Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Հոդվածներ

Շվեյցարացի վարձկան ռազմիկները

15:30, շաբաթ, 20 հունվարի, 2024 թ.
Շվեյցարացի վարձկան ռազմիկները

Ապագա Շվեյցարիայի բնակիչները սկսած 14-րդ դարից Հաբսբուրգների կայսրության ասպետական հեծելազորի դեմ մղված բազում մարտերում շարունակ կատարելագործել են մարտական դասավորության նոր ձևը, որն անվանվել է «Քառակուսի շարք»: Այս նոր դասավորության շնորհիվ նրանք կարողացել են պաշտպանել իրենց անկախությունը:

Բացի այդ, շվեյցարացիները մարտերում շատ հաճախակի գործածել են մի շատ վտանգավոր զենք, որի դեմ գրեթե անզոր է եղել ասպետական սուրը: Այդ զենքը կոչվել է «ալեբարդ» (երկար նիզակին լայնակի ամրացված կացին, իսկ կացնի վերին ծայրին՝ ճանկ): Ալեբարդով հնարավոր է եղել կտրել, ծակել, հարվածները հետ մղել և ձեծյալին ձիուց ցած գցել: Գործածության համար շատ հարմար և միաժամանակ հասարակ ու ահեղ այդ զենքը կարողացել է պատրաստել ցանկացած գյուղական դարբին: Այդ է պատճառը, որ այդ զենքով հնարավոր է եղել շատ կարճ ժամանակում ոչ մեծ ծախսումով զինել մի մեծ ջոկատ:

Շվեյցարացիներն ալեբարդն առաջին անգամ գործի են դրել 1315 թվականին, Մորգարտենի ճակատամարտում: Այդ ժամանակից ի վեր ալեբարդներով, արբալետներով ու նիզակներով զինված շվեյցարացի լեռնականները բազում հաղթանակներ են տարել ու իրենց մարտական որակներով հռչավել իրենց երկրի սահմաններից դուրս: Ալպյան այս երկրի բնակիչները հիմնականում անասնապահներ ու երկրագործներ են եղել և դժվարությամբ են կարողացել կերակրել իրենց ընտանիքներին: Ոչ մեծ տնտեսություն ունեցողները լավագույն դեպքում ունեցած փոքր հողակտորը տրամադրել են իրենց ավագ որդուն ու նրա ընտանիքին: Եվ կրտսեր որդիները ստիպված են եղել ծառայության անցնել օտար պետությունների վարձկան զորքերում: Դրան նպաստել է նաև այն, որ Ալպերի լեռնանցքներով են անցել Գերմանական քաղաքների միության՝ Հանզայի քաղաքների, ինչպես նաև Հարավային Գերմանիայի տնտեսական ու առևտրային կենտրոնները Հյուսիսային Իտալիայի հարուստ քաղաքների հետ կապող ուղիները, և շվեյցարացիները հնարավորություն են ունեցել ուղեկցել առևտրային քարավանները որպես պահապաններ: Սկսած 15-րդ դարից շվեյցարացի վարձկան ռազմիկներն ավելի ու ավելի են համալրել օտար հզոր պետությունների բանակների շարքերը: Նրանք արյուն են հեղել Սավոյայի հերցոգների, Բրանդենբուրգի կուրֆյուրստ Ալբրեխտի, Պֆալցի կուրֆյուրստ Ֆրիդրիխի, Ֆրանսիայի թագավորների, Հաբսբուրգների կայսրության և այլ տիրակալների դրոշների ներքո:

Այսպիսով, որպես վարձկան ռազմիկ ծառայելը դարձել է մի տեսակ ավանդական զբաղմունք և հուսալի եկամտի աղբյուր շվեյցարացիների բազում սերունդների համար: Քանի որ եվրոպական պետությունների իշխաններն ու թագավորները շարունակ միմյանց դեմ մեծ ու փոքր պատերազմներ են մղել, ուստի լանդսկնեխտները (վարձկանները) երբեք անգործ չեն մնացել: Շվեյցարական կանտոնների երիտասարդ բնակիչներից, որոնք ցանկացել են վարձկան ռազմիկ դառնալ ու ծառայել օտար զորքերում, կազմավորվել են «շվեյցարական գվարդիականներ» անվանված ջոկատներն ու գնդերը: Որպես կանոն, այդ ջոկատներն ու գնդերը ղեկավարել են հենց շվեյցարացի սպաները, և միայն նրանք են իրավասու եղել դատել իրենց զինվորներին: Վարձկանները շատ բարձր վճար են ստացել: Հենց այդ ժամանակ էլ ծնունդ է առել «Չկա փող՝ չկա նաև շվեյցարացի» արտահայտությունը:

Իսկ մեր օրերում շվեյցարական 100 գվարդիականներ ապահովում են Հռոմի պապի պալատի պաշտպանությունը. այս ավանդույթի հիմքը դրել է Հուլիանոս 2-րդ պապը, 1505 թվականին:

Ասում են՝ պապական գվարդիայի գունագեղ համազգեստը ստեղծել է մեծն Միքելանջելոն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
359 | 0 | 0
Facebook