1848 թվականին Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը հրատարակում են ժամանակին շատ հռչակավոր և կոմունիստական կուսակցությունների համար ուղեցույց դարձած «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատությունը: Կապիտալիզմի դեմ պրոլետարիատի դասակարգային պայքարի անհրաժեշտությունը հիմնավորող գրքի հեղինակները քաղաքական պայքարի մեծ փորձ ունեցողներին կոչ են արել օրինակ վերցնել, չզարմանաք, կովկասցի լեռնականներից.
«Եվրոպայի՛ ժողովուրդներ, հանուն ազատության և անկախության պայքարը սովորե՛ք Կովկասի լեռնականների հերոսական պայքարի օրինակներից»:
***
Քաղվածք Հյուսիսային Կովկասը նվաճել ու այնտեղի ժողովուրդներին հնազանդեցնել փորձող ցարական գեներալ Ա. Երմոլովի՝ 1819 թվականին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինին հղած զեկուցագրից.
«Լեռնական ժողովուրդներն իրենց անկախության օրինակով ձերդ կայսերական մեծության հպատակներին խռովարար ոգի և անկախության նկատմամբ սեր են ներշնչում»:
***
Ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը Հյուսիսային Կովկասի լեռնականների մասին հետևյալն է ասել.
«Վայրենի են այն կիրճերի ցեղերը, նրանց աստվածն ազատությունն է, նրանց օրենքը՝ պատերազմը…Այնտեղ բարին բարությամբ է հատուցվում, արյունը՝ արյամբ»: