Արկածախնդիր ամերիկացու վախճանը կարեկցանք չի հարուցել
Այս անձնավորությունը 19-րդ դարի 50-60-ական թվականներին ամբողջ ամերիկյան մայրցամաքում հայտնի դարձած Ուիլյամ Ուոքերն է՝ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում ծնված և Հոնդուրասի Տրուխիլիո քաղաքում կյանքն ավարտած ամերիկացի լրագրողը, իրավաբանը, բժիշկը, Լատինական Ամերիկայում մի քանի ռազմական գործողության կազմակերպիչը և մեկ տարով նույնիսկ Նիկարագուայի նախագահ դարձած արկածախնդիրը: 1839 թվականին, երբ ընդամենը 14 տարեկան է եղել, նա ավարտել է Նաշվիլի համալսարանը, որտեղ ուսանել է իրավագիտություն: Դրանից հետո մեկ տարի բժշկություն է ուսանել Էդինբուրյան և Հեյդելբերգյան համալսարաններում ու Ֆիլադելֆիայում մի քանի ամիս բժիշկ է աշխատել: Սական արկածախնդիր էությունը նրան տարել է Նոր Օռլեան, որտեղ սկսել է լրագրողական գործունեություն ծավալել: Նոր Օռլեանում էլ երկար չի ապրել.1850 թվականին Ուոքերը տեղափոխվել է Կալիֆորնիա նահանգ և աշխատանքի է տեղավորվել սկզբում Սան Ֆրանցիսկոյում հրատարակվող թերթերից մեկի խմբագրությունում, ապա հաստատվել է Մերիսվիլլ քաղաքում, որտեղ և՛ թղթակցել է տեղի թերթին, և՛ փաստաբանական աշխատանքներ է կատարել: Շատ կտրուկ շրջադարձը Ուոքերի կյանքում տեղի է ունեցել 1853 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ նա, վարձկանների խմբի գլուխ անցած, մեկնել է Մեքսիկա, որպեսզի զավթի այդ երկրի տարածքի մի մասը: Նա ներխուժել է այդ ժամանակ Մեքսիկային պատկանող Հարավային Կալիֆորնիա և 1854 թվականի հունվարի 18-ին այդ տարածքն ու հարևան նահանգը հռչակել է «Սենյորա անկախ հանրապետություն» ՝ իր կառավարման ներքո: Բայց քանի որ շուտով սով է սկսվել և մեքսիկացիները հաճախակի հարձակվել են նորաստեղծ «պետության» վրա, Ուոքերն ստիպված է եղել վերադառնալ Կալիֆորնիա և նորից զբաղվել լրագրողական գործունեությամբ: 1855-ի մայիսի 5-ին ժամանակավորապես նիրհած արկածախնդիրը նրան նորից ոտքի է հանել ու նոր արկածախնդրության է մղել: 56 հետևորդների հետ նա մեկնել է Նիկարագուա, որտեղ այդ ժամանակ քաղաքացիական պատերազմ է ընթացել: Հակամարտող կողմերից մեկը նրանից օգնություն է խնդրել: 1955-ի նոյեմբերին Ուոքերը Նիկարագու լճի վրա ամերիկյան տրանսպորտային ընկերությանը պատկանող շոգենավ է զավթել, ու դրա շնորհիվ կարողացել է գրավել հակամարտող կողմերից մեկի մայրաքաղաքը՝ Գրանադա քաղաքը: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Նիկարագուայի Նախագահ է դարձել Պատրիսիո Ռիվասը, թեպետ ռեալ իշխանության լծակներն Ուոքերի ձեռքերում են եղել, և նա նախագահին որպես խամաճիկ է օգտագործել: 1956 թվականի մայիսի 20-ին Նիկարագուայի այս նոր կառավարությունը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ Նախագահ Ֆրանկլին Փիրսի կողմից, որը դրվատել է երկիրը «վերածնելու» փորձը: Ընդամենը մեկ ամիս անց Ուոքերը դարձել է Նիկարագուայի նախագահ: ԱՄՆ ստրկատիրական նահանգների աջակցությունն ստանալու նպատակադրմամբ՝ Ուոքերը սեպտեմբերի 22-ին չեղարկել է ստրկությունը վերացնելու մասին օրենքը: Այդ նույն ժամանակ ամերիկյան տրանսպորտային ընկերության երկու ներկայացուցիչ որոշել են Ուոքերի օգնությամբ տիրել ընկերության ՝ Նիկարագուայում եղած ամբողջ գույքին՝ փոխարենը նորաթուխ նախագահին խոստանալով ֆինանսական օգնություն և նոր վարձկաններ ԱՄՆ-ից: Ուոքերն օգնել է ընկերության գույքին տիրանալու գործում, բայց այդ խուլիգանությունն այն աստիճան է զայրացրել ընկերության ղեկավարին, որ նա հասել է նրան, որ ԱՄՆ կառավարությունը չեղյալ է հայտարարել Նիկարագուան կառավարող վարչակազմը ճանաչելու մասին որոշումը: Բացի այդ տրանսպորտային ընկերության ղեկավար Վանդերբիլտի աջակցությամբ՝ Ուոքերի դեմ պատերազմ է սկսել Կենտրոնական Ամերիկայի պետությունների կոալիցիան, որը ղեկավարել է Կոստա Ռիկան: Ուոքերը դիմացել է մինչև 1857 թվականի մայիսի 1-ը, որից հետո հանձնվել է ամերիկացիներին և վերադարձվել է ԱՄՆ: 1958 թվականին նա մի քանի անգամ փորձել է վերադառնալ Կենտրոնական Ամերիկա, բայց չի հաջողել: Ի վերջո, 1860 թվականի օգոստոսին, նրա կարողացել է ներթափանցել Հոնդուրաս և նույնիսկ գրավել Տրուխիլիո քաղաքը: Բայց շուտով հոնդուրասյան բանակն նրան շրջապատել է ցամաքից, իսկ բրիտանական նավատորմը՝ ծովից: Ուոքերն ստիպված է եղել հանձնվել բրիտանացիների նավապետ Սալմոնին, որըն էլ նրան հանձնել է Հոնդուրասի իշխանություններին: Նույն տարվա սեպտեմբերի սկզբին տեղի է ունեցել Ուոքերի դատը, և դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Սեպտեմբերի 12-ին մեկ տարի նախագահ եղած արկածախնդրին գնդակահարել են: |