Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Չնայած խոշտանգումներին, նա չի խոստովանել, թե ովքեր են իրեն օգնել նավ բարձրանալ»

23:15, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.
«Չնայած խոշտանգումներին, նա չի խոստովանել, թե ովքեր են իրեն օգնել նավ բարձրանալ»
    

1575 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանացի Միգել Սերվանտես դե Սաավեդրային ստրկավաճառ ծովահենները գերեվարել են։ Նավը, որով Միգելը Նեապոլից վերադառնալիս է եղել Իսպանիա (1571թ. հոկտեմբերին նա և իր եղբայր Ռոդրիգոն մասնակցել էին Լեպանտոյի մոտ թուրքերի դեմ հայտնի ճակատամարտին), ենթարկվել է ծովահենների հարձակմանը։ Օտար երկիր տարված Սերվանտեսը գերության մեջ անցկացրել է ավելի քան չորս տարի։
     Ալժիրում նրան վաճառել են ստրուկների առևտրով զբաղվող մի հույն վաճառականի։ Իսպանացին փորձել է փախչել, սակայն չի հաջողվել։ Որոշ ժամանակ գալերաներում նրան աշխատեցրել են որպես թիավարող: Քանի որ ըմբոստ ոգի ունեցող անձնավորություն է եղել, տերերը նրան բազմիցս մահապատժով են սպառնացել, եթե հնազանդ չլինի:

Իսկ Միգելի եղբոր բախտը բերել է. հայրը փրկագին է վճարել նրա համար։ Երբ նավը մոտեցել է ափին, որ փրկագնվածին տանի, Սերվանտեսը ծածուկ նավ է ներթափանցել, բայց նրան հայտնաբերել են:

Չնայած խոշտանգումներին, Միգելը չի խոստովանել, թե ովքեր են իրեն օգնել նավ բարձրանալ: Դաժան փոխարքա Հասանը, ոչ մի կերպ չի կարողացել Սերվանտեսից կորզել իր փախուստը կազմակերպողներից գոնե մեկի անունը։ Գերու տոկունությունն այնքան է տպավորել Հասանին, որ նա որոշել է իսպանացուն փրկագնել իր հույն տիրոջից: Սերվանտեսը, սակայն, Հասանի մոտից էլ է փորձել փախչել, բայց քանի որ նրան մատնել է մի դոմինիկյան հոգևորական, փախուստի փորձը ձախողվել է։

Չորս տարի անց վերջապես նրա փրկագնման համար պահանջված գումարը վճարվել է։ 1580 թվականի սեպտեմբերին Սերվանտեսն ազատվել է գերությունից: Այդ ժամանակ նա եղել է 33 տարեկան։

23 տարի անց Միգելը գրել է իր հայտնի «Դոն Կիխոտ» -ը:

Նկարում՝ երիտասարդ Սերվանտեսը Լեպանտոյի ճակատամարտում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
642 | 0 | 0
Facebook