Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Դրուիդների սրբազան բույսը

10:31, երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ.
Դրուիդների սրբազան բույսը

Մղամուճը (մզամուճ, ճոգոմ, ճուշ, ռուսերեն՝ օմելա) , որին հին հույները զուգորդել են Օլիմպոսի բանբերի և առողջության աստծու՝ Հերմեսի հետ, սրբազան բույս է համարվել նաև գալլերի ժամանակներում: Գերմանացիներն ու Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդները այս բույսը «մոգական» են համարել և, նրանց համոզմամբ, դրա օգտագործումը հնարավորություն է տվել հաղորդակցվել մահացածների հոգիների հետ: Եվ այդ նպատակով փնտրել են հենց կաղնու վրա աճած մղամուճ, որը հազվադեպ է պատահում: Կաղնին համարվել է արևի ծառը և խորհրդանշել է ուժ և իշխանություն, իսկ մաղամուճը համարվել է լուսնային թուփ:

Արտաերկրային էներգիայով և առանց մարդու միջամտության աճող այս բույսն ունի ոչ թե երկրային, այլ՝ տիեզերական ծագում. այն եղել է արտաերկրային, եղել է վաղնջական ժամանակների Լուսնից ծնված մի բույս, երբ աշխարհն այլ է եղել, երբ աշխարհը եղել է ջրի աշխարհ: Ավստրիացի փիլիսոփա և միստիկ գրող Ռուդոլֆ Շտայների կարծիքով՝ այս բույսը գտնվում է բույսերի թագավորության և կենդանիների թագավորության միջև ընկած ճանապարհի միջակայքում:

Եթե դարեր շարունակ մղամուճը միֆական «աուրայով» է պարուրված եղել, ապա դրա պատճառը նրա հասակն է ու կենսակերպը: Ըստ էության մղամուճը գետնի վրա ապրելու համար անհրաժեշտ «գործիքներ» չունի, այն չի կարող հողի վրա ապրել: Ի տարբերություն այլ բույսերի՝ այն չի ենթարկվում ո՛չ ֆոտոտրոպիզմի, ո՛չ էլ գեոտրոպիզմի: Ընդհակառակը, այն ձևավորում է կլորիկ փոմփոլիկներ և գրեթե ստեղծում է ներքին տարածություն, որը կենդանուն բնորոշ կյանքով է լցված: Բացի այդ, նրա ճյուղերը, նույնիսկ 20-ամյա ճյուղերը, կանաչ են մնում, որը նրան տարբերում է այլ բույսերից: Նրա սերմը նույնպես այնքան յուրօրինակ է, որ դրան «սաղմ» են անվանում: Սաղմը միշտ կենդանի է մնում իր լորձաթաղանթի մեջ, այն անցնում է թռչնի աղիներով, և չի «հանգստանում», ինչպես այլ բուսերի սերմերն են հանգստանում հողի մեջ: Իր վեգետատիվ պարբերաշրջանի ոչ մի փուլում այս բույսը հողին չի հպվում:

Մղամուճը մակաբույծ չի հանդիսանում, ինչպես շատերին է թվում, ընդհակառակը, նա ծառի հետ նյութափոխանակություն է կատարում, որը նրան թույլ է տալիս առողջ մնալ: Եվ դա ապացուցել են բազում գիտափորձերը:

Սկանդինավյան ամենահայտնի առասպելներից մեկը կապված է մղամուճի հետ: Համաձայն 13-րդ դարում ապրած իսլանդացի գրող Սնորի Սթուրլոսոնի «Կրտսեր Էդդա» ստեղծագործության՝ սկանդինավյան գլխավոր աստված Օդինի որդուն՝ Բալդր աստծուն, անպարտելի է դարձրել նրա մայրը՝ Ֆրիգգը, որը մի վատ երազ տեսնելուց հետո ստիպել է բույսերին, քարերին ու կենդանի արարածներին երդվել, որ չեն վնասի իր որդուն: Սակայն չար աստված Լոքին ստիպել է նրան խոստովանել, որ նա միայն մղամուճի ընձյուղին չի ստիպել երդվել, չէ՞ որ այն այնքա՜ն անմեղ տեսք է ունեցել: Այդժամ Լոքին, նախանձելով Բալդրի ժողովրդականությանը, պոկել է մղամուճի ընձյուղը և հրահրել է Հյոդ աստծուն՝ Բայդր աստծու կույր եղբորը, այն նետել նրա վրա, որն էլ սպանել է նրան:

Ֆրեյան՝ սիրո աստվածուհին, աստվածներին աղերսել է կենդանացնել Բալդրին՝ խոստանալով համբուրել բոլոր նրանց, ովքեր կանցնեն մղամուճի տակով: Բալդրը կենդանացել է: Այս առասպելից էլ ծնունդ է առել մղամուճի տակ համբուրվելու սովորույթը, որը դրանից հետո դարձել է սիրո և ներման խորհրդանիշ:

Ֆրիգը մղամուճին հրամայել է ծառը բարձրանալ և երբեք այնտեղից չիջնել: Ահա այսպես, համաձայն գերմանական առասպելաբանության, սկսվել է ամենազոր աստվածներին հավատարմության և հնազանդության երդում չտված միակ բույսի՝ մղամուճի «կարիերան»:

Բայց մղամուճի առավել հայնի կերպարը կապված է կելտական աշխարհում նրա ծիսական գործածության հետ: Շատերն են ֆիլմերում տեսել, թե ինչպես է ճերմակ հագուստ հագած մորուքավոր դրուիդը կաղնու ծառին բարձրացած ոսկե մանգաղով մղամուճի փնջիկ կտրում, որպեսզի ապահովի դաշտերի պտղաբերությունը: Մղամուճն ընկնում է մի անարատ տերևի վրա, որպեսզի երբեք չհպվի գետնին, քանի որ վախենում է կորցնել իր ուժերը:

Գալլերը, որոնք, ինչպես հայտնի է, վախենում էին միայն մի բանից՝ երկինքը երկրի ու իրենց գլխի վրա ընկնելուց, այդ բույսին վերագրում են, բացի բուժական հատկություններից, նաև մոգական ուժ:

Դրուիդները հավատացել են, թե այդ բույսը կաղնու վրա սերմանվել է աստվածային ձեռքով, և իրեց սրբազան ծառի և այդ բույսի մշտադալար ճյուղերի միության մեջ տեսել են անմահության գաղափարը:

Մղամուճի քաղման արարողությունը կելտական աշխարհում տեղի է ունեցել նորալուսնի վեցերորդ օրը, որն սկսվել է նոյեմբերի մեկին: Այժմ, այդ նույն ժամանակ, երբ ամեն ինչ մեռնում է, ծառերին միայն մղամուճն է կանաչ մնում իր պտուղների հետ, որոնք լի են հյութով, և որոնք կշտացնում են կեռնեխներին: Այդ թռչունները տարածում են բույսի սերմերը՝ այդ կերպ ապահովելով նրա բազմացումը:

Պատգամախոսների գուշակությունների հետ սերտորեն կապված կաղնին, ըստ առասպելաբանության, մղամուճին կանխագուշակության ուժ է տվել, իսկ նրա օգտագործումամբ մարդը «կաղնու ջուր» ՝ մնացած բոլոր հյութերին գերազանցող հյութ է ստացել: Կելտերենում այս բույսի անունը նշանակում է «ամենաբուժիչ»: Ասում են, թե մղամուճը բուժում է ընկնավորությունը, խոցերը, կանացի անպտղությունը և նաև կենդանիների էգերի անպտղությունը՝ շնորհիվ նրա հյութում առկա սոսնձանյութի, որը սերմնահեղուկի բաղադրություն ունի: Բնության նորոգության խորհրդանիշ մղամուճը վտարել է չար ոգիներին, մաքրել է հոգիները, չեզոքացրել է թույների ազդեցությունը և ապահովել է հոտերի բեղունությունը: Ուելսցիների լեզվում մղամուճն անվանվում է «oll-iach», որ նշանակում է «համադարման»:

Քաղելով «մակաբույծ բույս» -ը՝ դրուիդ քուրմն անպայման արտասանել է «Օ գհել ան հո» մոգական խոսքը, որը նշանակում է. «Թող սերմն աճի»: Հենց այս մոգական բանաձից՝ ձմեռային արևադարձից հետո արևի վերածնունդը խորհրդանշող բանաձևից, է ծագել Ամանօրի նախօրեին առաստաղից կախված գնդի տակ սուրբ Սիլվեստրի երեկոյան ավանդաբար հնչող արտահայտությունը՝ «Օ գի լ՝ան նոֆ» ՝ որպես ամանորյա մաղթանք: Այս բանաձևն ավելի ուշ փոխարինվել է «Լավ տարի, վատ տարի, Աստված այստեղ է» (կամ «տանն է»): Ավելին, երբ թշնամիներն անտառում այս բույսի ճյուղի տակ են հանդիպել, ստիպված են եղել զենքը մի կողմ դնել և պահպանել զինադադար մինչև հաջորդ օրը: Այստեղից էլ ծնունդ է առել մղամուճի գնդիկ կախելու և որպես բարեկամության ու բարյացկամության նշան համբույրներ փոխանակելու սովորույթը:

Այսպիսով, մղամուճի տակ համբուրվելը, հավանաբար, կելտական ծագում ունի: Այս հեթանոսական ավանդույթը շարունակվել է նույնիսկ այն ժամանակներում, երբ եկեղեցին փորձել է այս բույսի փոխարեն ներմուծել սրատերև բույսը, որի փշերը հիշեցնում են Քրիստոսի փշեպսակը, իսկ բույսի կարմիր պտուղները՝ Հիսուսի արյունը: Եթե նույնիսկ մղամուճի հեթանոսական նշանակությունը մոռացվել է, բայց այդ բույսի տակ համբուրվելու սովորույթը դեռ պահպանվում է Եվրոպայում և Կանադայում: Սիրահարների համբույրը մեկնաբանվում է որպես ամուսնության խոստում, որպես երջանկության և երկարակեցության նախանշան: Ֆրանսիայում այս սովորությունն առավել սերտորեն կապված է Նոր տարվա նախօրեի և Նոր տարվա առաջին օրվա հետ: Մղամուճի ճյուղերը ծաղկման, բարգավաճման ու երկար կյանքի խորհրդանիշ են և հանդիսանում են երջանիկ նախանշան նոր տարվա շեմն անցնելու:

Հասունացման շրջանում՝ հոկտեմբեր-նոյեմբերին, մղամուճի պտուղներն ու դալար ճյուղերն այժմ էլ օգտագործվում են գերճնշման դեմ, իսկ շվեյցարացի անտրոպոսոֆները մղամուճն օգտագործում են որպես քաղցկեղնը բուժող դարմանների հիմք, որը հայտնի է «վիսկու թերապիա» անվամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
910 | 0 | 0
Facebook