Ինչպես են պսակվել երկու աթեիստները
1898 թվականի հուլիսի 22-ին (հին տոմարով՝ հուլիսի 10-ին) Շուշենսկոե գյուղում տեղի է ունեցել երկու աքսորյալների՝ «Աստծո ծառաներ Վլադիմիրի և Նադեժդայի» եկեղեցական պսակադրությունը։ Պսակադրությանը նախորդած սուրբ հաղորդությունից առաջ, ինչպես ընդունված է նման դեպքերում, հարսին ու փեսային խոստովանեցրել են և հաղորդություն տվել. արարողության ընթացքում նրանք երեք անգամ պտտվել են զոհասեղանի շուրջը։ Եկեղեցին պսակադրել է երկու անհավատների՝ Վլադիմիր Իլյիչ Ուլյանովին (Լենին) և Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայային։ Եկեղեցական արարողությունը պարտադիր է եղել հենց այն պատճառով, որ Ռուսական կայսրությունում «աթեիզմի իրավունք» հասկացություն չկար։ Կայսրության յուրաքանչյուր հպատակ պարտավոր էր լինել որոշակի կրոնի հետևորդ, և միայն եկեղեցին ուներ պսակադրություններ կատարելու իրավունք: Վլադիմիրը մորը հետևյալն է գրել. «Նադեժդա Կոնստանտինովնայի առջև, ինչպես գիտես, տրագիկոմիկ նախապայման է դրվել՝ եթե նա անմիջապես չամուսնանա, ապա պիտի վերադառնա Ուֆա... Այդ է պատճառը, որ մենք փաստաթղթերի ձեռքբերման վազվզոցի մեջ ենք. առանց դրանց անհնար է պսակադրվել, ամեն ինչ պիտի արվի պասից առաջ» ։ Ըստ պսակադրությանը ներկա անձանց պատմածի՝ հարսնացուն հագած է եղել հասարակ սպիտակ բլուզ և սև կիսաշրջազգեստ, իսկ փեսացուն՝ մաշված դարչնագույն կոստյում, որովհետև ուրիշ հարմար հագուստ չի ունեցել։ Եկեղեցական ծեսի համար անհրաժեշտ է եղել պսակադրության մատանիներ, և աքսորյալներից մեկը, Վլադիմիր Իլյիչի խնդրանքով, դրանք պատրաստել է պղնձի հինգ դրամանոցներից: Պետք է արձանագրել, որ հեղափոխականների միջավայրում ամուսնական մատանի կրելն ընդունված չի եղել, ահա, թե ինչու հետագայում ամուսինները դրանք հանել են իրենց մատներից։ Արտասահմանում դա երբեմն թյուրիմացությունների պատճառ է դարձել։ Լոնդոնում այս մասին կասկած է հայտնել նրանց վարձակալած բնակարանի տիրուհին։ Սոցիալ-դեմոկրատ Նիկոլայ Ալեքսեևը գրել է. «Տիկին Յոյին՝ բնակարանի սեփականատիրոջը, վրդովեցրել է Ն.Կ.-ի ամուսնական մատանու բացակայությունից, բայց նա ստիպված էր հաշտվել այս վերջին հանգամանքի հետ, քանի որ նրա վարձակալները լիովին օրինական ամուսիններ են եղել, և եթե նա դատապարտելի կերպով մեկնաբաներ մատանու բացակայությունը, ապա զրպարտության համար դատի տրվելու վտանգին կենթարկեր իրեն» ։ Վերոհիշյալ պսակադրության վկաները փեսայի կողմից տեղի գյուղացիներ Զավերտկինն ու Էրմոլաևն են եղել, իսկ հարսի կողմից՝ Ժուրավլևը: Երիտասարդների մեջ քնքուշ զգացմունքներ եղե՞լ են, թե՞ պարզապես կուսակցական ընկերակցությունն է նրանց միավորել։ Իհարկե եղել են։ Նադեժդա Կոնստանտինովնան ավելի ուշ խոստովանել է. «Մենք նորապսակ էինք։ Եվ դա գեղեցկացրել էր մեր աքսորը: Այն, որ ես այս մասին չեմ գրում իմ հուշերում, ամենևին չի նշանակում, որ մեր կյանքում ոչ մի պոեզիա կամ երիտասարդական կիրք չի եղել...»: Ըստ Կրուպսկայայի պատմածի՝ հարսանիքից առաջ Վլադիմիրը հաճախ է իր համար երգել Դարգոմիժսկու. «Մեզ եկեղեցում չեն պսակադրել…» ռոմանսը: Իսկ հարսանիքից հետո նա փոխեց իր երգացանկը և սկսեց երգել «Պիկովայա դամա» օպերայից մի արիա՝ «Ես սիրում եմ քեզ, ես քեզ անչափ սիրում եմ, չեմ պատկերացնում մի օր անգամ ապրել առանց քեզ...» -ը: Եվ այս զգացմունքները նրանց միջև մնացել են մինչև Լենինի մահը ։ 1918 թվականին Կրուպսկայան ինքն է կարել ամուսնու վերարկուն, որը մահափորձի հետևանքով մի քանի տեղից ծակվել էր։ «Ես ինքս լիցքակարեցի այդ անցքերը, չէ՞ որ նա ընդամենը մեկ վերարկու ուներ: Ես ծակերը լիցքակարում էի այն օրերին, երբ Իլյիչը շատ հիվանդ էր և ոչ ոք չէր կարող ասել՝ կվիճակվի՞ արդյոք նրան այդ վերարկուն նորից հագնել…Ես լիցքակարում էի գիշերը։ Ես չգիտեմ, թե այդ լիցքերի վրա ի՞նչն էր ավելի շատ՝ կարե՞րը, թե՞ իմ արցունքները, որոնք անընդհատ կաթում էին ու կաթում…», - գրել է նա: Օրեր անց Լենինը ժպտալով հարցրել է կնոջը, թե նա արտասվե՞լ է արդյոք: Սկզբում ասել է, թե չի արտասվել, հետո, մի կերպ խոստովանել է, և Լենինը բարձր ծիծաղել է ու փորձել է երգել։ Այդ օրվանից նա սկսել է լրջորեն ապաքինվել: Կրուպսկայան անձնվիրաբար սիրել է ամուսնուն։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել է նրան, լուծվել է նրա մեջ։ Լենինն էլ խորապես սիրել է Կրուպսկայային և երբեք նրան չի դավաճանել։ |