Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հանդիսավորությամբ կնշվի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակը

13:13, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
Հանդիսավորությամբ կնշվի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակը
     Տարին հոբելյանական է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար։ Լրանում է ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակը, որը հանդիսավոր նշելու նպատակով նախատեսվում են մի շարք միջոցառումներ։
    
     Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետի հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Դեռևս գարնանը ստեղծվել էր հանձնաժողով, որը նախապատրաստել է մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով (ս.թ. հոկտեմբերի 8-10), հանդիսավոր նիստ (ս.թ. հոկտեմբերի 31), Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասին գիրք-ալբոմի հրատարակում, ինչպես նաև ֆիլմի ստեղծում։ Հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» միջազգային գիտաժողովը։ Դեկան Կ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հարվարդի, Կոռնելի, Սորբոնի, Ազորեի, Նիդեռլանդների, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 19 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից, ժամանելու են Հայաստան:
     Գիտաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են շուրջ 100 ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ մասնակիցներ՝ ականավոր գիտնականներ, փորձագետներ, մասնագիտական ոլորտում ճանաչված դասախոսներ, ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    
     Ֆակուլտետը գիտաժողովի շնորհիվ 3 օր շարունակ վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի՝ վերլուծելու սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ: Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում: Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստը: Դեկանը տեղեկացրեց, որ նիստին ներկա կլինեն շուրջ 1300 մասնակիցներ՝ ԵՊՀ ղեկավար կազմը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմը, պետական պաշտոնյաներ, գործարարներ, ֆակուլտետի գործընկեր կազմակերպությունների, այլ բուհերի, տնտեսության տարբեր ոլորտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆակուլտետի շրջանավարտներ և ուսանողներ: Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփվելու է նկարազարդ գիրք-ալբոմում: Բազմաթիվ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության շնորհիվ վերհանվելու են ֆակուլտետի սկզբնավորումից մինչ օրս տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև մատնանշվելու են այդ գործում անուրանալի ավանդ ունեցած երախտավորները:
    
     Գիրք-ալբոմը կպատմի ֆակուլտետի անցած 90-ամյա ուղու, զարգացման ընթացքի, գիտակրթական գործունեության, հայտնի շրջանավարտների մասին: 1934 թվականից ֆակուլտետը տվել է տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնք աշխատել և աշխատում են՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ նախարարներ և փոխնախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, Կենտրոնական բանկի նախագահներ, խորհրդի անդամներ, վարչության պետեր, ֆինանսաբանկային ոլորտի բարձրաստիճան ղեկավարներ, հաջողակ գործարարներ, տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր գիտնականներ, դասախոսներ: Հոբելյանական տարվա առթիվ նախատեսվում է նաև ֆակուլտետի անցած ուղու մասին պատրաստել կարճամետրաժ ֆիլմ: Կ. Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ հոբելյանը առիթ է արժևորելու ինը տասնամյակների ձեռքբերումները և նախանշելու անելիքները՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հոբելյանական տարվա շատ ձեռնարկումներ ավանդական կդառնան նաև հաջորդ տարիներին:
    
     Հոբելյանական տարին նշանավորվելու է այլ միջոցառումներով ևս, որոնք կանցկացվեն ողջ ուսումնական տարվա ընթացքում: Միջոցառումների ամբողջ ծրագրի իրականացման գործում դեկանը առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դերն ու նշանակությունը: Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։
    
     Մասնավորապես՝ 2023 թվականին բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։ Նշենք, որ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ևս ֆակուլտետի շրջանավարտ է: Միջոցառումների կազմակերպմանը մեծապես աջակցում են նաև ֆակուլտետի մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
204 | 0 | 0
Facebook