Նարնջից կամ կիտրոնից պատրաստված գազավորված ըմպելիքի ստեղծման 75 ամյակը տոնանշելու համար «Ֆանտա» -ն հանրահռչակողներն ու տարածողները ժամանակին մեկ րոպե տևողության մի գովազդային հոլովակ էին պատրաստել, որտեղ ասվում էր, թե ինչպես է այն «հին, բարի ժամանակներում» ստեղծվել այդ ըմպելիքը: Բայց այդ ժամանակները, այսինքն «Ֆանտա» -ի ստեղծման ժամանակները, այնքան էլ բարի չեն եղել:
Դուք գիտե՞ք արդյոք, որ «Ֆանտա» ըմպելիքը 100 տոկոսով ստեղծվել է Գերմանիայում, Երրորդ ռեյխի տիրապետության ժամանակաշրջանում: 1940 թվականին, երբ ֆաշիստական Գերմանիան լայնամասշտաբ պատերազմ էր մղում ամբողջ Եվրոպայում, որպես պատժամիջոց, ԱՄՆ-ը արգելել է «Կոկա-Կոլա» արտահանել Գերմանիա: Գերմանացիներից մեկն այդժամ ստեղծել է նոր գազավորված ըմպելիք՝ պատերազմի պայմաններում Գերմանիայում առկա մթերքներից և այն անվանել է «երևակայության խմիչք» (գերմաներեն՝ Fantasia) . բառը հետագայում կրճատվել է ու դարձել «Ֆանտա»: Մի խոսքով, այս խմիչքը հիտլերյան Գերմանիայում է ստեղծվել, ստեղծվել է ոչ բարի ժամանակներում: