Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ բացահայտվել է հելիումի (Helium, He (2) ) «ծածկագիր»-ը՝ վառ դեղինը…

11:31, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
Երբ բացահայտվել է հելիումի (Helium, He (2) ) «ծածկագիր»-ը՝ վառ դեղինը…
    

1868 թվականին ֆրանսիացի աստղագետ Պիեր Ժյուլ Ժանսենը Հնդկաստանում դիտարկում է Արևի լիակատար խավարումը և սպեկտրոսկոպիական եղանակով հետազոտում է Արևի քրոմոսֆերան: Նա Արևի լուսապատկերում (սպեկտր) բացահայտում է վառ դեղին գիծ: Աստղագետն այդ գծին տալիս է «D3» անունը: Այդ գիծը չի համընկել «D նատրիում-ի դեղին գծի հետ: Ֆրանսիացի աստղագետի հետ միաժամանակ Արևի սպեկտրում այդ նուն դեղին գիծը նկատել է նաև անգլիացի աստղագետ Ջոզեֆ Նորման Լոքերը, որը հասկացել է, որ այդ դեղինը գիտությանը դեռևս անհայտ տարրի գույնն է: Լոքերն անգլիացի քիմիկոս Էդուարդ Ֆրանքլանդի հետ, որի մոտ նա այդ ժամանակ աշխատելիս է եղել, որոշել է այդ նոր տարրի անունը «Հելիում» (հունարեն «հելիոս» բառից, որ նշանակում է արև) դնել: Այնուհետև նորահայտ դեղին գիծը «երկրային» մթերքներում հայտնաբերել են նաև ուրիշ հետազոտողներ: Օրինակ՝ 1881 թվականին իտալացի ֆիզիկոս Լուիջի Պալմիերին այդ դեղինը հայտնաբերել է Վեզուվի խառնարանից վերցված գազի փորձանմուշը հետազոտելիս: Ամերիկացի քիմիկոս Ուիլյամ Ֆրենսիս Հիլեբրանդը, հետազոտելով ուրանային հանքաքարերը, պարզել է, որ այդ հանքաքարերը ուժեղ ծծմբաթթվի ազդեցությամբ գազեր են արտազատում: Հիլեբրանդն ինքը համարել է, թե դա ազոտ է: Մեկ այլ գիտնական՝ անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ուիլյամ Ռամզայը, ուշադրության առնելով Հիլեբրանդի հաղորդումը, սպեկտրոսկոպիական անալիզի է ենթարկել կլեվիետի (ուրանինիտի տարատեսակ, որը պարունակում է ուրանի օքսիդ, կապար, թորիում և այլ էլեմենտներ) հանքաքարը ծծմբաթթվով մշակման արդյունքում արտազատված գազերը և բացահայտել է, որ այդ գազերում կա ազոտ, արգոն ու նաև վառ դեղին գիծ առաջացնող մի անհայտ գազ: Իր տրամադրության տակ չունենալով բավականաչափ բարձրորակ սպեկտրոսկոպ՝ Ռամզայը նոր գազի փորձանմուշն ուղարկել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ուիլյամ Կրուքսին և աստղագետ Ջոզեֆ Լոքերին, որոնք շուտով այդ գազը նույնականացրել են որպես հելիում:

Նույն 1895 թվականի Ռամզայը հելիումն անջատել է գազերի խառնուրդից, և այն քիմիական առումով իներտ է եղել՝ նման արգոնին: Դրանից հետո Լոքերը, գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և սպեկտրոսկոպիստ Կարլ Ռունգեն ու գերմանացի փորձարար ֆիզիկոս Ֆրիդրիխ Պաշենը հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ հելիումը կազմված է երկու գազի (օրտոհելիումի և պարահելիումի) խառնուրդից: Դրանցից մեկը սպեկտրի դեղին գիծ է առաջացնում, մյուսը՝ կանաչ: Նրանք առաջարկել են այդ երկրորդ գազին «Աստերիում» (հունարեն՝ աստղային) անունը տալ: Տրավերսի հետ միասին Ռամզայը ստուգել է այդ պնդումը և ապացուցել, որ այն սխալ է, քանի որ հելիումի գծի գույնը կախված է գազի ճնշումից:

Հելիումը գոյանում է ջրածնից՝ ջերմամիջուկային ռեակցիայի արդյունքում: Հենց ջերմամիջուկային ռեակցիաներն են հանդիսանում մեր Արեգակի ու միլիարդավոր աստղերի էներգիայի աղբյուրը:
Հելիումը գոյանում է ջրածնից՝ ջերմամիջուկային ռեակցիայի արդյունքում: Հենց ջերմամիջուկային ռեակցիաներն են հանդիսանում մեր Արեգակի ու միլիարդավոր աստղերի էներգիայի աղբյուրը:
Հելիում պարունակող պարպման խողովակ:
Հելիում պարունակող պարպման խողովակ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
495 | 0 | 0
Facebook