Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կատուները և մարդկության պատմությունը. կատուն անտիկ դարաշրջանում

11:39, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Կատուները և մարդկության պատմությունը. կատուն անտիկ դարաշրջանում

Հին Եգիպտոսում կատուն աստվածացվել է իր բազում հատկանիշների շնորհիվ: Ասոցացվելով կանանց և երեխաներին ինչպես նաև սեքսուալության աստվածուհի Բաստետի (այս աստվածուհին հաճախ պատկերվել է հենց կատվի կերպարանքով) հետ՝ կատուն դարձել է սրբասան կենդանի (կատվին սպանողը մահվան է դատապարտվել) , և երբ սատկել է, նրան զմռսել ու քարադամբան են դրել: Իսկ ամենահարուստ եգիպտացիներն իրենց պաշտելի կատուներին նույնիսկ ականջօղեր ու կախազարդեր են նվիրել:

Հույն պատմիչ Հերոդոտոսն անդրադարձել է իրենց կատուների հետ եգիպտացիների չափազանց կապվածությանը: Օրինակ՝ նա գրում է, որ երբ պարսից թագավոր Կամբյուսես 2-րդը մ.թ.ա. 525 թվականին հարձակվել է Եգիպտոսի վրա, հանձնարարել է իր զինվորների վահաններին կատվի գլուխ նկարել, և այս կենդանու նկատմամբ խորին ակնածանք տածող եգիպտացիները չեն համարձակվել նետահարել կամ նիզակահարել պարսիկ զինվորներին՝ վախենալով, որ կխոցեն կատուներին: Հետո, երբ պարսիկները հետապնդել են եգիպտացիներին, Կամբյուսես 2-րդն իր ձիուց կապել է կատուներով լի մի վանդակ, որպեսզի եգիպտացի զինվորներն իրեն չնետահարեն:

Դասական դարաշրջանի հույները, քանի որ կատուներ չեն ունեցել, իրենց դաշտերն ու այգիները կրծողներից պաշտպանել են աքիսներով ու անտառային կզաքիսներով: Ըստ մի առասպելի՝ հույները փորձել են եգիպտացիներից կատուներ գնել, բայց եգիպտացիները չեն ցանկացել բաժանվել իրենց պաշտելի կենդանիներից: Այդժամ հույները որոշել են գաղտնի արշավախումբ կազմակերպել և գողանալ մեկ զույգ կատու: Եվ հաջողել են: Բայց հույների համար կատուն ի սկզբանե թանկարժեք խաղալիք է համարվել, քանի որ այն շատ տարածված չի եղել: Միայն տարիներ անց է այս կենդանին հույների համար ընդունելի եղել, քանի որ այն կրծողների դեմ առավել արդյունավետ է պայքարել, քան աքիսը: Այնուամենայնիվ, կատուները Հունաստանում երբեք աստվածային կարգավիճակ չեն ունեցել, ինչպիսին ունեցել են Եգիպտոսում:

Կատուները նույն ճակատագրին են արժանացել նաև հին Հռոմում: Այս թանկարժեք կենդանին սկզբում միայն պատրիկների համար է նախատեսված եղել, բայց հետագայում, երբ կատուները բազմացել են ու հաջողություններ են արձանագրել կրծողների դեմ պայքարում, հարազատացել են նաև Հռոմի բոլոր բնակիչներին, մանավանդ որ Բաստետ աստվածուհու պաշտամունքը նույնական է եղել հռոմեացիների Դիանա աստվածուհու պաշտամունքի հետ: Այնուհետև, Հռոմի նվաճումների շնորհիվ, կատուն տարածվել է Միջերկրական ծովի ավազանի բոլոր երկրներում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
825 | 0 | 0
Facebook