Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հայր ու որդի նույն վախճանին են արժանացել

11:10, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
Հայր ու որդի նույն վախճանին են արժանացել

Իրանում իշխած Սեֆեվյանների շահական տոհմի գահաժառանգներից հերթականը՝1732 թվականի հունվարին ծնված Աբբաս 3-րդը՝ Թահմասպ 2-րդ շահի որդին, աշխարհ գալուց ընդամենն 9 ամիս անց շահ է հռչակվել: Նորածնին այդ պաշտոնին է նշանակել Նադիր խանը (ապագա Նադիր շահը) , որն Աբբասի ծնվելուց մի քանի ամիս անց գահընկեց է արել նրա հորը՝ Թահմասպ 2-րդին, իսկ նույն տարվա սեպտեմբերին պետության անվանական շահ է նշանակել դեռ մեկ տարին չբոլորած մանկանը: Ինքը՝ Նադիր խանը, զբաղեցրել է փոխարքայի պաշտոնը: Մի քանի տարի անց՝ 1736 թվականի մարտին, չորսամյա Աբբաս 3-րդը գահընկեց է արվել, երբ Նադիր խանը թագադրվել է որպես Նադիր շահ: Այս իրադարձությամբ պաշտոնապես վերջ է դրվել Սեֆեվյան արքայատոհմին: Աբբասն ուղարկվել է Խորասանի այն բանտը, որտեղ 1732 թվականից բանտարկված է եղել նրա հայրը:

1738 թվականին, երբ Նադիր շահն արշավանքի է մեկնել՝ նվաճելու Աֆղանստանն ու Հնդկաստանը, իր որդի Ռեզա Կոլի Միրզային նշանակել է Իրանի ժամանակավոր կառավարիչ: Ըստ մանուկ Աբբասին և նրա հորը հսկող նշանակված Մուհամմեդ Հուսեին Ղաջարի «հաշվետվության» ՝ նա նախազգուշացրել է շահի տեղապահ Ռեզային, թե լսելով Նադիրի մահվան մասին լուրը, Խորասանի Սաբզեվար քաղաքի բնակիչները կապստամբեն, կազատեն Թահմասպ 2-րդին և նրան նորից գահ կբարձրացնեն: Ըստ այդ «հաշվետվության» ՝ Ռեզան ստիպված Մուհամմեդ Հուսեինին հրամայել է սպանել Թահմասպին ու նրա որդիներին՝ հեղաշրջումը կանխելու համար:

Մուհամմեդ Հուսեինը խեղդամահ է արել Թահմասպին, թրով գլխատել է մանուկ Աբբասին ու նրա եղբայր Իսմայիլին: Այս սպանդը, հավանաբար, տեղի է ունեցել 1739 թվականի մայիսին կամ հունիսին, այլ աղբյուրներ էլ պնդում են, թե դա տեղի է ունեցել 1740 թվականին:

Նկարում՝ Թահմասպ 2-րդ շահը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
421 | 0 | 0
Facebook