Երրորդ օրն է՝ մայրաքաղաքում գրքի իսկական տոն է։ Մարդիկ շտապում են զեղչով և հնարավորինս շատ գրքեր ձեռք բերել։
Մեր փոքրիկ հարցախույզի ընթացքում փորձեցինք պարզել, թե ի՞նչ է ներկայացված և ո՞ր ժանրի գրքերն են նախընտրում քաղաքացիները։
Պարզվեց՝ շատ են գնել գեղարվեստական գրականություն, իսկ գնորդները մեծ մասամբ երիտասարդ ու միջին տարիքի ընթերցողներն էին։
«Բիզնես ոլորտի գրքերը շատ քիչ են հետաքրքրում, ավելի շատ գնել են Ագաթա Քրիստիի, Ռեմարկի, Գարեգին Նժդեհի գործերը, Հայոց պատմության վերաբերյալ գրքեր», -մեզ հետ զրույցում ասացին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից։
Թե՛ մեծերին, թե՛ փոքրերին գրավում էր մանկական գրքերի մեծ տեսականին։ Ներկայացված էին գիրք խճանկարներ, խոսող գրքեր, խաղ գրքեր։
«Ունենք խոսող գրքերի մի ամբողջ շարք։ Ներկայացրել ենք հայկական սիրված հեքիաթները։ Ամենաշատը վաճառվում է գիրք-դաշնամուրը։ Երեխան համապատասխան թվերով և գույներով նվագում է, հնչում ենսիրված մանկական երգեր», -նշեցին «Ջի Էս Էմ ստուդիայից» ։
Հայոց պատմության թանգարանից էլ հայտնեցին, որ առավել շատ գնել են Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-արևելյան գորգը» գիրքը, Աստղիկ Իսրայելյանի «XVIII-XX դդ. հայկական հմայական պահպանակներ», «Աղ ու հաց» գրքերը։
Հավելենք, որ գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի առաջին և ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից:
Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: