Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Նույնիսկ թուրքերը նման զզվելի ստրկամտություն չեն դրսևորում վերադասների առջև...»

14:43, կիրակի, 21 հուլիսի, 2024 թ.
«Նույնիսկ թուրքերը նման զզվելի ստրկամտություն չեն դրսևորում վերադասների առջև...»

Գերման ազգի հռոմեական սրբազան կայսրության դիվանագետ, բարոն Զիգիզմունդ ֆոն Հերբերշտեյնը (1486 - 1566) ռուսական պետության աշխարհագրությանը, պատմությանը և ներքին կառուցվածքին նվիրված ծավալուն աշխատությունների շնորհիվ ճանաչված է եղել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Նա երկու անգամ այցելել է Մոսկովյան իշխանություն. 1517 թվականին միջնորդել է Մոսկվայի և Լիտվայի Մեծ դքսության միջև խաղաղության հաստատման բանակցություններում, իսկ 1526 թվականին՝ 1522 թվականի պայմանագրի նորացման ժամանակ։ Հերբերշտեյնի առաջին դեսպանությունը հաջողություն չի ունեցել. նրա նպատակն է եղել Վասիլի 3-րդ ցարին համոզել, որ հաշտություն կնքի Լիտվայի հետ՝ թուրքերի դեմ համատեղ պայքարելու համար: Լիտվացիները պահանջել են վերադարձնել Սմոլենսկը, Հերբերշտեյնը աջակցել է նրանց, և Վասիլին վճռականորեն մերժել է պահանջը: Երկրորդ դեսպանությունը Ռուսաստանում եղել է 1526-ի մարտ – նոյեմբեր ամիսներին՝ Մոսկովյան իշխանության և Լիտվայի միջև 1527 թվականին ավարտված հնգամյա զինադադարը հավերժական խաղաղության վերածելու նպատակով։ Զինադադարը, սակայն, երկարաձգվել է ընդամենը վեց տարով։

Այս այցելությունների ընթացքում նա ուսումնասիրել է Մոսկովյան պետության իրականությունը, որն այն ժամանակ մեծապես առեղծվածային էր եվրոպացիների համար: «Rerum Moscoviticarum Commentarii» գիրքը (բառացիորեն՝ «Ծանոթագրություններ մոսկվացիների գործերի մասին»), հրատարակվել է 1549 թվականին: Գրքի հիմքում Ռուսաստանի վերաբերյալ դիվանագիտական զեկույցն է, որը Հերբերշտեյնը կազմել է իր երկրորդ դեսպանությունից հետո:

Հերբերշտեյնը կարողացել է ստեղծել Մոսկովյան իշխանության առաջին համապարփակ նկարագրությունը՝ ներառյալ առևտուրը, կրոնը, սովորույթները, քաղաքականությունը, պատմությունը և նույնիսկ ռուսական քաղաքական կյանքի տեսությունը: Հերբերշտեյնի ստեղծագործությունը շատ տարածված է եղել. հեղինակի կենդանության օրոք այն 5 անգամ հրատարակվել է, թարգմանվել է իտալերեն և գերմաներեն: Երկար ժամանակ նրա գիրքը հանդիսացել է Ռուսաստանի մասին եվրոպական գիտելիքների հիմնական աղբյուրը։

Ներկայացնում եմ փոքրիկ մեջբերում այդ գրքից. այն, իմ կարծիքով, տվյալ ժամանակաշրջանի ռուսների հավաքական բնութագրի պերճ խտացումն է:

***

«Ամբողջ մոսկովյան ժողովուրդը գտնվում է ամենավատ ստրկության մեջ. Յուրաքանչյուր ոք, առանց խավի տարբերության՝ նախարարների հետ միասին, ստրուկ է։ Բարձր ազնվականները, երբ իրենց դիմումները հասցեագրում են ցարին, ստորագրում են «ձեր ստրուկ և ծառա Իվաշկա կամ Պետրուշկա» նախադասությամբ։ Եթե որևէ մեկը համարձակվեր ստորագրեր սոսկ «Իվան» կամ «Պետրոս», կյանքից կզրկվեր։ Մոսկովացիները համոզված են, որ իրենց ողջ երկիրը՝ իր ողջ հարստությամբ և իր ողջ ժողովուրդով, թագավորի մասնավոր սեփականությունն է, և նա աստվածային իրավունք ունի անել այն, ինչ ուզում է կալվածքների և մարդկանց հետ: Մոսկվացիները բարոյական պարզ սկզբունքներ չունեն։ Նրանք չեն ցանկանում նույնիսկ պարկեշտ պահվածք սովորել օտարներից՝ իրենց պահվածքը համարելով լավագույնը: Ստրկության մեջ ծնված ու մեծացած այս ազգը կատաղում է, երբ թագավորի դեսպոտիզմը թեկուզ մի փոքր թուլանում է։ Մոսկվացիները հնազանդ են միայն այն դեպքում, եթե սանձված են ու լծված... Բարձր խավերը, թեև իրենք ստրուկներ են, բայց ստորին խավերին վերաբերվում են որպես ստրուկների։ Չունենալով ամենապարզ մշակույթը՝ մոսկվացիները խաբեությունը համարում են ամենամեծ իմաստությունը։ Երբ խոսքը վերաբերում է ստին, նրանք չգիտեն ոչ սահմաններ, ոչ էլ չնչին ամոթ: Մարդկային սովորական առաքինությունները այնքան խորթ ու անհասկանալի են մոսկվացիների համար, որ ստորությունը բարձր առաքինություն են համարում... Այս մարդիկ ատում են ազատությունը և բողոքում են, եթե այն նետվում է իրենց վրա։ Եթե այս երկրում որևէ ցար թագավորեր Եվրոպայի որևէ երկրի թագավորի պես, այսինքն՝ ղեկավարեր պետական գործերը՝ չմիջամտելով իր քաղաքացիների անձնական և հասարակական կյանքին, ապա մոսկվացիները չէին ենթարկվի դրան և հավանաբար կսպանեին... Մոսկովյան զինվորները, իրենց կամքով, առանց հրամանների, սիրում են դաժանորեն ծաղրել, տանջել բանտարկյալներին: Մոսկովիայում դուք միշտ և ամենուր կարող եք, քիչ գումարի դիմաց, գտնել կեղծ վկաներ, ովքեր եկեղեցում կերդվեն խաչի և Ավետարանի վրա: Նույնիսկ թուրքերը նման զզվելի ստրկամտություն չեն դրսևորում վերադասների առջև և այդքան դաժան ծաղր ու ծանակի չեն ենթարկում իրենցից ստորադասներին ու անպաշտպաններին» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1132 | 0 | 0
Facebook