր են Հայաստանում իրականացվում Դիակոնիա հիմնադրամի կողմից (Diaconia Charitable Fund) ։ Նշենք, որ հիմնադրամը ներկայացնող Ջամբազյան ընտանիքն առաջիններից էր, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շտապեց Հայաստան՝ օգնելու ծանր իրավիճակում հայտնված ազգակիցներին։ Հիմնադրամը Հայաստանում հաստատվել է 2001 թվականին: Այն, որ Ջամբազյանները եկան Հայաստան իրենց հոգու և խղճի ձայնը լսելով, այն, որ նրանք չէին կարող անտարբեր գտնվել մարդկանց տառապանքին, արդեն շատ բան է ասում այս ընտանիքի մասին։ Երկրաշարժի օրվանից առ այսօր, ծնողների գործը շարունակում է նրանց որդին` Բարույր Ջամբազյանը։ Մեզ մի քանի անգամ բախտ վիճակվեց հանդիպել և զրուցել այս համեստագույն մարդկանց հետ իրենց առկա և հետագա ծրագրերի մասին և կատարել բացահայտումներ։ Ասենք, որ օգնություն ասելով Դիակոնիայում չեն հասկանում ինչ-որ գումար, հագուստ, կամ սննդամթերք բաժանել և դրանով իրենց առաքելությունը ավարտած համարել։ Նրանց բազմապիսի ծրագրերը տարվում են տարբեր ուղղություններով։ Այսօր արդեն «Հույսի ավանում» գործում են տարատեսակ արտադրություններ, որտեղ աշխատանքով ապահովվել են կարիքավոր շատ ընտանիքների ներկայացուցիչներ։ «Հույսի ավանը» թաղամաս է, որտեղ ապրում են հասարակության ամենախոցելի խմբերը: Ծանր կենցաղային պայմաններում հայտնված բազմաթիվ ընտանիքներ ստացել են անժամկետ բնակվելու հնարավորություն «Հույսի Ավանում», այն նախատեսված է 200 անապահով ընտանիքների համար, որտեղ կազմակերպվում են նաև տարբեր դասընթացներ՝ զարգացնելու երեխաների մասնագիտական հմտությունները, օրինակ՝ զբոսաշրջության դասընթացներ արցախցիների համար, ծրագրեր, որոնք ուղղված են հումանիտար աջակցության իրականացմանը, գյուղատնտեսության զարգացման խթանմանը։ Հատուկ ուշադրության են արժանանում ուսումնական, կրթական ու ժամանցային ծրագրերը, սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացման ծրագրերը: Ի դեպ, մի քանի նիդերլանդական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ Դիակոնիան տարատեսակ ծրագրեր է իրականացնոււմ Լեռնային Ղարաբաղից տարհանված ընտանիքների համար։ Դրանք հիմնականում զարգացման և ուսումնական ծրագրեր են: Ուշադրության կենտրոնում է կամավորական աշխատանքի ոլորտը: Հրավիրյալ կամավորականների մեջ կան բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք մեր երեխաների ու հայ ընտանիքների հետ աշխատելիս նրանց շրջապատում են սիրով ու հոգատարությամբ։ Հավելենք, որ Դիակոնիան Շողակաթ համայնքում ունի զարգացման կենտրոն, որտեղ անցկացվում է կարպետագործության դասընթաց: Դիակոնիան երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ։ Այստեղ հարկ ենք համարում նշել, թե ինչպիսի հպարտությամբ են հայ կամավորները նույն առաքելությամբ Հայաստան ժամանած հոլանդացի երիտասարդների համար կազմակերպում հայ մշակույթին առնչվող վարպետաց դասեր։ Մի խումբ հոլանդացի Երեխաներ Դիակոնիայի գործընկեր հոլանդական Kom over en Help բարեգործական հիմնադրամի ուղեկցությամբ այց են իրականացրել Հայաստան: Այս երեխաներն արժանի են մեծագույն հարգանքի: Նրանք իրենց ուժերով 12.500 Եվրո են իրենց հասակակիցներին օգնելու համար Հայաստան բերել: Դա սոսկ դրամահավաք չէր։ Նրանք այդ դրամը ձեռք են բերել սեփական աշխատանքի արդյունքում ՝ ոմանք խմորեղեն են թխել ու վաճառել, ուրիշները՝ մեքենա են լվացել, եղել է, որ դպրոցական բուֆետում սնվելու գումարն են խնայել ու այս բոլորը Հայաստանի կարիքավորներին նվիրաբերելու համար։ Փաստերն ինքնին հուզիչ են ու խոսուն։ Տարբեր նախագծերում կատարելով իրենց ներդրումները՝ այս հիասքանչ պատանիներն ու աղջիկները եկել են անձամբ ծանոթանալու այն երկրին, որն հսկայական տառապանքի ուղիով է անցնում դեպի նոր կյանք։ Նրանց մեջ խոսում է ապրումակցումը, մարդկային այն առաքինությունը, առանց որի մարդը կարող է սոսկ գոյատևել, բայց երբեք չի կարող ասել, որ լիարժեք կյանք է վարում։ Նմանին սատար կանգնելու մարդկային հատկությունը միայն բարեգործության ու Աստծուն հավատալու մասին չէ, որ վկայում է։Հոլանդացի երեխաները հատկապես անջնջելի տպավորություն են ստանում հայկական ջերմ ընդունելությունից և հյուրասիրությունից։ Մենք ոչ շատ վաղուց խոսել ենք Նիդերլանդներից ժամանած հացի արտադրության մեջ կայուն հմտություններ ունեցող անձանց մասին, ովքեր անուշաբույր հացի արտադրության գաղտնիքներին մասնակից են դարձրել իրենց հայաստանյան թիմին։ Դիակոնիա հիմնադրամը փոքր բիզնեսների արտադրանքների համար պարբերաբար կազմակերպում է ցուցահանդես վաճառքներ, կազմակերպվում են այցեր և սննդամթերքի, սերմացուի տեսքով օգնություններ Լոռի, Տավուշ մարզերի գյուղական համայնքներին։ Գյուղական ընտանիքներին գործընկերների անմիջական աջակցությամբ տրամադրվում են միջոցներ ջերմատներ կառուցելու համար։ Նազե/ Naze կարի արտադրության մեջ աշխատող կանայք իրենց նվիրումն են բերում փոքրիկների համար տաք հագուստի արտադրության գործին։ Դիակոնիան նաև իր գործընկերների հետ համատեղ կազմակերպում է նոր դասընթացներ Արցախից տեղահանված և ՀՀ ում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար: Արդեն մեկնարկել են հետևյալ դասընթացները՝ լուսանկարչական գործ, տուրիզմ և հյուրանոցային գործ, SMM, գրաֆիկ դիզայն, որոնց տևողությունը ՝ 4-6 ամիս է, դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները: ԱՄՓՈՓՈՒՄ, ԿԱՄ ՄԱՐԴ ՏԵՍԱԿԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ Կցանկանայի անդրադարձ կատարել այն հանգամանքին, որ Բարույր Ջամբազյանի, հոլանդացի հացթուխների ու տեխնոլոգների, Աննա Ջամբազյանի, Նաիրա Վան Խեյնհաուզենի, նկարչուհի և թարգմանչուհի Նանե Ջերրահյանի հետ մեր զրույցներն ու Դիակոնիայի արտադրական և ուսուցման տարբեր սրահներ այցելություններն ու Հույսի Ավանում պտույտները, հրաշալի բացահայտումների տարան։ Դիակոնիայում մարդիկ դրական էներգիա են տարածում խոսքով, ժպիտով, գործով, նրանց հետ շփումները հոգիդ բարությամբ են լցնում, տեսնում ես, որ աշխարհում բարությունն ու ապրումակցումը, գործին ու առաքելության նվիրումը հարստացնում են մարդուն։ Բարեգործությունն ու կամավորականությունն այն ոլորտներն են, որտեղ որքան շատ ես տալիս, բազմակի շատ ես ստանում։ Էներգիայի փոխանցումը, սիրառատ հաղորդակցումը, թույլին օգնելու և հույսի պատվար լինելու ձգտումը, մարդ արարածին անշահախնդիր ծառայելու հաճույքը և այն գիտակցությունը, որ դու մարդկային ճակատագրերին աստվածահաճո ուղղություն ես հաղորդում քեզ նոր ուժ ու ավյուն են տալիս։ Ակամայից մտածում ես, որ այստեղ մեծ է իսկական մարդ լինելու ու բարին արարելու դերը, հիանում ես, որ տասնամյակներով Դիակոնիայում մարդուն սատարելու, նրա ծանր վիճակը թեթևացնելու, հոգեկան աջակցություն ցուցաբերելու իրական միտումը կա, ու մարդկային վեհ էությունն ու դաստիարակությունն է, որ նրանց բարեգործության է մղում: |