Այս պատումի գլխավոր ասելիքն այն է, թե սեփական մեղքի գիտակցումից մարդը կարող է մահանալ
Միջնադարյան Հնդկաստանում ծնված մի հնդիկ մահմեդական արաբ ծովագնաց ալ Ֆադլ իբն Բահմադ աս Սիրաֆիին հետևյալն է պատմել Հնդկաստանի նահանգներից մեկի կառավարիչ ռաջայի մասին. «Այդ թագավորը երբեք չէր նայում նրանց դեմքերին, որոնցից ինչ-որ բան էր ստանում կամ ում ինչ-որ բան էր տալիս։ Նման դեպքերում նա միշտ ձեռքը դնում է մեջքի հետևում՝ կարծես հատուկ ընդգծելով իր աստիճանը, քանի որ այս երկրում դա ընդունված է։ Երբ այս թագավորը մահացավ, գահին մի ուզուրպատոր տիրեց, իսկ հանգուցյալ թագավորի որդին փախավ՝ վախենալով իր կյանքի համար։ Այս կամ այն պատճառով գահը լքած Հնդկաստանի թագավորները սովորաբար հագնում են բաճկոն, որի մետաքսե աստառի տակ ներկարված է լինում այնքան սուտակ և այլ թանկարժեք քարեր, որոնց արժեքը, անհրաժեշտության դեպքում, կարող է բավարար լինել թագավորությունը պահպանելու համար: Ասում են, որ ոչ մի տիրակալ իր պալատը չի թողնում առանց այնչափ հարստություն իր հետ տանելու, որը բավարար կլինի մի հսկայական կայսրություն ստեղծելու համար: Դա արվում է այն դեպքում, եթե ինչ-որ դժբախտություն նրան ստիպի վտարանդի դառնալ։ Երբ հիշյալ թագավորին մահը պատուհասեց, նրա որդին հիշատակածս բաճկոնը հագավ ու փախավ։ Հետո նա պատմել է, թե ինչպես է ստիպված եղել երեք օր քայլել, որի ընթացքում որևէ սննդի ձեռքը չի դիպել, քանի որ ո´չ ոսկի է ունեցել, ո´չ արծաթ, որ իրեն ուտելիք գնի։ «Ես ամաչում էի, - ասել է նա, - ողորմածություն խնդրել, և չէի կարող ցույց տալ, թե ինչ կար կարված իմ հագուստի մեջ: Այդ պատճառով ես նստեցի ճանապարհի մեջտեղը, և շուտով խուրջինը շալակին մի հնդիկ անցավ կողքովս։ Նա իջեցրեց խուրջինը և նստեց կողքիս։ Ես հարցրեցի. «Ո՞ւր ես գնում» ։ Նա պատասխանեց. «Այսինչ գյուղակ»: Ես ասացի. «Ես էլ եմ այնտեղ գնում: Արի միասին գնանք»: Նա պատասխանեց. «Համաձայն եմ» ։ Ես հույս ունեի, որ նա իր պարենից ինձ կհյուրասիրի։ Նա արձակեց իր խուրջինը և սկսեց ուտել։ Ես նայեցի նրան, բայց նա ինձ ոչինչ չառաջարկեց, իսկ ես չափազանց հպարտ էի, որպեսզի խնդրեմ։ Հետո նա կապեց իր խուրջինի բերանը և ճամփա ընկավ, իսկ ես հետևեցի նրան այն հույսով, որ մարդասիրության և ընկերասիրության զգացումից դրդված, այնուամենայնիվ, ինձ մի բան կառաջարկի։ Սակայն երեկոյան էլ նա ինձ հետ վարվեց այնպես, ինչպես ցերեկը։ Հաջորդ առավոտ մենք նորից ճանապարհ ընկանք, և յոթ օր նա նույն կերպ վարվեց իմ նկատմամբ։ Այս ամբողջ ընթացքում ես ձեռք չտվեցի ուտելիքի, իսկ ութերորդ օրը այնքան թուլացա, որ չկարողացա շարժվել։ Ճանապարհի եզրին նկատեցի մի փոքրիկ գյուղ: Ոմանք ինչ-որ բան էին կառուցում, ղեկավարն էլ նրանց կարգադրություններ էր անում։ Ես բաժանվեցի իմ ուղեկցից և, մոտենալով այդ պետին, ասացի նրան. «Վարձիր ինձ աշխատանքի և երեկոյան, ինչպես մյուսներին, վճարիր»: Նա ասաց. «Համաձայն եմ, նրանց կավ կտաս»: Ես կավ կուտակեցի, բայց այն մյուսներին հանձնելուց հետո ձեռքս հետևս տարա՝ ինքնաբերաբար հետևելով թագավորական սովորությանս։ Հետո սթափվեցի, հասկանալով, որ դա չի կարելի անել, քանի որ նման սխալը կարող էր ինձ կյանք արժենալ, և արագ ձեռքս արագ առաջ բերեցի, քանի դեռ ուշադրություն չէին դարձրել իմ շարժմանը։ Բայց մոտակայքում մի կին էր կանգնած, որը նկատեց դա և պետին ասաց. «Այս մարդը հաստատ արքայական տոհմից է»: Այդժամ նա նրան կարգադրեց կանգնեցնել ինձ, որպեսզի մյուս աշխատողների հետ չհեռանամ: Կինն այդպես էլ արեց: Եվ երբ բոլոր աշխատողները հեռացան, կինն ինձ համար յուղ բերեց լվացվելու, որովհետև նրանք այդպես են հարգանք մատուցում հյուրին: Երբ ես լվացվեցի, բրինձ և ձուկ բերեցին, և ես կերա։ Հետո կինն առաջարկեց, որ իր հետ ամուսնանամ, և ես տեղում կնքեցի ամուսնական պայմանագիր և նույն գիշեր ամուսնացա նրա հետ: Ես նրա հետ ապրեցի չորս տարի և վարեցի նրա գործերը, քանի որ նա հարուստ էր։ Մի օր, երբ ես նստած էի նրա տան դռան մոտ, իմ երկրից մի մարդ անցավ։ Կանչեցի նրան ու հարցրի, թե որտեղից է։ Նա պատասխանեց. «Այսինչ տեղից» ՝ տալով իմ քաղաքի անունը: Ես հարցրի. «Ինչպե՞ս եք ապրում այնտեղ»: Նա պատասխանեց. «Մենք հրաշալի թագավոր ունեինք, բայց նա մահացավ, և գահին տիրեց ուզուրպատորը։ Իսկ մահացած թագավորը մի որդի ուներ, որը պետք է կառավարեր, բայց նա փախավ՝ վախենալով իր կյանքի համար։ Ուզուրպատորը շատ վատ էր վարվում իր հպատակների հետ, ուստի հպատակները հարձակվեցին նրա վրա և սպանեցին։ Իսկ հիմա մենք թափառում ենք տարբեր երկրներում ու փնտրում հանգուցյալ թագավորի որդուն, որպեսզի նրան գահ բարձրացնենք։ Բայց մինչ օրս նրա մասին ոչինչ պարզել չի հաջողվել» ։ Այնուհետև ես ասացի այդ մարդուն. «Դու ինձ ճանաչո՞ւմ ես»: Նա պատասխանեց. «Ո´չ»: Ես ասացի՝ ես նա եմ, որին փնտրում եք»: Ես նրան տվեցի ապացույցները, և նա հասկացավ, որ ես նրան ճշմարտությունն եմ ասում և ինձ հարգանք մատուցեց: Ես խնդրեցի, որ նա գաղտնիքը պահի մինչև մեր երկիր մտնելը, և նա խոստացավ կատարել խնդրանքս: Հետո ես գնացի կնոջս մոտ, պատմեցի նրան իմ պատմությունը և բաճկոնս հանձնեցի նրան: Ես բացատրեցի նրան, թե ինչ կա բաճկոնի մեջ, և ասացի, որ ես այս մարդու հետ գնում եմ: «Եթե, - ասացի ես, - այդ մարդը ճիշտ է ասում, ապա ուղարկածս բանբերը կլինի այն նշանը, որը կգա քեզ մոտ և կհիշատակի բաճկոնի մասին: Այդ պարագայում դու նրա հետ արի: Իսկ եթե թակարդն ընկնեմ, բաճկոնը քեզ կմնա» ։ Այսպիսով, թագավորը ճամփորդության է մեկնել այդ մարդու հետ, որը, ինչպես պարզվեց, չէր խաբել։ Երբ նրանք մոտեցել են այդ երկրին, թագավորին պատվով դիմավորել են և նստեցրել են գահին։ Հետո նա մարդ է ուղարկել իր կնոջ մոտ, որպեսզի նրան բերի։ Հաստատվելով գահի վրա՝ նա հրամայել է կառուցել մի հսկայական պալատ և այնտեղ բերել իր թագավորություն ոտք դրած բոլոր անցորդներին և երեք օր հյուրասիրել նրանց, ապա պարենի երեք օրվա պաշարով ճանապարհ դնել: Այդ անելու ամբողջ ընթացքում նա անընդհատ փնտրել է այն մարդուն, որը եղել է իր ուղեկիցն այն օրերին, երբ նա փախել էր իր երկրից: Թագավորը հույս է ունեցել, որ այս մարդը մի օր իր ձեռքը կընկնի։ Եվ կառուցել է այդ պալատը, որպեսզի շնորհակալություն հայտնի ամենակարող Ալլահին, որ փրկել էր իրեն պատահած դժբախտությունից, կառուցել էր, որպեսզի մարդկանց ազատի այն դժվարություններից, որոնց ինքը ստիպված էր եղել դիմանալ: Անցել է է մեկ տարի, որի ընթացքում նա անընդհատ զննել է եկվորներին։ Թագավորն իր համար սովորություն է դարձրել եկվորներին զննել ամիսը մեկ անգամ, և չգտնելով իր որոնած մարդուն՝ նրանց ճանապարհ է դրել։ Սակայն մի օր անծանոթների մեջ նա ճանաչել է այդ մարդուն և նրան թմբուլի (բետել) տերև է տվել: Թագավորի կողմից հպատակին տրված նման նվերը համարվում է հարգանքի բարձրագույն նշան: Երբ թագավորն այդ մարդուն թմբուլի տերև է տվել, նա մինչև գետին խոնարհվել ու համբուրել է թագավորի դիմացի գետինը։ Թագավորը հրամայել է նրան վեր կենալ և, ուշադիր նայելով նրան, հասկացել է, որ նա իրեն չի ճանաչում։ Հետո թագավորը հրամայել է ինչպես հարկն է հոգածություն ցուցաբերել հյուրին և պատվով ընդունել նրան։ Այս ամենն իրագործվել է։ Հետո նա կանչել է այդ մարդուն և հարցրել է. «Դու ինձ ճանաչո՞ւմ ես»: Նա պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ չճանաչել այսպիսի մեծ, հզոր և ամենակարող թագավորին»: Թագավորն ասել է. «Ես դրա մասին չեմ խոսում: Երբ ես դեռ թագավոր չէի, դու ինձ ճանաչո՞ւմ էիր» ։ Մարդը պատասխանել է, թե չի ճանաչել։ Այդժամ թագավորը հիշեցրել է նրան իրենց հանդիպման մասին, և թե ինչպես նա, իր հետ յոթ օր ճանապարհորդելով, երբեք իրեն ուտելիք չի առաջարկել։ Ապշահար տղամարդը պապանձվել է: Իսկ թագավորը հրամայել է նրան հետ տանել պալատ, այնտեղ ավելի հարմարավետ պայմաններում տեղավորել և ավելի մեծ պատիվ ցույց տալ, քան նախկինում էր։ Երբ ճաշի ժամը եկել է, նրան կերակուր են տվել, իսկ երբ նա ցանկացել է քնել, թագավորը թագուհուն հանձնարարել է մերսել նրան, մինչև քնի։ Այդ եղանակավ քնեցնելով նրան՝ թագուհին եկել է թագավորի մոտ և տեղեկացրել, որ քնեցրել է։ Թագավորն ասել է. «Դա քնել չէ։ Շրջի´ր նրան» ։ Շրջելուց հետո տեսել են, որ այդ մարդը մահացել է։ Կինը հարցրել է. «Ինչի՞ց է մահացել» ։ Այդժամ թագավորն ամեն ինչ պատմել է այդ մարդու հետ իր հանդիպման մասին և ավելացրել է. «Նա ընկավ իմ ձեռքը, և ես նրան ընդունեցի ամենաբարձր հարգանքով։ Հինդուսները մեծ լյարդ ունեն, և նրանց ամենատարբերակիչ հատկանիշը հարուստ երևակայությունն է: Այս մարդուն մի ահավոր տրտմություն է համակել, քանի որ նա այն օրերին ինձ հետ բարի չէր եղել, և այդ տրտմությունը սպանեց նրան։ Ես կարծում էի, թե նա կմահանա ավելի վաղ, քան երևակայությունը, տխրությունը, հոգեկան ցավն ու վիշտը կսպանեն նրան»: |