Աշխարհահռչակ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ 1945 թվականին նրա առաջին կնոջ՝ Միթա Դիաս-Բալարտի ծնած Ֆիդել Կաստրո Դիաս-Բալարտը, որն ավելի շատ հայտնի է Ֆիդելիտո փաղաքշական անվամբ, Կուբայական հեղափոխության առաջնորդի պաշտոնապես ճանաչված ութ երեխաներից անդրանիկն է եղել: Մայրը կուբայական միջին դասի վերնախավից է սերված, իսկ քեռին՝ Ռաֆայել Դիաս-Բալարտը, Կաստրոյին նախորդած դիկտատոր Բատիստայի կառավարությունում պետքարտուղարի տեղակալի պաշտոն է զբաղեցրել, իսկ ավելի ուշ դարձել է Ֆիդել Կաստրոյի ընդդիմախոսը: Ամուսնությունից յոթ տարի անց ամուսինները բաժանվել են, և Ֆիդել Կաստրո Դիաս-Բալարտի խնամակալությունը հանձնվել է երեխայի մորը, թեպետ Կուբայի առաջնորդը հետո նրան խլել է մորից: Փաստորեն, երբ նա իր մոր հետ ապրելիս է եղել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, հենց մայրը նրան Կուբա է ուղարկել, որպեսզի որդին տեսնի հորը: Դրանից հետո Ֆիդել Կաստրոն որդուն միշտ իր կողքին է պահել:
1959 թվականի Կուբայական հեղափոխությունից հետո տասնամյա պատանուն հայրն ուղարկել է Մոսկվա: Այստեղ նա ավարտել է պետական համալսարանը, ստացել է ֆիզիկայի և միջուկային մաթեմատիկայի գիտության դոկտորի աստիճան: Ուսումնառության տարիներին էլ ծանոթացել է Օլգա Սմիռնովայի հետ, ամուսնացել է: Նրանք երեք երեխա են ունեցել: Երրորդ երեխայի ծննդից հետո նրանց համատեղ կյանքը չի դասավորվել: Նրանք բաժանվել են, և Կուբայի առաջնորդի որդին ամուսնացել է Մարիա Վիկտորիա Բերեյրայի հետ:
Մորուք աճեցնելով՝ նա ցանկացել է արտաքնապես նմանվել իր հորը: 1980-ականներին նա նշանակվել է Կուբայի միջուկային ծրագրերի ղեկավար և մասնավորապես եղել է Հուրարգույում կառուցվող ատոմային էլեկտրակայանի շինարարության պատասխանատուն: Բայց ատոմայականի կառուցումը չի ավարտվել ԽՍՀՄ փլուզման պատճառով: Դրանից հետո Ֆիդել Կաստրոն իր այս որդուն մեղադրել է անփութության մեջ, որը նրա կարիերայի վրա լուրջ ազդեցություն է ունեցել, թեպետ մնացել է Կուբայի Պետական խորհրդի գիտական խորհրդատուի և Կուբայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոններում:
Նա երբեք քաղաքական կարիերայի չի ձգտել՝ ի տարբերություն իր հորեղբայր Ռաուլ Կաստրոյի երկու զավակների՝ Ալեխանդրոյի և Մարիէլի:
Խորն ընկճախտային հոգեվիճակում նա 2018 թվականի փետրվարի 1-ին նա ինքնասպանություն է գործել: Դա տեղի է ունեցել հոր մահից մեկ տարուց մի քիչ ավելի անց: