Սոչիում ծեծկռտուքի արդյունքում ստացված վնասվածքից մահացել է հումորիստ Ամիրան Գևորգյանը։
Սոչիում հունվարի 12-25-ը ընթանում է КВН փառատոնը, որին մասնակցում են հումորիստներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Փառատոնին ներկա է եղել նաև Սոչիի КВН «Южная столица» թիմի անդամ, 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Հունվարի 18-ին նա դուրս է եկել հյուրանոցի իր համարից ու դրսում տեղի է ունեցել վիճաբանություն՝ դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Դաղստանցին փառատոնին ոչ թե մասնակցել է, այլ զուտ հանգրվանել է Սոչիի հյուրանոցում։
«Կոմսամոլսկայա պրավդա» -ի փոխանցմամբ՝ դաղստանցին այնպես ուժգին է հարվածել, որ Ամիրան Գևորգյանը գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գլխի բաց վնասվածք, աջ և ձախ հեմատոմաներ։ Նա կոմայի մեջ է ընկել։
Երկու օր անց Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Իսկ, թե որն է եղել վիճաբանության պատճառը, դեռ հայտնի չէ։ Դաղստանցին հետախուզման մեջ է։