Բեատրիսը (1234-1267 թթ.) ՝ Պրովանսի կոմս Ռայմոնդ 4-րդի (1198-1245 թթ.) չորրորդ դուստրը, շատ անհանգիստ և սնափառ կին է եղել։ 1245 թվականին նա ամուսնացել է Անժուի կոմս Կարլոսի (1220-1285 թթ.) հետ։ Նրանց ժամանակակից շատ ազնվազարմ կանայք և օրիորդներ նախանձել են Բեատրիսին՝ կարծելով, թե նա երջանիկ լինելու համար ստացել է ամեն ինչ: Բայց Բեատրիսը շատ ընկճված է եղել այն փաստից, որ ինքը պարզապես Պրովանսի և Անժուի հասարակ կոմսուհի է, մինչդեռ իր երկու քույրերը թագուհիներ են դարձել, իսկ երրորդը՝ նույնիսկ կայսրուհի (Մարգարիտը (1221-1295) դարձել է Ֆրանսիայի թագավոր Սուրբ Լյուդովիկոս 9-րդի (1215-1270) կինը, իսկ Էլեոնորային (մահացել է 1291 թվականին, իսկ ծննդյան տարեթիվն անհայտ է) կնության է առել Անգլիայի Հենրիխ 3-րդ (1207-1272) թագավորը) ։ Բայց ամենաշատը Սանսիի բախտն է բերել։ Նա սկզբում ամուսնացել է ընդամենը մի սովորական կոմսի՝ Ռիչարդի Կորնուելցու (1209-1272) հետ, որը 1252 թվականին հանդգնել է հրաժարվել իրեն առաջարկված Նեապոլի թագից։ Բայց 1257 թվականին Սանսին հանկարծ դարձել է Գերման ազգի հռոմեական սրբազան կայսրության կայսրուհի։
Քույրերի «բախտավորությունը» Անժուի հավակնոտ ու նախանձախնդիր կոմսուհու քունը խլել է, և նա անընդհատ ամուսնու գլուխը տարել է, որպեսզի նա գոնե մի թագավորություն ձեռք գցի։ Անժուի կոմսը շատ ջանք է գործադրել, ներքաշվել է ամենատարբեր արկածախնդրությունների մեջ և, վերջապես, 1265 թվականին Հռոմում թագադրվել է որպես Նեապոլի և Սիցիլիայի Կարլոս Առաջին արքա։ Այսպիսով, Բեատրիսը վերջապես դարձել է թագուհի, բայց նրանք Նեապոլի թագավորության իրական տիրակալներ են դարձել միայն հաջորդ տարի, երբ Բենեվենտոյի ճակատամարտում (1266 թ. փետրվարի 26) Մանֆրեդ թագավորի բանակը պարտվել է, և ինքը՝ Մանֆրեդը, զոհվել է այդ ճակատամարտում: Կարլոսի և Բեատրիսի համար թագավորություն նվաճած վարձու բանակին, բնականաբար, անհրաժեշտ է եղել վճարել, և Բեատրիսը ստիպված գրավադրել կամ վաճառել իր ողջ գանձերն ու անշարժ գույքը։ Ժամանակակիցներն ասում են, թե թագուհի դարձած նախկին կոմսուհու մատներին ոչ մի մատանի չէր մնացել, բացի ամուսնական մատանուց: Բայց հոգ չէ, կարևորն այն էր, որ նա քույրերից ոչնչով պակաս չէր, իսկական թագուհի էր։
Բեատրիսը, սակայն, կարճ ժամանակ է վայելել թագավորական իշխանությունը, քանի որ մահացել է 1267 թվականին: Նա այլևս չի իմացել, որ 1278 թվականին Կարլոսը դարձել է նաև Երուսաղեմի թագավոր։ Նա նաև չի իմացել, որ 1282 թվականին Պեդրո 3-րդ Արագոնցին ներխուժել է Սիցիլիա, և շուտով երկու պետության միապետ իր ամուսինը՝ երբեմնի Կարլոս Անժուացին, զրկվել է Նեապոլիտանական թագավորությունից: