Անհասկանալի է բնությունը ծեր,
Որը չգիտես ինչո՞ւ,
Չգիտես ի՞նչպես -
Շերտ առ շերտ հանկարծ բացվում է քո մեջ
Ու կորցնում ես գիշե՜ր և ցերեկ …
*
Ասես խունացած մի էջ ես գտնում՝
Ինչ-որ պատառիկ հեռո՜ւ անցյալից,
Ասե՛ս բնությունը երա՛կդ ծակում,
Հին հիշողություն է քաշում երակից:
*
Անցյալդ գալի՜ս, գլո՜ւխ է տալիս,
Ոչ հոգի՛ն ես տեսնում, ո՛չ էլ աչքերը,
Ասե՛ս սրտիդ մեջ մի հո՜ւշ է լալիս
Ու կոկորդդ են սեղմում արցունքները:
*
Առաջին սերը դաժա՜ն է լինում -
Բաժա՜ն է լինում գիտակցությունից,
Ասե՜ս մի թավշյա երկար վարագույր
Զատում է ներկադ հեռու անցյալից:
*
Ասես շրջվո՜ւմ են իղձերդ անկատար,
Ասես պտտվո՛ւմ ես արյանդ հոսքում,
Ասես թե կյանքը՝ անխի՜ղճ ու դաժան,
Խարանում է քեզ քո իսկ ներկայում…
*
Հիշողությունը՝ կարո՜տ,
Հիշելը՝ հանցա՜նք,
Քեզ չե՛մ հասկանում բնությո՜ւն,
Մ՞իթե իրար հետ մի ողջ կյանք անցանք,
Որ հինը նորից բորբոքենք ներսում…
*
Իմ առաջին սե՜ր,
Ի՜մ երախայրիք,
Դո՞ւ իմ, թե՞ ես քո ներսում քողարկված…
… Բնության համար ինչպես խաղալիք
Մենք մոռացվեցինք,
Իսկ Կյա՜նքը անցավ…