Հոկտեմբերի 18-ին Երևանում՝ Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինարար, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը։
Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի խորհրդային և նոր ժամանակների ամենահեղինակավոր և հարգարժան ճարտարապետներից էր։ Լինելով ծննունդով գյումրեցի, բայց կյանքի մեծ մասը ապրելով Երևանում, նա իր գործունեությամբ միշտ անվերապահ ծառայել է թե՛ իր մայրաքաղաքին, թե՛ «հայրաքաղաքին» ։
Գուրգեն Մուշեղյանի կոչումները և պաշտոնները կարելի է ամվերջ թվարկել. Լենինականի գլխավոր ճարտարապետ, երկու անգամ Երևանի գլխավոր ճարտարապետ, մի քանի ինստիտուտների տնորեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր։ Բայց ավելի խոսուն են նրա հեղինակած և համահեղինակած կառույցները՝ «Հրազդան» մարցադաշտ, Մարզահամերգային համալիր, Գյումրու օդանավակայանի շենք, Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի նախագիծ, Երևան քաղաքի նոր ճանապարհային հանգույցների նախագիծ և այլն։
Այս նախագծերի մեծ մասը իրականացվել է հենց այս տանը ապրելու տարիներին։ Գուրգեն Մուշեղյանը հայ մոդեռնիստական ճարտարապետության վառ ներկայացուցիչներից էր։ Իր բոլոր կառույցներում արտացոլվում էր վարպետի միշտ երիտասարդ և ժամանակակից մտածելակերպը։
Ինքը վարպետը ամենից շատ իր կյանքում կարևորում էր ներդաշնակությունը և այդ արվեստին տիրապետում էր կատարյալ։ Դրա վառ օրինակներից է «Հրազդան» մարզադաշտը, որի ներդաշնակության մասին շրջակա լանդշաֆտի հետ բազմաթիվ հիացմունքի խոսքեր են գրել աշխարհի հայտնի ճարտարապետներ, հեղինակավոր մասնագիտական պարբերականներ, աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Բացմանը ներկա էին ճարտարապետի հարազատները, ընկերները, բազմաթիվ ճարտարապետներ, վարպետի ուսանողներ, մտավորականներ։
Բոլորը նշում էին, որ թեև այս տարի Գուրգեն Մուշեղյանը կդառնար 90 տարեկան, բայց բոլորի հիշողության մեջ կմնա միշտ երիտասարդի եռանդով և մտածելակերպով անձնավորություն։ Հուշաքարի հեղինակ ճարտարապետ Ռոման Գրիգորյանը իր մտահղացման մեջ վարպետորեն արտացոլել է Գուրգեն Մուշեղյանի էությունը՝ առանց ավելորդությունների մոնումենտալ խոսող քար և տառեր։ Մտահղացումը փայլուն իրագործել է քարագործ-վարպետ Զավեն Փալիկյանը։