Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ամենաերկարակյաց (՞) քուրդը

14:30, շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ.
Ամենաերկարակյաց (՞) քուրդը

Զարո աղան (թուրք. ՝ Zaro Agha, քրդերեն ՝ Zaro Aksa) պնդել է, թե ինքը մարդկության պատմությանը հայտնի ամենաերկարակյացներից մեկն է։ Նա վստահեցրել է, թե ծնվել է 1774-1777 թվականներին: Մահացել է 1934 թվականի հունիսի 29-ին, Ստամբուլում: Եթե հավատանք ծննդյան տարեթվի վերաբերյալ նրա պնդմանը, ապա մահվան պահին այս շատ զառամյալ քուրդը եղել է 157 տարեկան:

Զարո աղան կամ Զարո Աքսան ծնվել է երբեմնի Օսմանյան կայսրության Բիթլիսի նահանգի Մյութքի քաղաքում (այսօր Մեյդան): Երիտասարդ տարիներին աշխատել է որպես շինարար։ Ապա տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ մինչև թոշակի անցնելն աշխատել է որպես դռնապան։

Հանրահռչակվելուց հետո նա այցելել է բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա։

Զարո աղան երկու անգամ հանդիպել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, որին նա անվանել է «սուլթան» ։ Թուրքական «Taraf» թերթը տեղեկացրել է, որ այս հանդիպումների ժամանակ Զարո աղան պարծեցել է, թե իր կյանքի ընթացքում լավ պաշտոններ է զբաղեցրել ու քննադատել է Աթաթուրքին կանանց չափազանց մեծ ազատություն տալու համար ։

Մի անգամ Զարո աղայի ոսկորները ռենտգենային հետազոտության են ենթարկել, որպեսզի որոշեն նրա ճշգրիտ տարիքը: Պարզվել է, որ նա ամենաշատը 120 տարեկան կարող է լինել: Ծերունին, ըստ «Reuters» -ի, խիստ զայրացել է և «վստահություն չներշնչող» բժիշկներին ցույց է տվել իր ծննդյան վկայականը։

Զարո-աղան պնդել է, թե հանդիպել է Նապոլեոնին, վեց պատերազմի է մասնակցել, իսկ 100 տարեկան հասակում եղել է Պլևնան ռուսական զորքերից պաշտպանողների շարքերում։ Նա նաև պնդել է, թե 11-12 անգամ ամուսնացել է և ունեցել է մոտ 36 երեխա:

Զարո աղան երբեք ոգելից խմիչք չի օգտագործել ու չի ծխել և հիմնականում բուսակեր է եղել։ Խիստ պահպանողական ծերունին դեմ է եղել, որ կանայք մազերը կտրեն ու կիսաշրջազգեստ հագնեն: Նրան ամենևին դուր չի եկել, երբ կանայք տնից դուրս են եկել. նա ցանկացել է, որ կանայք մնան տանը՝ օտար տղամարդկանց աչքերից հեռու:

Նա պնդել է, թե իր ատամներից զրկվել է Նապոլեոն 3-րդի պարտությունից անմիջապես հետո։ Նրան տարբեր երկրներում ներկայացրել են որպես «աշխարհի ութերորդ հրաշալիք», և դրա շնորհիվ նա բավականին մեծ գումար է աշխատել և բարեկեցիկ կյանքով է ապրել:

Երբ Զարո աղան տևական շրջագայությունից հետո վերադարձել է Թուրքիա, կինը նրան դատի է տվել ալիմենտի պարտավորությունները չկատարելու համար: Հետագայում նա աշխատանքի է անցել մի ճաշարանում՝ ամսական 8 ֆունտ աշխատավարձով: Մինչև իր կյանքի վերջը նա հիշողություններ է թելադրել Նյու Յորք և Լոնդոն կատարած իր ուղևորությունների մասին:

Վիճելի է նրա փաստացի տարիքը: Ըստ թուրք բժշկի տված մահվան վկայականի՝ Զարո աղան մահվան պահին 157 տարեկան է եղել ։ Երբ նա մահացել է, մարմինն անմիջապես ուղարկվել է Միացյալ Նահանգներ՝ հետազոտության։ 1939 թվականին հրապարակվել է հետազոտության արդյունքը, որի համաձայն մահացածը եղել է մոտավորապես 97 տարեկան։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
831 | 0 | 0
Facebook