Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնի կյանքից, որոնց իսկությունը երբևէ կասկած չի հարուցել

13:41, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Հետաքրքիր փաստեր անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնի կյանքից, որոնց իսկությունը երբևէ կասկած չի հարուցել

Բանաստեղծի լրիվ անունն է Ջորջ Գորդոն Նոէլ Բայրոն, բայց այդ երկարաշունչ անվամբ նա երբեք չի ներկայացել ու չի ստորագրել:

Այս բարդ անունը բանաստեղծին է փոխանցվել նրա բազմաթիվ ազգականներից, որոնք ցանկացել են իրենց անունը մեկմեկու փոխանցել: Այսպես, «Գորդոն» -ը բանաստեղծի մոր օրիորդական ազգանունն է, որը բանաստեղծի հայրը միակցել է որդու անվանը՝ հույս ունենալով, որ այդ կերպ կժառանգի իր շոտլանդացի աներոջ տիրույթները: Իսկ «Նոէլ» -ը բանաստեղծի կնոջ ազգանունն է, որն իր անվան մաս դարձնելով՝ նա ստացել է զոքանչի ունեցվածքը:

***

100 տոկոսով ճշմարիտ է, որ լորդ Բայրոնը պատանեկության շրջանում բավականին գիրուկ տղա է եղել, բայց որ «տառապել է այդ գիրության պատճառով», հաստատված փաստ չէ: Ըստ որոշ տվյալների՝ բանաստեղծը 17 տարեկանում 102 կգ քաշ է ունեցել, մինչդեռ նրա հասակը եղել է 172 սանտիմետր:

Գիրությունն ու կաղությունը, որոնք նրա համար, թվում է, այնպիսի սարսափելի արատներ են եղել, որ նա մի անգամ իր բժշկին խնդրել է կտրել ոտքը, իսկ որպեսզի գիրությունից ձերբազատվի, զբաղվել է լողով: Այնքան լավ լողորդ է դարձել, որ առանց դժվարության կարողացել է լողալով հաղթահարել հինգ միլ (մոտավորապես ութ կիլոմետր) տարածություն: Սակայն նիհարելուն նպատակաուղղված, նիհարելուն ծառայեցված բոլոր մեթոդները չէ, որ նույնքան ցանկալի արդյունք են տվել, որքան լողը: Ամենևին հորինվածք չէ, որ նա հանուն նիհարելու նույնիսկ իր համար քացախային սննդակարգ է սահմանել:

***

Փառքը Բայրոնին «այցելել է», երբ նա 24 տարեկան է եղել:

1812 թվականին մամուլում տպագրվել է «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երգերը: Ստեղծագործության լիրիկական հերոսը մի պատանի է, որը հոգնել է աշխարհիկ հաճույքներից և արկածներ է փնտրում օտար երկրներում: Պահպանողական հայացքներ ունեցողներն անմիջապես նկատել են, որ պոեմի հերոսը սանձարձակ կյանքն է գովերգում, և շատերը համոզմունք են հայտնել, որ բանաստեղծը նկարագրել է հենց իր արկածները: Ընկերոջ պաշտպանությամբ հանդես է եկել Թոմաս Մուրը, որն համոզված է եղել, որ այդ ժամանակ ոչ հարուստ Բայրոնը պարզապես իրեն չէր կարող թույլ տալ ավելորդ հաճույքներ արտասահմանում:

***

Բայց Բայրոնը պուրիտան էլ չի եղել: Նրա սիրուհիներից շատերը բրիտանական բարձր հասարակության կանայք են եղել: Բանաստեղծը չի բացառել նաև միասեռական հարաբերությունները:

1812 թվականին, արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց անմիջապես հետո, լորդ Բայրոնն առաջին անգամ ամուսնության առաջարկ է արել Անն Իզաբել Միլբենկին: Աղջիկը մերժել է նրան, բայց երկու տարի անց համաձայնել է, և երիտասարդները նշանվել են: Ամուսնությունից, որը երկար չի տևել, ծնվել է դուստր Ադան: Ապահարզանի ամբողջ պատասխանատվությունը լեդի Բայրոնը վերցրել է իր վրա, բայց մինչև ամուսնուն լքելը խորհրդակցել է բժիշկների հետ ամուսնու հոգեկան առողջության վերաբերյալ և մինչև կյանքի վերջն աղոթել է նրա հոգու խաղաղության համար:

***

Լորդ Բայրոնը կազմակերպչական փայլուն ունակություններ է ունեցել և իսկական ասպետ է եղել:

Եթե բանաստեղծի անձնական կյանքի մասին Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում բազում անախորժ խոսակցություններ են պտտվել, ապա ոչինչ վատը հնարավոր չի եղել ասել արդարության նրա ձգտման և նույնիսկ իր անբարյացկամների հետ բարեկամություն անելու կարողության մասին: Դեռ դպրոցում նա հռչակվել է նրանով, որ պաշտպան է կանգնել փոքրերին ու թույլերին: «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմում նա անդրադարձել է Հունաստանի մեռնող փառահեղությանը, իսկ երբ այդ երկրում ազատագրական պայքար է սկսվել Օսմանյան կայսրության դեմ, բանաստեղծն իր փողերով անգլիական նավ, զինամթերք, թնդանոթներ է գնել, հանդերձավորել ու զինել է 500 զինվորի և նրանց հետ մեկնել է ապստամբներին օգնության: Հունական ապստամբության համար մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Բայրոնի նյութական ու ռազմական օգնությունը, այլև առանձին ջոկատների առաջնորդներին հաշտեցնելու նրա կարողությունը:

***

Բայրոնի դուստրը՝ Ադան, համարվում է աշխարհում առաջին ծրագրավորողը:

Դժվար է պատկերացնել, որ 19-րդ դարում կարող էր նույնիսկ խոսք լինել ծրագրավորման մասին, առավել ևս այն մասին, որ դրանով կինը զբաղվեր: Սակայն Ավգուստա Ադա Քինգը՝ ամուսնությամբ՝ կոմսուհի Լավլեյսը, դարձել է Չարլզ Բեբիջի հաշվիչ մեքենայի համար առաջին ծրագրի մշակողը: Բայց ո՛չ ամուսնությունը, ո՛չ էլ հետո ծնված երեխաները երիտասարդ կնոջը չեն խանգարել հետևողականորեն զբաղվելու մաթեմատիկայով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3351 | 0 | 0
Facebook