Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր կնետի մեր պատկերացումներին

14:40, կիրակի, 21 հունվարի, 2024 թ.
«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր կնետի մեր պատկերացումներին
     2024 թվականի հունվարի 30-ից մարտի 3-ը Ժամանակակից արվեստի թանգարանի նոր վերանորոգված և լուսատեխնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Երևան, Մաշտոց 7) տեղի կունենա ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանի «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը /համադրող՝ Անտոն Լևախին/: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը. Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս»: Նարինե Առաքելյանը հրավիրում է արտասովոր ճամփորդության՝ իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» անհատական ցուցահանդեսով։ Այս պատմությունն միախառնում է բնությունը, առասպելաբանությունը և թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ, որն առնչվում է նաև ավանդականության հետ: Այս ցուցահանդեսի հիմքում խորը այլաբանություն է, որը կապում է պատմությունն ու ժամանակակից իրականությունը: Առաքելյանը ստեղծագործությունների այս շարքի համար ոգեշնչվել է «Աֆրոդիտեի քարը» լեգենդից, որը ամուր արմատավորված է հունական դիցաբանության մեջ: Արդյո՞ք այստեղ էր Աֆրոդիտեն լողանում Հեփեստոսի հետ ժամադրություններից հետո, թե՞ այստեղ է նա հանդիպել իր սիրելի Ադոնիսին: Ցուցահանդեսի կենտրոնական գործողությունը «Aphrodite’s Stone» -ում նկարահանված հմայիչ պերֆորմանսն է, որտեղ Նարինեն ինքը մտնում է ծովի անդունդը և վերածնված դուրս գալիս։ Այս գեղարվեստական ակտը գերազանցում է ժամանակը, կապում անցյալն ու ներկան, և ծառայում է որպես կերպարանափոխության խորհրդանիշ՝ ինչպես նկարչի, այնպես էլ առհասարակ կյանքի:
     Աֆրոդիտեի մասին լեգենդի կողմից սրբացված քարերը դառնում են բնության շոշափելի մասունքներ: Նկարչի համար դրանք ծառայում են որպես վերականգնվող ռեսուրս, կտավ՝ արվեստի և տեխնոլոգիայի խաչմերուկը հետազոտելու համար: Այս քարերը նրա մտահղացման մարմնավորումն են՝ բնական աշխարհի և թվային ոլորտի միաձուլում, առասպելի և արդիականության ներդաշնակության ձոն: Նարինե Առաքելյանի ստեղծագործական ուղին գենդերային ինքնության սոցիալական մեկնաբանություն և ուսումնասիրություն է: Պերֆորմանսի, ինստալացիայի, գեղանկարչության, քանդակի, վիդեո արվեստի և բնապահպանական արվեստի միջոցով նա իր ձայնն է տալիս սոցիալական արդարությանը: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր է նետում մեր պատկերացումներին՝ հրավիրելով մեզ խորհելու առասպելի մնայուն ուժի, տեխնոլոգիայի անսահման ներուժի և արվեստի փոխակերպիչ բնույթի մասին:
     Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. հունվարի 30-ին, ժամը 16.00-ին: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի ամեն օր՝ 11: 00-18: 00, բացի երկուշաբթի օրերից:
     Նարինե Առաքելյան Ծնվել է 1979 թվականին Սիբիրում /ՌԴ/: 2015 ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտը: Այնուհետև մեկ տարվա ընդացքում կատարելագործվել է Լոս Անջելեսի Գեղարվեստի ակադեմիայի Թվային արվեստի դեպարտամենտում: ՌԴ-ի նկարիչների միության անդամ է: Բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և զանազան նախագծերի մասնակից և հեղինակ: Բազմիցս Վենետիկի միջազգային բիենալեներում ներկայացրել է Հայաստանը: Նարինե Առաքելյանի աշխատանքները կարելի է բնութագրել որպես կերպարվեստի, ժամանակակից արվեստի և փերֆորմանսի սինթեզ, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա օգտագործում է քանդակ, գեղանկարչություն, մուլտիմեդիա և փերֆորմանսի արվեստը ժամանակակից հոսանքները ավելի ամփոփ ներկայացնելու համար: Առաքելյանի ստեղծագործությունը կենտրոնանում է սոցիալական, մշակութային և քաղաքական թեմաների վրա, ինչպես նաև գենդերային ինքնության և ավանդական անցյալի և ներկայի ստերեոտիպների վրա: Ըստ Նարինեի մարդը՝ էներգիայի ալիք է, որը ձևափոխում է իրականությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
357 | 0 | 0
Facebook