Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

«Ճակատագրի կարմիր թել»-ը

15:56, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
«Ճակատագրի կարմիր թել»-ը

Համաձայն չինական առասպելներից մեկի՝ ոմն Իկոյի երիտասարդ տարիքում անընդհատ անհաջողություններն են ուղեկցել կյանքի ընկերուհի գտնելու որոնումներում: Երբ նա տակավին երեխա է եղել, գիշերով տուն վերադառնալիս ճանապարհին մի տարօրինակ ծերունու է հանդիպել: Ծերունին նստած է եղել տաճարի աստիճաններին, իսկ նրա կողքին մի մեծ պարկ է եղել: Լուսնի լույսի ներքո նա կարդալիս է եղել անհասկանալի հիերոգլիֆներով գրված «Մեռյալների գիրք» -ը: Ծերունին Իկոյին ցույց է տվել այն աղջկան, որին վիճակված էր լինել նրա կինը, բայց քանի որ Իկոն տակավին պատանի է եղել, կին ունենալու ցանկություն բնավ չի ունեցել, և այդ իսկ պատճառով գետնից մի քար է վերցրել և նետել է աղջկա վրա ու փախել է: Շատ տարիներ անց, երբ պատանին հասուն երիտասարդ է դարձել, ծնողները նրա համար մի հարսնացու են գտել: Ամուսնության գիշերը կինն ամուսնուն սպասել է իրենց հատկացված սենյակում: Նրա դեմքը, ինչպես ավանդությունն է պահանջել, քողով ծածկված է եղել: Երբ ամուսինը հեռացրել է կնոջ դեմքի քողը, հասկացել է, որ որ իրեն բաժին է հասել իրենց գյուղի ամենագեղեցիկ աղջիկը: Բայց աղջկա հոնքի վրա մի գեղեցիկ զարդ է եղել: Տղան աղջկան հարցրել է, թե ինչու է հոնքին զարդ ամրացրել, և աղջիկը պատասխանել է, թե երեխա ժամանակ մի տղա իր վրա քար է նետել. քարը դիպել է նրա հոնքին և վերքի հետքը պահպանվել է: Հետքը թաքցնելու է համար նա զարդով քողարկել է այն: Կինը եղել է այն նույն աղջիկը, որին տարիներ առաջ այն ծերունին կարմիր թելով կապել է տղայի հետ՝ ցույց տալով, որ նրանք ճակատագրի կարմիր թելով կապված են իրար և նրանց վիճակված է միասին լինել:

Առասպելի մեկ այլ տարբերակ էլ ասում է, թե այն աղջիկը, որին ճակատագրի կարմիր թելով կապված է եղել Իկոն, ընդամենը երեք տարեկան է եղել, այդ իսկ պատճառով իր կյանքի կնոջը փնտրող Իկոյի որոնումները հաջողությամբ չեն պսակվել: Իկոյի համար կանխասահմանված աղջիկը եղել է միակնանի պառավի մոտ ապրող մի կեղտոտ երեխա: Ճակատագրի կանխասահմանած աղջկանից խույս տալու համար Իկոն իր ծառային թուր է տվել և ուղարկել է այդ երեխային սպանելու: Սակայն, չնայած ծառան սրով հարվածել է աղջկա ճակատին, բայց նա չի մեռել: 14 տարի անց Իկոն ճակատի կենտրոնում վերքի սպի ունեցող մի գեղեցիկ աղջկա հետ է ամուսնացել և հետո պարզել է, որ դա հենց այն երեք տարեկան աղջիկն է:

Ահա այս առասպելից էլ ծնունդ է առել Չինաստանում և Արևելյան Ասիայում շատ տարածված «Ճակատագրի կարմիր թել» -ի հավատալիքը:

Համաձայն այս հավատալիքի՝ միմյանց հետ ճակատագրով կապված մարդկանց ոտնակոճերին հայտնվում է անտեսանելի կարմիր թել, որը նրանց «շղթայում է» մեկմեկու: Այդ թելին տիրող ծերուկ Յուելաոն էլ հենց կառավարում է հարսանիքներն ու ամուսնական կապերը: Այդ կարմիր թելի համար խոչընդոտ կամ պատնեշ չեն ո՛չ հանգամանքները, ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը: Մինչև երկուսի հանդիպելը այդ թելը շարունակ կարճանում է, բայց չի կտրվում: :

«Կարմիր թել» -ի մասին հին չինական առասպելն ասում է, թե աստվածները յուրաքանչյուր մարդու ոտնակոճին անտեսանելի կարմիր թել են կապել, իսկ թելի մյուս ծայրն ամրացրել են այն մարդու մարմնին, որի հետ նա պետք է ընտանիք կազմի: Թելը կարող է ձգվել, երկարել կամ կարճանալ, բայց այն չի կտրվում:

Ճապոնիայում նույնպես կա «Ճակատագրի կարմիր թել» -ի ավանդապատումը, բայց ճապոնական տարբերակում թելը կապված է ոչ թե մարդկանց ոտնակոճին, այլ ճկույթին:

Կարմիրը խորհրդանշում է սեր, կիրք, մարմնական ցանկություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
785 | 0 | 0
Facebook