Թագավորի բռնակալությունը և որդիների չարաշահումները նրա դեմ են հանել հասարակության բոլոր շերտերին։ Սեքստուս Տարքվինիուսի կողմից առաքինի գեղեցկուհի Լուկրեսիայի բռնաբարությունը վերջին կաթիլն է եղել, որը լցրել է մարդկանց համբերության բաժակը: Ինչպես գրել է Տիտոս Լիվիուսը, Սեքստուս Տարկվինիուսը գերվել է Լուկրեսիայի գեղեցկությամբ և, սպառնալով նրան զենքով, բռնաբարել նրան։ Լուկրեցիան ամեն ինչ պատմել է ամուսնուն և դանակահարել է իրեն նրա աչքի առաջ։ Այս իրադարձությունը դրդել է Լուսիուս Յունիուս Բրուտոսին ապստամբության սկսել, և այդ ապստամբությունը հանգեցրել է Հռոմում թագավորական իշխանության տապալմանը և հանրապետության ստեղծմանը: Լուկրեսիայի հարազատները՝ Լուսիուս Յունիուս Բրուտուսը և Պուբլիուս Վալերիուս Պուբլիկոլան, Լուկրեսիայի անշունչ մարմինը բերել են ֆորում և համոզեցել են քաղաքացիներին, որ թագավորը վտարվի և հաստատվի հանրապետական իշխանություն: Տարկվինիուս Հպարտին թույլ չեն տվել, որ մտնի Հռոմ, և նա ու իր երեք կրտսեր որդիները ստիպված են եղել ապաստան փնտրել Էտրուրիայում, իսկ բռնաբարություն կատարած ավագ որդին՝ Սեքստուս Տարկվինիուսը, սպանվել է Գաբիայում տեղի ունեցած ապստամբության ժամանակ։
Արտաքսված Լուսիուս Տարկվինիուսը փորձել է ստանալ էտրուսկյան և լատինական թագավորների աջակցությունը՝ վախեցնելով նրանց, թե Հռոմը ցանկանում է հանրապետական իշխանությունը տարածել ամբողջ Լատիումում։ Էտրուսկյան արքա Լարս Պորսենան, որի աջակցության հետ մեծ հույսեր է կապած եղել Լուսիուս Տարկվինիուսը, չնայած հռոմեացիների նկատմամբ տարած հաղթանակներին, ստիպված է եղել հաշտության պայմանագիր կնքել նորաստեղծ հանրապետության հետ։ Լուսիուս Տարկվինիուսը կարողացել է լատիններին դրդել Հռոմի դեմ, սակայն մ.թ.ա. 496թվականին Ռեգիլուս լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակցային բանակը պարտություն է կրել հռոմեացիներից։ Տարկվինիուսի բոլոր որդիները զոհվել են այդ ճակատամարտում։ Երբեմնի բռնակալ թագավորը ստիպված է եղել փախչել հունական Կումա գաղութ՝ Արիստոդեմոս թագավորի մոտ, որտեղ էլ մահացել է մ.թ.ա. 495 թվականին։