Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (1)

22:18, ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ.
Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (1)

Հին Հռոմի՝ դավադրաբար սպանված 5-րդ թագավոր Լուսիոս Տարքվինիոս Պրիսկուսին հաջորդել է նրա կնոջ սիրեկանը՝ Տարքվինիոս Սերվիոս Տուլլիոսը, որը կառավարել է մ.թ.ա. 578 – 535/534 թվականներին:

Սերվիոս Տուլլիոսի ծագման վերաբերյալ հին աղբյուրները մի քանի առասպել են պահպանել: Ըստ Դիոնիսոս Հալիկառնասցու՝ Հռոմի 6-րդ թագավորը եղել է Լացիումի Կորնիկուլիում քաղաքի Տուլլիոսների արքայական տոհմից սերված Տուլլիոսի ու նրա կին Օկրիսիայի որդին: Երբ հռոմեական զորքերը, Լուսիոս Տարքվինիոս Պրիսկուս թագավորի առաջնորդությամբ, գրավել են Կորնիկուլիում քաղաքը, հղի վիճակում գտնվող Օկրիսիան գերի է ընկել, իսկ Տուլլիոսը զոհվել է: Սկզբում Օկրիսիան դարձել է թագավորի կնոջ՝ Տանակվիլիսի ստրկուհին, բայց երբ վերջինս իմացել է իր ստրկուհու ծագման մասին, ազատություն է շնորհել: Սերվիոս Տուլլիոսը ծնվել է այն ժամանակ, երբ նրա մայրը դեռ ստրկուհի է եղել, որն էլ առիթ է տվել, որ ոմանք նրան «ստրուկ» (servius) անվանեն: Սերվիոս Տուլիոսի ծագման մասին Տիտոս Լիվիոսի պատմությունը քիչ է տարբերվում Հալիկառնասցու պատմածից: Լիվիոսը սոսկ ճշգրտել է, թե Սերվիոսի մորը գերեվարելուց անմիջապես հետո պարզել են, որ նա Կորնիկուլիումի «առաջին մարդու» կինն է և չեն ստրկացրել, իսկ նրա որդին ի սկզբանե հասակ է առել Տարքվինիոսի տանը որպես արքայազն: Հալիկառնասցին ևս մեկ առասպել է գրի առել, ըստ որի Սերվիոսը «եղել է աստվածների սիրեցյալը»: Հալիկառնասցու խոսքի համաձայն՝ «տեղի գրառումներում» և «հռոմեական պատմական շատ ստեղծագործություններում» պահպանված է ավանդապատում առ այն, թե Սերվիոսը ծնվել է Օկրիսիայի և նրա գեղեցկությամբ գերված Վուլկան աստծու սիրային կապից: Առասպելի այս տարբերակն առկա է Օվիդիոսի երկերից մեկում: Երրորդ վարկածը Կիկերոնին է. դրա համաձայն՝ Տուլլիոսը «ծնվել է Տարկվինիոսի տանը ծառայող ստրկուհուց»: Ընդ որում՝ Կիկերոնը գրում է, թե «թագավորը չէր կարող չնկատել տղայի մեջ վառվող խելքի կայծերը»:

Համաձայն առասպելներից մեկի՝ երբ մանուկ Սերվիոսը քնած է եղել, նրա գլխի շուրջը կրակ է բռնկվել: Սենյակում գտնվողները սասափահար սկսել են ճչալ, բայց Տանակվիլիսը, տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, արգելել է մանկաննն արթնացնել: Երբ նա արթնացել է, կրակն ինքնաբերաբար անհետացել է: Դա ընկալվել է որպես նշան այն բանի, որ ապագայում Սերվիոս Տուլլիոսը թագավորական տան լուսատու ջահ ու հենարան է դառնալու, ինչպես նաև մեծ գործեր է անելու ի բարօրություն Հռոմի: Դրանից հետո տղային սկսել են դաստիարակել որպես արքայազն: Երբ Սերվիոսը չափահաս տարիքի է հասել, նրան ամուսնացրել են թագավորի դուստրերից մեկի հետ:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
510 | 0 | 0
Facebook