Աստղային սիրեկանները (ճապոնական առասպել)
Տիեզերքում շատ աստղեր զույգերով են ապրում: Դրանց «երկյակներ» են անվանում, քանի որ նրանք ունեն ձգողականության միևնույն առանցքը: Դրանք միշտ բորբոքել են մարդկանց երևակայությունը, իսկ Ճապոնիայում հյուսվել է Վեգայի և Ալթաիրի մասին առասպելը: Շատ վաղ ժամանակներում «Բարձրյալ տեր» -ը թագավորն էր երկինքի ու իր դուստր աստղերի: Նրա սիրելի դուստր Վեգան մինչև այն օրը, երբ երկիր իջավ ու սիրահարվեց մի հովվի, ամպային հագուստներ է հյուսելիս եղել: Հուլիսի 7-ին ճապոնացիները տոնանշում են «Աստղային սիրահարների օր» -՝ը «Տանաբատա Մացուրի» -ն: Այս տոնը սկզբնավորվել է չին-ճապոնական մի առասպելի հենքի վրա (ճապոնական մշակույթը հնում ենթարկված է եղել չինական մշակույթի ուժեղ ազդեցությանը): Ճապոնացիները տոնանշում են Ծիր կաթինով բաժանված երկու «աստղերի» ՝Ալտաիրի և Վեգայի (Ջուլհակի և Հովվի) հանդիպումը: Համաձայն չինական առասպելի՝ երկնային կայսր Տենտեյան յոթ դուստր է ունեցել: Նրանցից կրտսեին՝ հյուսելու գործում հմուտին՝ Ջուլհակին, անվանել են Սյոկուձե կամ Օրի Հիմե: Ամեն օր նստելով իր հյուսող դազգահի առջև՝ նա միայն արտասովոր գործվածքներ է հյուսել կլիմայական յուրաքանչյուր փոփոխության համար, և Երկնքի ամեն մի զգեստավորումը նրա արտակարգ հմտության արգասիքն է եղել: Մի անգամ այս արքայադուստրը, որին երկնային կյանքն սկսել է ձանձրացնել, իջել է երկրի վրա, որպեսզի մի քիչ զբոսնի: Այստեղ նա մի երիտասարդ հովվի է հանդիպել, որին բոլորը Կենգյու (Հովիվ) են անվանել: Նրանք անմիջապես սիրահարվել են մեկմեկու: Դժգոհ լինելով իր միայնակ կյանքից և հոր խիստ վերահսկողությունից՝ Սյոկուձեն երազելիս է եղել կրքոտ սիրո, երջանիկ ապագայի և խաղաղ կյանքի մասին: Այդ պատճառով էլ նա որոշել է մնալ երկրի վրա իր սիրեցյալ հովվի հետ: Եվ նրանք անբաժան զույգ են կազմել: Տղամարդն աշխատել է դաշտում, իսկ կինը հյուսել է: Անցել է մի քանի տարի, և նրանց սիրուց ծնվել է մեկ տղա և մեկ աղջիկ: Իմանալով իր դստեր նոր կյանքի մասին՝ երկնային կայսրը խիստ զայրացել է և իր աղջկան հետ բերելու համար մի ջին է ուղարկել: Ջինը հանձնարարությունը կատարել է, և ամուսնուց ու երեխաներից բաժանված աղջիկն սկսել է արտասվել: Նկատելով իր սիրելի կնոջ անհետանալը՝ Հովիվն իր երկու երեխաներին տեղավորել է մի մեծ տախտակի երկու ծայրերին ամրացված զամբյուղների մեջ և մեկնել է երեխաների մորը փնտրելու: Բայց հենց այն պահին, երբ նա արդեն համարյա հասնելիս է եղել իր կնոջը, հայտնվել է երկնային կայսրի կինը և ձեռքի մի շարժումով մի փոթորկուն գետ է գոյացրել, որը կանգնեցրել է Հովվի առաջընթացը: Իսկ գետի մյուս ափին նրա կինը շարունակել է արցունք հեղել ու չի կատարել հոր պահանջը: Իսկ հայրը պահանջել էր, որ նա վերսկսի երկնային հագուստներ հյուսել: Տեսնելով, որ դուստրը համառորեն չի կատարում իր պահանջը՝ հայրը մասնակի զիջում է կատարել՝ տարվա մեջ մեկ անգամ նրա թույլ է տվել միանալ իր սիրեկանի հետ: Այդ ժամանակից ի վեր լուսնային օրացույցի յոթերորդ ամսվա յոթերորդ օրը երկնային կաչաղակների խումբը Ծիր կաթինի վերևում իրենց թևերը տարածելով՝ դարպաս են կառուցում, որի միջով սիրեկանները՝ Վեգան (Ջուլհակը) և Ալտաիրը (Հովիվ) վերահաստատում են մեկմեկու տված սիրո երդումը: Ասում են, թե այդ օրվա առավոտյան հաճախ անձրև է մաղում: Դա Վեգայի արցունքն է, որը քնքշորեն իրեն սեղմելով երեխաներին ու բռնելով ամուսնու ձեռքը, տխուր արտասվում է: Նրանց ողբերգական բաժանումը հուզել է բոլորին և համընդհանուր կարեկցանք է հարուցել: Ահա թե ինչու ամեն տարի, լուսնային օրացույցի յոթերորդ ամսվա յոթերորդ օրը, շատ մարդիկ դրսում են մնում, որպեսզի տեսնեն Վեգա և Ալտաիր համաստեղությունները, որոնք այդ օրը, թվում է, իրար են մոտենում: Այս առասպելը, հավանաբար, Ճապոնիա է բերվել 8-րդ դարում և միահյուսվել է արքայադուստր Օտո Տանաբատայի կյանքի պատմությանը. Տանաբատան հայտնի է եղել սքանչելի դիպակներով, որոնք նա հյուսել է ի պատիվ աստվածների: Ներկայում ճապոնացիները հիշյալ տոնակատարությանը հագնում են յուկատա և զարդարում են բամբուկի տերևները: Իրենց մաղթանքներն ու ցանկությունները, երբեմն բանաստեղծության տեսքով, նրանք գրում են տանզակայի վրա և փակցնում են տերևներին: Ասում են, թե Օրիհիմեն և Հիկոբոշին կատարում են ցանկությունները: Կեսգիշերին կամ հաջորդ օրը բամբուկի ծառը նետում են գետը կամ այրում են, որպեսզի ցանկությունները կատարվեն: |