Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Մարտի դաշտում՝ խիզախ, խիզախներով հիացող, բայց վճռական պահին անվճռականություն դրսևորած կապիտանը

10:21, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
Մարտի դաշտում՝ խիզախ, խիզախներով հիացող, բայց վճռական պահին անվճռականություն դրսևորած կապիտանը

Ալեքսանդր Յակուբովիչ անունով մի դեկաբրիստ է եղել, որը զինվորական ծառայության մեջ իրեն այնքան լավ կողմերով է դրսևորել, որ յունկերից հասել է կապիտանի աստիճանի, իսկ 1923 թվականին պարգևատրվել է «Սուրբ Վլադիմիր» շքանշանով Դաղստանում ընթացող մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Նա Կովկասում հանրահայտ է դարձել լեռնականների վրա հանդուգն արշավների շնորհիվ: 1823 թվականին Կուբանի համար մղվող մարտի ժամանակ գլխից ծանր վիրավորվել է, որի պատճառով հետագայում մշտապես գլխին փաթաթան է ունեցել: Նա այնպիսի սարսափ է տարածել լեռնականների շրջանում, որ, պատահել է, նրանք խուճապի են մատնվել հենց միայն այն լուրերից, որ Յակուբովիչը շուտով հայտնվելու է: Իսկ ինքը՝ Յակուբովիչը, այնքան է հարազատացել լեռնականների սովորույթներին, որ նրանց նման է հագել ու նրանց պես միշտ զենքով է եղել ու քիչ է տարբերվել լեռնականներից:

Չերքեզների հետ ամեն հանդիպելիս նա առաջինն է մարտի նետվել և սեփական ձեռքերով է կոտորել յուրաքանչյուր թշնամու:

1925 թվականին նա կարաչաևներին ու չերքեզներին նվիրված մի հոդված է տպագրել Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող «Սեվեռնայա Պչյոլա» թերթում, որտեղ կարաչաևների մասին հիացմունքով էարտահայտվել.

«Կարաչաևները, - գրել է նա, - ազատասեր ժողովուրդ են…Բնությունն ինքը իր գեղեցկություններով ու սարսափներով վեհացնում է այս լեռնականների ոգին, ներշնչում է սեր փառքի, արհամարհանք՝ կյանքի նկատմամբ, և ծնում է ազնվագույն կրքեր»:

1824 թվականի վերջում Յակուբովիչին արձակուրդ են տվել, որպեսզի վիրահատվի Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրահատական ակադեմիայի կլինիկայում: 1825 թվականին նա եկել է Պետերբուրգ, որտեղ շուտով մտերմացել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամների հետ: Համաձայն դեկաբրիստների ծրագրի՝ ապստամբության օրը Յակուբովիչը, ղեկավարելով Իզմաիլյան գնդի լեյբ գվարդիան ու Ծովային անձնակազմի լեյբ գվարդիան, պիտի գրավեր Ձմեռային պալատը և ձերբակալեր կայսերական ընտանիքի անդամներին: Բայց ապստամբության օրը՝ 1825 թվականի դեկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 6-ին Յակուբովիչը հրաժարվել է կատարել իր առաջադրանքը: Պատճառ բռնելով գլխացավը՝ նա անհետացել է Սենատի հրապարակից, հետո նորից հայտնվել է, բավականին երկար կանգնել է Նիկոլայ 1-ինի կողքին, ապա իր ընկերներին սկզբում առաջարկել է զենքերը վար դնել, հետո նրանց խորհուրդ է տվել ամուր մնալ: Մի խոսքով, երկդիմություն է դրսևորել:

Ապստամբության ճնշումից հետո դատարանը նրան մեղադրել է ցարին սպանելու մտադրություն ունենալու և խռովությանը մասնակցելու մեջ: Նա համարվել է առաջին կարգի հանցագործ և դատապարտվել է մահապատժի, բայց հետո մահապատիժը փոխվել է ընդմիշտ տաժանակիր աշխատանքի, իսկ ավելի ուշ տաժանակիր աշխատանքի տևողությունը սահմանվել է 20 տարի, ապա՝ 15 տարի: Պատիժը կրել է Պետրովսկի գործարանում, Նարչինսկի հանքավայրում, իսկ 1939 թվականին Իրկուտսկի մերձակա Մալայա Ռազվոդնայա գյուղում:

Ժանդարմերիայի գնդապետ Յա. Կազիմիրսկու զեկուցագրի համաձայն՝ Յակուբովիչը ծանր հիվանդությամբ է տառապել, զրկվել է ոտքով քայլելու կարողությունից, իսկ քանի որ գլխի վերքը չի փակվել, շարունակ հայտնվել է խելահեղության վիճակում, որի հետևանքով Ենիսեյի նախանգապետը կարգադրել է նրան տեղափոխել Ենիսեյսկ քաղաքի հիվանդանոց: Յակուբովիչին այդ հիվանդանոց են հասցրել 1845-ի սեպտեմբերի 14-ին, իսկ հաջորդ օրը նա մահացել է «կրծքավանդակի ջրգողություն» հիվանդությունից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
979 | 0 | 0
Facebook