Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (5)

20:44, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (5)

«Տնից դուրս գալով որպես թագավորի դուստր, նա իր հոր արյան վրայով տուն է վերադարձել որպես թագուհի»:

Երբ Սերվիոս Տուլլիոսը գահ է բարձրացել, Լուսիոս Տարքվինիոս Պրիսկուսի կա՛մ որդիները (ըստ Տիտոս Լիվիոսի), կա՛մ թոռներ (ըստ Դիոնիսոս Հալիկառնասցու) ՝ Լուսիոսն ու Արունտուսը, դեռ մանուկ են եղել: Հետագայում սրանց կողմից իր հնարավոր գահընկեցությունը կանխելու համար Սերվիոս Տուլլիոսը ջանացել է նրանց իրեն մերձեցնել: Երբ տղաները մեծացել են, նա իր երկու դուստրերին ամուսնացրել է նրանց հետ: Ինչպես Հռոմի նախորդ թագավորի դուստրերը, այնպես էլ նախորդի որդիները կամ թոռները շատ տարբեր բնավորություններ են ունեցել: Տուլլիոսի՝ ի սկզբանե խոնարհ ավագ դուստրն ամուսնացել է գոռոզամիտ Լուսիոսի հետ, իսկ պատվախնդիր կրտսեր դուստրը՝ Տուլլիան, ամուսնացել է խոնարհ ու անվճռական Արրունտոսի հետ:

Սակայն Սերվիոս Տուլլիոսի հույսերը չեն արդարացել...

Շուտով Արրունտոսն ու Ավագ Տուլլիոսը մահացել են (կա՛մ բնական պատճառներով, կա՛մ Կրտսեր Տուլիայի կազմակերպած թունավորման հետևանքով. վերջինս հոր կամքին հակառակ էր ամուսնացել Լուսիոս Տարկվինոսի հետ):

Իր նոր կնոջ դրդմամբ՝ Լուսիոս Տարքվինիոսը Սերվիոս Տուլլիոսի դեմ դավադրություն է կազմակերպել: Սերվիոս Տուլլիոսի բարենորոգումներից պատրիկների դժգոհությունը հանգեցրել է նրան, որ թագավորը կորցրել է սենատի աջակցությունը, և Լուսիոս Տարկվինիոսը որոշել է օգտվել այդ բարենպաստ հանգամանքից. Նա փորձել է գահընկեց անել իր աներոջը: Առաջին փորձը հաջողությամբ չի պսակվել. ըստ առասպելի՝ թագավորի թիկունքին է կանգնել ժողովուրդը: Լուսիոս Տարքվինիոսը ստիպված է եղել փախչել, որպեսզի փրկվի ժողովրդի ցասումից: Համապատասխան եզրակացություններ անելով նախորդ փորձի ժամանակ թույլ տրված սխալներից՝ հաջորդ անգամ նա համարձակվել է վճռական գործողությունների դիմել այն ժամանակ, երբ ժողովուրդը դաշտում գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված եղել:

Երբ Սերվիոս Տուլլիոսը, որն այդ ժամանակ արդեն զառամյալ ծերունի է եղել, եկել է սենատ, որպեսզի վռնդի ինքնակոչին, Տարկվինիոսը նրան աստիճաններից հրելով քարե հարթակին է գցել: Վիրավոր Սերվիոս Տուլլիոսը, դժվարությամբ ոտքի կանգնելով, ճանապարհվել է դեպի տուն: Վախենալով, որ Սերվիոս Տուլլիոսը կարող է համախմբել իրեն հավատարիմ հռոմեացիներին և իրեն թույլ չտալ զբաղեցնելու թագավորական գահը, Լուսիոս Տարկվինիոսն իր մարդկաց ուղարկել է, որ հասնեն ծերացած թագավորին ու սպանեն նրան: Հանձնարարությունը կատարվել է:

Տեղեկանալով հեղաշրջման մասին՝ Տուլլիան շտապել է ֆորում, որտեղ առաջինն է շնորհավորել ամուսնուն թագավոր ընտրվելու առթիվ: Տարքվինիոսը նրան հետ է ուղարկել, համաձայն Տիտոս Լիվիոսի, վախենալով նրա անվտանգության համար: Ճանապարհին կառքը թեքվել է դեպ մեկ այլ փողոց, որտեղ ընկած է եղել սպանված Սերվիոս Տուլլիոսի դիակը: Կառապանը կանգնեցրել է ձիերին՝ սպասելով հետագա հրահանգի: Տուլլիան կարգադրել է անմիջապես շարունակել ճանապարհը, և կառքն անցել է թագավորի դիակի վրայով: Դիակից արյուն է ցայտել Տարքվինիոսի կնոջ վրա: Այսպիսով, տնից դուրս գալով որպես թագավորի դուստր, նա իր հոր արյան վրայով տուն է վերադարձել որպես թագուհի (ուղիղ և փոխաբերական իմաստով): Փողոցը, որտեղ տեղի է ունեցել կառքի հետ առնչվող այս դրվագը, ստացել է «Նզովյալ» կամ «Հանցանքով արատավորված» (լատ. Vicus scaleratus) անունը: Ըստ Դիոնիսոս Հալիկառնասցու՝ հենց Տուլլիան է առաջարկել Տարքվինիոսին մարդ ուղարկել Սիրվիոս Տուլլիոսին սպանելու համար: Երբ կառապանը նեղ փողոցում է հայտնվել, որտեղ ընկած է եղել նախկին թագավորի մարմինը, Ապա Տուլլիան, զայրանալով, որ կառապանը կանգ է առել, կարգադրել է անցնել իր հոր դիակի վրայով:

Տարքվինիոսը թույլ չի տվել թաղել սպանված աներոջը, սակայն Տուլիան հորը հավատարիմ մնացած մի քանի մարդու հետ գիշերը դուրս է տարել նրա մարմինը որպես հասարակ մարդու դիակ և թաղել է:

Հնարավոր է, որ այս առասպելը հիշողություն է այն մասին, որ Սերվիոսը սպանվել է պատրիկների դավադրության արդյունքում, իսկ դավադրության առաջնորդը եղել է նախկին թագավորի որդին կամ նրա շառավիղը:


    
Ժան Բարդեն. «Տուլլիան կառքով անցնում է իր հոր դիակի վրայով»
Ժան Բարդեն. «Տուլլիան կառքով անցնում է իր հոր դիակի վրայով»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
451 | 0 | 0
Facebook