Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Մարդու իրավունքների աղաղակող խախտումներն Ադրբեջանում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:37, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
Մարդու իրավունքների աղաղակող խախտումներն Ադրբեջանում
    

Գեղարդ հիմնադրամը առաջատար գիտավերլուծական հաստատություն է, որը զբաղվում է Հայաստանի և նրա շուրջ գտնվող տարածաշրջանի պատմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և մշակութային ոլորտների գիտական և վերլուծական ուսումնասիրություններով։ Գեղարդ հիմնադրամի առաքելությունն է միավորել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտներում գիտահետազոտական և վերլուծական աշխատանք իրականացնող մասնագետներին՝ ռազմավարական ուսումնասիրությունների շուրջ։ Գեղարդը համագործակցում է ինչպես Հայաստանում աշխատող, այնպես էլ արտասահմանյան առաջատար վերլուծաբանների և գիտնականների հետ, կազմակերպում է գիտաժողովներ և համատեղ աշխատանք՝ հիմնադրամի թիրախային ուղղություններում ուսումնասիրությունների գծով։ «Նիդերլանդական օրագիրը» պարբերաբար ներկայացնում է Գեղարդ հիմնադրամի վերջին հոդվածները: Հիմնադրամի հետ կարող եք կապ հաստատել gsaf@sci.am հասցեով:

Հոդվածներին ծանոթանալու և կարդալու համար այցելեք`

https://www.facebook.com/geghard.foundation

Գլխավոր (geghard-saf.am)


    

Զինվորների օրգանների վաճառքն ադրբեջանական բանակում (44-օրյա պատերազմից առաջ) . մաս 1

Ադրբեջանական բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների և զինվորների մահվան առեղծվածային դեպքերի մասին պարբերաբար է խոսվել։ Սպանված զինծառայողների ծնողներն ու ընդդիմադիրները բազմիցս բարձրաձայնել են արատավոր մի երևույթի մասին, որն ադրբեջանական իշխանությունները խնամքով փորձում են թաքցնել։ Խոսքն Ադրբեջանի զինված ուժեր ներթափանցած «օրգանների բիզնեսի» ՝ զինվորականների ներքին օրգանների ապօրինի վաճառքի մասին է։

Դեռևս 2012 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին ադրբեջանցի 97 զինվորականների մահվան մասին, որոնցից 22-ն ինքնասպանություն էին գործել, 13-ը սպանվել էին իրենց ծառայակիցների կողմից, 17-ը մահացել էին «դժբախտ պատահար» -ից, 14-ը՝ այլ հիվանդությունների պատճառով և այլն: Ընդդեմ այդ ամենի՝ Բաքվում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։

Մահացության կասկածելի դեպքերի մասին՝ «փոխպատվաստման» բիզնեսի լույսի ներքո, հանդես են եկել ադրբեջանցի մի շարք փորձագետներ: Նրանցից Սուրխան Լատիֆովը փորձել էր պարզել, թե որտեղից են հայտնվում այս հանցավոր բիզնեսի դոնորները: Ըստ վերջինի՝ «ադրբեջանական բանակն օրգանների անօրինական վաճառքի պոտենցիալ բազա է, եթե հաշվի առնենք, որ այնտեղ ծառայում են բժշկական տեղեկանք ունեցող երիտասարդներ, ովքեր պատրաստի դոնորներ են հանցավոր խմբավորումների համար»:

Այսպես՝ ադրբեջանական բանակում զինվորականների օրգանների վաճառքի մասին է փաստում նաև «առեղծվածային կերպով» մահացած Փարվիզ Իսգանդարովի մայրը՝ Քիֆայաթ Ասգարովան: Վերջինս պնդում է, որ սպանված զինծառայողների օրգանները հանձնվում են Թուրքիային և Իրանին: Փարվիզ Իսգանդարովի հայրը՝ Ջահան Իսգանդարովն, իր հերթին հայտնում է, որ ադրբեջանական բանակի զորամասերում օրգանների վաճառքը լայն տարածում ունի: Սպանվածի հոր խոսքերով՝ որդին կապավոր է եղել և սպանվել է, քանի որ գիտեր օրգանների հեռացման բազմաթիվ դեպքերի մասին: Իսկ սպանված զինծառայողի մայրը նշում է, որ իրեն անհանգստացնում է հրադադարի պայմաններում որդու մահից հետո վերջինիս օրգանների հանված լինելու փաստը:

Բնականաբար, Փարվիզ Իսգանդարովն ադրբեջանական բանակում միակ զինծառայողը չէր, ով զոհ էր դարձել ալիևյան ընտանիքի «բիզնեսին»: 19-ամյա Օրխան Ալըևն, ով ծառայում էր Նաֆթալանի թիվ 157 զորամասում, ծառայության ընթացքում մահացած հերթական զինվորականն էր։ Օրխան Ալըևի հայրը նշում է, որ իր որդին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ Նրան սպանողների նպատակը որդու օրգանների՝ 1.5-2 ժամվա ընթացքում զորամասից դուրս հանելն ու վաճառելն էր:

2013 թվականին մամուլով տարածվեց Ջեյհուն Գուբադովի մահվան լուրը: Չնայած նրան, որ պաշտոնական վարկածով Գուբադովի մահը ներկայացվեց իբրև սրտի անբավարարության հետևանք, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում տարածվեցին սպանված զինծառայողի մարմնի վրա բռնության հետքերով լուսանկարներ, որոնք կասկածների տեղիք տվեցին։ 19-ամյա սպանված զինծառայողի մայրն էլ իր հերթին պնդում էր, որ որդուն սպանել են դիտավորյալ՝ ծեծի ենթարկելով:

Ասվածից պարզ է դառնում, որ Ադրբեջանում երկար տարիներ ծաղկող ներքին օրգանների վաճառքն իր դոնորներին է գտել նաև զինվորականության շրջանում: Տարիներ շարունակ ալիևյան ռեժիմի այս հրեշավոր քաղաքականությանը զոհ են դառնում ադրբեջանական բանակում ծառայության անցած զինվորականները, որոնք, ինչպես փաստերն են վկայում, հիմնականում հանդիսանում են աղքատ ընտանիքի զավակներ:

Հարկ է նշել, որ դեպքերի թիվն այսքանով չի սահմանափակվում: Նմանօրինակ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունը հիմնականում սպրդում է հասարակական բողոքի և դրանք թաքցնելու անհնարինության պարագայում, իսկ բազմաթիվ դեպքեր հանրությանն ուղղակի անհայտ են մնում։

COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը» ․ մաս 1

Ի՞նչ է COP29-ը

COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: COP-ը «Կողմերի համաժողով» (Conference of Parties) բառակապակցության հապավումն է, ըստ որի՝ այն երկրները, որոնք միացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին Շրջանակային կոնվենցիային (UNFCCC), իրավական առումով միջազգային պայմանագրի «կողմ» են: Պայմանագրի կողմերը պարտավորվել են կամավոր գործողություններ ձեռնարկել՝ «կլիմայական համակարգին մարդածին վտանգավոր միջամտությունը» կանխելու համար։

Ամենամյա համաժողովների ընթացքում պարտավորություն կրող երկրների կառավարությունների ներկայացուցիչները զեկուցում են առաջընթացի մասին, միջանկյալ նպատակներ են սահմանում, համաշխարհային օգուտներ բերող գիտական և տեխնոլոգիական առաջընթացը տարածելու մասին համաձայնագրեր են կնքում և քաղաքական բանակցություններ վարում: 2023 թվականին COP28 հանդիպումը տեղի ունեցավ Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ-ն նավթային պետություն է։ Նավթային երկրները սովորաբար հակված են պահպանել սեփական նավթի և գազի արդյունահանումը, ինչը նպաստում է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետման աճին։ Միաժամանակ նշվածը հակասում է «նավթից և գազից առավել կլիմայահաճո վառելիքի անցման» գաղափարին։ Օրինակ՝ վերականգնվող էներգիայի արտադրության խթանումը գլոբալ առումով նպաստում է ՋԳ-ի արտանետումների նվազեցմանը:

Այնուամենայնիվ՝ ՄԱԿ-ի COP29-ի գագաթնաժողովը, որը 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը կհյուրընկալի Ադրբեջանը Բաքվում, քննադատվում է այն պատճառով, որ անցկացվելու է նավթային մեկ այլ երկրում, որը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացասական վարկանիշ ունի: Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։

Այս համաժողովը կշարունակի կլիմայի փոփոխությանն ուղղված գլոբալ ջանքերը՝ հիմնվելով COP-ի նախորդ հանդիպումների արդյունքների վրա:

COP29-ում քննարկման գլխավոր ուղղություններն են՝

Փարիզյան համաձայնագրի իրականացումը՝ երաշխավորել, որ երկրները կատարում են ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները:

Կլիմայական ծրագրերի ֆինանսավորումը՝ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացում՝ զարգացող երկրներում կլիմայական ծրագրերի իրականացման գործողություններին աջակցելու համար:

Հարմարվողականությունը և դիմակայումը՝ ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու և խոցելի համայնքներում կլիմայական բացասական երևույթների դիմակայությանն ուղղված ջանքերի գործադրումը:

Կորուստները և վնասները՝ դիտարկել արդեն իսկ տեղի ունեցող կլիմայի փոփոխության ազդեցությունները և աջակցություն ցուցաբերել տուժած տարածաշրջաններին:

Համաժողովը կանցկացնի նաև Կողմերի համաժողովի նիստեր, որոնք նվիրված կլինեն Կիոտոյի արձանագրությանը (CMP 19) և Փարիզի համաձայնագրին (CMA 6):

Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը» և ՋԳ-ի արտանետումները

Ադրբեջանը հաստատել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիան (UNFCCC) 1995 թվականին և Կիոտոյի արձանագրությունը՝ 2000 թվականին։ 2016 թվականին Ադրբեջանը ստորագրել է Փարիզի համաձայնագիրը և վավերացրել այն 2017 թվականին։ Իր «Ազգայնորեն սահմանված գործողություններում» (NDC) (կլիմայական գործողությունների ծրագիր, որը յուրաքանչյուր երկիր ներկայացնում է որպես Փարիզի համաձայնագրի պահանջ) Ադրբեջանը նշել է, որ նպատակադրվել է մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 35%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատությամբ: Չնայած ստորագրված և վավերացված միջազգային արձանագրություններին, համաձայնագրերին և ԿՓ կոնվենցիային՝ Ադրբեջանը չի ցանկանում հետևել ստանձնած պարտավորություններին։ Գործողություններն ու միջոցառումները հիմնականում ծառայում են միջազգային գործընկերներին ուղղված ինչ-որ ցուցադրության։

Մթնոլորտում ածխաթթու գազի կրճատման մասին Փարիզյան համաձայնագրի (որը ստորագրել է Ադրբեջանը) պահանջով երկրները պետք է հրապարակեն այդ տվյալներն առնվազն երկու տարին մեկ անգամ։ Մինչդեռ, իրականում Ադրբեջանը 2018 թվականից դադարեցրել է ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալներ հրապարակելը։ Այնինչ՝ ՋԳ-ի արտանետումներն անշեղորեն աճում են։ Արտանետումների աճին նպաստում է ոչ միայն «SOCAR» ընկերությունը, այլև՝ «British Petroleum» -ը։ Ադրբեջանի իշխանություններն իրենց լռությունը բացատրել են COVID-ով։

ՋԳ-ի արտանետումների պաշտոնական վերջին տվյալները վերաբերում են 2017 թվականին, երբ դրանք 38%-ով ցածր էին 1990 թվականի. մակարդակից, իսկ էներգետիկ ոլորտը կազմում էր ընդհանուր արտանետումների 75%-ը: Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) տվյալների՝ 2017 թվականին Ադրբեջանում վառելիքի այրումից CO2 արտանետումները կազմել են 30, 9 մլն․տ (+6, 6%՝ 2005 թվականից, -42, 1%՝ 1990 թվականից): Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) տվյալներով՝ 2022 թվականին Ադրբեջանի էներգիայի պահանջարկը (չափված որպես էներգիայի ընդհանուր մատակարարում) կազմել է 16, 1 միլիոն տոննա նավթին համարժեք (ՄՏՆՀ): 2010 թվականից ի վեր Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ավելի քան 50%-ով՝ 2022 թվականին կազմելով մինչև 29.0 ՏՎտժ: Այն հիմնականում արտադրվում է բնական գազից (2022 թվականին՝ ավելի քան 90%):

2021 թվականին Ադրբեջանի ընդհանուր վերջնական սպառումը (առանց տրանսֆորմացիոն հատվածի) կազմել է 11, 5 միլիոն տոննա նավթին համարժեք (ՄՏՆՀ): Վերջնական ամենամեծ սպառումն ունի տնային տնտեսությունների հատվածը (2021 թվականին՝ 4, 1 ՄՏՆՀ): Տրանսպորտը, էներգիայի վերջնական սպառման ծավալով, թվով երկրորդն է (2, 6 ՄՏՆՀ՝ 2021 թվականին): Տրանսպորտի ոլորտում օգտագործվող նավթամթերքների մեծ մասն արտադրվում է Ադրբեջանում։ Վերջնական ընդհանուր սպառումը հիմնականում բաղկացած է բնական գազից (43%) և նավթամթերքից (39%), որին հաջորդում է էլեկտրաէներգիան (15%):

Սակայն, 2030 թվականին ԱՍԳ-ի նպատակին հասնելը բարդ կլինի, եթե երկիրը չզսպի տրանսպորտի վառելիքի պահանջարկի աճը (որը զսպված չէ գներով կամ հարկերով) և բնական գազի սպառման աճը (որը սուբսիդավորվում է բոլոր ոլորտներում):

Ադրբեջանում վերջնական սպառողներին մատակարարվող նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս գները տարածաշրջանում ամենացածրերից են՝ սահմանված լինելով անգամ մատակարարման ինքնարժեքից ցածր: Ավելին՝ 2018 թվականին Ադրբեջանի էներգակիրների գնի սուբսիդիաները երեք անգամ ավելի են եղել, քան 2010 թվականին, ըստ ԷՄԳ-ի գնահատականների՝ կազմելով 2, 6 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 5, 8%-ը։ Նման խիստ սուբսիդավորվող սակագների պայմաններում տնային տնտեսություններն ու արդյունաբերական սպառողները էներգիան ավելի արդյունավետ օգտագործելու ոչ մի խթան չունեն: Ավելին՝ Ադրբեջանում նավթային վառելիքի գներն ամենացածրերից են ԵԱՏՄ տարածաշրջանում (տե՛ս ստորև գծանկարը), և այս փաստը որևէ խթան կամ ազդակ չի տալիս սպառողներին՝ անցնելու առավել կլիմայահաճո վառելիքի կիրառման տարբերակներին, օրինակ՝ ձեռք բերել էլեկտրական մեքենաներ, հիբրիդային տրանսպորտային միջոցներ, օգտագործել ջրածնային վառելիք, սեղմված բնական գազ (CNG) կամ հեղուկացված նավթային գազ (LPG):

Աղբյուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Sputnik Azerbaijan

ՋԳ-ի արտանետումների մեկ այլ մեծ աղբյուր է գազի բոցավառումը: Այն գազի այրումն է՝ որսալու փոխարեն, որը տեղի է ունենում նավթի հորատման ժամանակ և հանդիսանում է գլոբալ տաքացմանը մեծապես նպաստող ածխաթթու գազի և մեթանի, ինչպես նաև սև մուրի արտանետումների հիմնական աղբյուրը: Ըստ «Financial Times» պարբերականի՝ 2023 թվականին Ադրբեջանում գազի բոցավառման մակարդակը վերջին տասնամյակում ամենաբարձր ցուցանիշն է։ Հետազոտողների խմբի վերլուծությունը ցույց է տվել, որ մեղավորների թվում են «British Petroleum» -ի և «Ադրբեջանի պետական նավթային ընկերության» (SOCAR) օբյեկտները:

«Գլոբալ Ուիթնես» (Global Witness) ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռնարկված արբանյակային տվյալների վերլուծությունը պարզել է, որ Ադրբեջանում նավթի և գազի կայանքներում այրված գազի ծավալը 2018 թվականից ի վեր աճել է 10, 5%-ով, երբ երկիրը հաղորդել էր ջերմոցային գազերի արտանետումների մասին։ Այսպիսի աճը էական է՝ հաշվի առնելով բոցավառումը նվազեցնելու երկրի նախկին ջանքերը: Օրինակ՝ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012 թվականի տարեկան 333 միլիոն խորանարդ մետր մակարդակից 2020 թվականին գազի այրումը նվազեցրել է մինչև տարեկան 135 միլիոն խորանարդ մետր։ Այնուամենայնիվ՝ արբանյակային վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականից ի վեր գազի այրման գործակիցն աճել է ավելի քան 70%-ով՝ ավելի քան 1000 առանձին բոցավառման իրադարձություններով:

Ի լրումն Ադրբեջանի կլիմայական այդ բացասական վարքագծի՝ հարկ է նշել նաև ադրբեջանական իշխանությունների քաղաքական մոտեցումները։ Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլին Բեռլինում կլիմայի փոփոխության հարցերով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը պաշտպանել է երկրի հանածո վառելիքի ոլորտը՝ պնդելով, որ իր երկրի «նավթն ու գազը տարիներ շարունակ անհրաժեշտ կլինեն» եվրոպական պահանջարկի պատճառով։ Ալիևն ասել է, որ մինչ Ադրբեջանը ձգտում է կառուցել իր կանաչ էներգիայի մատակարարման ենթակառուցվածքները, նա նաև ներդրումներ է կատարում գազի արդյունահանման ենթակառուցվածքի մեջ, քանի որ «Եվրոպան ավելի շատ գազի կարիք ունի» ՝ կապված «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։ Բաքվի ղեկավարը նաև կոչ է արել նավթի և գազի մեծ պաշարներ ունեցող երկրներին լինել կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ քննարկումների «առաջին շարքում»: Սա լիովին հակասում է կլիմայի փոփոխության վերաբերյալ գլոբալ քաղաքականությանը, Փարիզի համաձայնագրում ամրագրված մոտեցումներին և ամենամյա կլիմայական գագաթնաժողովների տրամաբանությանը։

Նազարյան Գևորգ

Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 4. ադրբեջանցի լրագրողների հետապնդումներն Ադրբեջանից դուրս

Ադրբեջանում բռնապետության, խոսքի ազատության բացակայության ու հալածանքների առկայության պայմաններում ադրբեջանցի շատ լրագրողներ ու ակտիվիստներ ապաստան են փնտրում և գործունեություն ծավալում Ադրբեջանից դուրս: Բաքվի իշխանությունները, սակայն, նրանց հետապնդում են նաև երկրի սահմաններից դուրս՝ ընդհուպ մինչև Եվրոպայում: Այդ հետապնդումները ներառում են թե՛ լրագրողների հասցեին սպառնալիքներ, ֆիզիկական բռնություն ու մահափորձ, թե՛ միջազգային հետախուզում հայտարարելու միջոցով տվյալ երկրից լրագրողի ձերբակալման ու արտահանձնման պահանջ:

Արտասահմանում ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներն ակտիվացել են 2014 թվականից, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանում չի ընդունվել Ադրբեջանում քաղբանտարկյալների դրության վերաբերյալ բանաձևը: Ըստ իրավապաշտպան Լեյլա Յունուսի՝ Բաքվում հասկացել են, որ պատժամիջոցներից վախենալու կարիք չունեն ու ընդդիմախոսների դեմ հետապնդումներ են սկսել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Ադրբեջանի իշխանությունները «խավիարային դիվանագիտությամբ» տարբեր երկրներում ազդեցության գործակալներ են ձեռք բերել՝ դյուրացնելով հետապնդումներն ու ապահովելով անպատժելիություն:

Այսպես՝ 2014 թվականին Թուրքիայում ձերբակալվել և Ադրբեջան է արտաքսվել «Զերկալո» ռուսալեզու թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովը: Ադրբեջանում նրան բանտարկել են պետական դավաճանության մեղադրանքով:

2014 թվականին Բաքվի պահանջով Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդ» -ի անդամ, «Turan TV» -ի հետ համագործակցող Դաշգըն Աղալարովը: Կես տարի անց նա ազատ է արձակվել, սակայն Վրաստանի իշխանությունները նրանից պահանջել են լքել երկիրը: Աղալարովն ապաստանել է Նորվեգիայում, բայց 2020 թվականին՝ Լեհաստան այցի ժամանակ, ձերբակալվել է Գդանսկի օդանավակայանում:

2017 թվականին մայիսին Թբիլիսիում առևանգել և Բաքու են տեղափոխել ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին: Բաքվում նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել: Նրա ձերբակալությունը միջազգային լայն արձագանք է գտել։ Արդյունքում՝ 2020 թվականին Մուխթարլըին ազատ են արձակել և բանտից միանգամից տարել օդանավակայան՝ ուղարկելով Գերմանիա:

2019 թվականին ՌԴ-ից արտաքսել են ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին: Նա տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ նրան արտաքսել են Ադրբեջան: Բաքվում նրան ձերբակալել են: Ուկրաինայում ադրբեջանցի լրագրողի ձերբակալության դեպք տեղի էր ունեցել նաև 2017 թվականին, սակայն դատարանը չէր բավարարել լրագրողին արտահանձնելու պահանջը:

2019 թվականին Ստրասբուրգում հարձակում է եղել «Azərbaycan Saatı» հեռուստանախագծի ղեկավար Գանիմաթ Զաիդի վրա։ Նույն տարում Գերմանիայում հարձակվել են բլոգեր Գաբիլ Մամեդովի վրա: Վերջինիս դեմ հարձակում եղել է նաև 2021 թվականի հունվարին:

Իր հասցեին արված սպառնալիքների մասին է խոսել նաև ԱՄՆ-ում բնակվող լրագրող Սեվինջ Օսմանգըզըն, ով իր հաղորդման շրջանակներում ներկայացնում է Ադրբջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը, կոռուպցիոն գործերը:

2021 թվականի փետրվարին, այնուհետև՝ 2022 թվականի նոյեմբերին, Բեռլինում ծեծի է ենթարկվել բլոգեր Օրխան Աղաևը: Հարձակումից հետո նրա բնակության վայրը հսկվել է ոստիկանական ուժերի կողմից:

2021 թվականի մարտին Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած բլոգեր, քաղակտիվիստ Մոհամմադ Միրզալիից պահանջել են դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը՝ սպառնալով հրապարակել քրոջ՝ անձնական բնույթի տեսանյութերը: Որոշ ժամանակ անց նրա դեմ մահափորձ է իրականացվել. նա դանակի 16 հարված է ստացել: Ըստ Միրզալիի՝ հարձակվողները նաև փորձել են կտրել իր լեզուն, սակայն չեն կարողացել: Դա, ընդ որում, Միրզալիի դեմ առաջին մահափորձը չի եղել. 2020 թվականի հոկտեմբերին նրա մեքենայի ուղղությամբ 4 փամփուշտ են արձակել:

2021 թվականի ընթացքում անհայտ հանգամանքներում ադրբեջանցի 3 ակտիվիստ է մահացել. Վյուգար Ռզանը՝ Բրյուսելում, Բայրամ Մամեդովը՝ Ստամբուլում, բլոգեր Հուսեյն Բաքիխանովը՝ Թբիլիսիում (մահանալուց երկու օր առաջ նաև ծեծի է ենթարկվել): Բոլոր դեպքերը վերագրվել են որպես ինքնասպանություն, սակայն ադրբեջանցի իրավապաշտպանները չեն հավատում այդ վարկածներին:

2024 թվականի օգոստոսին Վրաստանում ձերբակալվել է լրագրող Աֆղան Սադիգովը: Նրան ևս արտահանձնում է սպառնում:

Ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեկովի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին հետապնդելու համար նաև հատուկ մեխանիզմներ են ստեղծել: Մասնավորապես՝ Գերմանիայում նրանք մարզիկների հատուկ խմբի են ֆինանասավորում, որոնք էլ հետապնդում ու ծեծի են ենթարկում Ալիևի իշխանության ընդդիմախոսներին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի իշխանությունները հնարավոր բոլոր եղանակներով փորձում են լռեցնել իրենց քննադատող ու հանցանքները բացահայտող ձայները:

Հայկական Սփյուռքի, Ադրբեջանական պատմագիտական կեղծ թեզերի դեմ պայքարի, Իտալիայում հայկական մշակույթի պահպանման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է իտալացի հայագետ Կառլո Կոպպոլայի հետ։ Վերջինս նկատել է, որ ադրբեջանցիները տեղեկատվական հարձակումներ են իրականացնում հիմնականում ամռան ամիսներին։

Նրա խոսքով՝ անպայման պետք է արձագանքել այս տեսակ երևույթներին և Հայաստանի մասին պետք է ճիշտ տեղեկություններ տարածել։

Աֆզալադդին Իբրահիմ իբն Ալի Խաղանի Շիրվանին, ով ավելի հայտնի է որպես Խաղանի Շիրվանի կամ Խաղանի, XII դարի իրանցի բանաստեղծ է՝ ծնված Շիրվանում։ Խաղանին եղել է Քեսրանյան արքայատոհմի շիրվանշահ Մանուչեհր III-ի պալատական բանաստեղծը։ «Ադրբեջանցի» դարձած իրանցի պոետը ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն (ոչ թյուրքերեն) ։ Աշակերտել է Աբու-լ-Ալա Գյանջևիին՝ սովորելով բանաստեղծական արվեստ։

Խաղանին, ով հաճախ էր ճանապարհորդում, բազմիցս եղել է նաև Հայաստանում։ Իր ստեղծագործություններից մեկում Խաղանին գրում է․ «Հենց Թավրիզից Հայաստանի կողմն եմ գալիս, կարծես խավարից դեպի լույսն եմ փախչում․․․» ։

Այսպես է հիշատակում Հայաստանի, բայց՝ ոչ երբեք Ադրբեջանի մասին իրանցի նշանավոր բանաստեղծը, քանի որ Խաղանիի ապրած ժամանակաշրջանում ո՛չ Ադրբեջան պետություն և ո՛չ էլ, առավել ևս, ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չուներ։

#AazerFake

«BBC World News» -ի 2021 թվականի մարտի 25-ին հրատարակած հոդվածը փաստում է, որ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2017 թվականից գործում էր որպես զորամասի հոգևոր կառույց։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, հայերին որակելով որպես օկուպանտներ, նպատակադրված ոչնչացնում է անկախության տարիներին ստեղծված հայկական մշակութային ժառանգությունը։

#AzerVandalism

«BBC World News» -ի 2021 թվականի մարտի 25-ին հրատարակած հոդվածը փաստում է, որ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2017 թվականից գործում էր որպես զորամասի հոգևոր կառույց։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, հայերին որակելով որպես օկուպանտներ, նպատակադրված ոչնչացնում է անկախության տարիներին ստեղծված հայկական մշակութային ժառանգությունը։

#AzerVandalism

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
536 | 0 | 0
Facebook